«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#63, 2010-04-09 | #64, 2010-04-10 | #65, 2010-04-13


ՍՓՅՈՒՌՔԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ

ԱՄՆ-ի Ռոդ Այլենդ նահանգում Հայոց ցեղասպանության 95-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շարքը կմեկնարկի Փրովիդենս քաղաքի Ֆայնսթայն ցուցասրահում` «Հայոց ցեղասպանության 95-ամյա տարելիցը մեր հիշողության մեջ» խորագրով ցուցահանդեսի բացմամբ: Այն հատկանշական է պատմական եւ արվեստի տեսանկյունից: Կցուցադրվեն ԱՄՆ-ի նշանավոր արվեստագետների ավելի քան 100 կտավ: Ցուցահանդեսին կմասնակցեն նաեւ շուրջ 600 պատանիներ, ովքեր ավելի քան 130 կտավներով կներկայացնեն իրենց պատկերացումներն ու մտորումները Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Կազմակերպիչները նկատում են, որ նոր սերնդի մասնակցությունը շեշտված է եւ չափազանց կարեւոր, որովհետեւ նրանք ապագայի հույսն են: «Ի՞նչ է նշանակում ինձ համար հայ լինել» հարցին գծագիր աշխատանքներով կպատասխանեն Մասաչուսեթսի մի շարք կիրակնօրյա հայկական դպրոցների աշակերտներ: Ուոթըրթաուն քաղաքում գործող ԱԼՄԱՆ (Ամերիկայի հայկական գրադարան եւ թանգարան) կազմակերպությունը կներկայացնի Հայոց ցեղասպանությանը նվիրված իր հսկայական հավաքածուն: Տեղի կունենան նաեւ ֆիլմերի դիտումներ եւ պատմական ակնարկներ:

Ցեղասպանության տարելիցին նվիված լայնածավալ միջոցառումներ կանցկացվեն նաեւ Հոլանդիայում: Ապրիլի 20-ին Het Plein հրապարակում կայանալիք ցույցի ժամանակ հոլանդահայերը կպահանջեն Թուրքիայից չուրանալ եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ Նիդեռլանդների կառավարությունից` իրագործել Ռոուվուտի առաջարկությունը, որը միաձայն ընդունել է Նիդեռլանդների խորհրդարանը 2004-ին:

«Հույժ կարեւոր է, որ հոլանդահայությունը միակամ իր սարսափն արտահայտի Հայոց ցեղասպանության եւ այն փաստի նկատմամբ, որ Թուրքիան 95 տարի հետո գարշելի կերպով հերքում եւ նսեմացնում է Հայոց ցեղասպանության եղելությունը, իսկ այդ մասին Թուրքիայում խոսելն անգամ համարվում է քրեական հանցանք: Չնայած Հայոց ցեղասպանությունը լայն ճանաչում է գտել, սակայն միջազգային հասարակությունը չի կարողացել Թուրքիային հստակ ասել, որ հերքման եւ նսեմացման գործելակերպն ընդունելի չէ եւ դրա դեմ համապատասխան միջոցներ չի կիրառել», ասված է Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի հայտարարությունում:

Ցույցի մասնակիցները մտադիր են Նիդեռլանդների իշխանություններից պահանջել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի կառուցում միջազգային օրենքի քաղաք Հաագայում:

Հիշատակի արարողություններ կանցկացվեն նաեւ Կանադայում: Կանադայի Հայկական ազգային կոմիտեի փոխանցմամբՙ ապրիլի 14-ին Օտտավայում տեղի կունենա ընդունելություն պատգամավորների եւ սենատորների համար, իսկ Թեքեյան մշակութային կենտրոնում կբացվի ցուցահանդես «Հայոց ցեղասպանության ժխտում» խորագրով:

Ապրիլի 15-ին «Ալեք Մանուկյան» կենտրոնում Հայկական բարեգործական ընդհանուր միությունում (AGBU) տեղի կունենա 1915-ին թուրքական յաթաղանի զոհեր դարձած հայ գրողների գրքերի ցուցահանդես-վաճառք: Ապրիլի 18-ին Մոնրեալում տեղի կունենա «Ապրիլի 11 հուշարձան» գրքի շնորհանդեսը, իսկ ապրիլի 21-ին Հոլոքոսթի թանգարանումՙ գերմանացի գրող եւ բանաստեղծուհի Արմինա Վագների Հայոց ցեղասպանության տարիներին արված լուսանկարների ցուցադրությունը:

Կանադայի հայ համայնքը ծրագրում է նաեւ ապրիլի 24-ին մեծ ցույց կազմակերպել Կանադայի խորհրդարանի շենքի առջեւ, բողոքի ակցիաներ Օտտավայում Թուրքիայի դեսպանատան առջեւ: Բացի այդ, Կանադայի մի շարք եկեղեցիներում կանցկացվեն հոգեհանգստյան արարողություններ 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ցեղասպանության 95-ամյակին նվիրված միջոցառումների շարքը Հալեպում սկսվել է ապրիլի 9-ին: Թեքեյան մշակութային միությունը Ս. Աստվածածին եկեղեցում կազմակերպել էր «Հայ որբերի աղերսը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Ապրիլի 14-ին նույն եկեղեցում կբացվի Հայկական ճարտարապետության ուսումնասիրության հասարակական կազմակերպության տնօրեն Սամվել Կարապետյանի «Մշակութային եղեռն» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը, իսկ ապրիլի 15-ին կկայանա նրա դասախոսությունը «Արեւմտահայաստանի մշակութային կորուստները» թեմայով:

Գերմանիկ Վասպուրական մշակութային միության գործադիր մարմինն էլ մտադրվել է հրատարակել օրացույցեր, որոց վրա պատկերված կլինեն Մեծ Եղեռնի հուշարձանն ու Ցեղասպանության 90-ամյակին նվիրված Խաչքար մանրանկարը:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4