Հայաստանը դատարկվում էՙ թե՛ ֆիզիկապես եւ թե առավել եւսՙ բարոյապես: Կարեւոր չէ, թե զանազան վիճակագրական տվյալներ ներկայացնող քանի պաշտոնյա վարժ կամ կմկմալով թվեր կներկայացնենՙ ապացուցելու համար, որ արտագաղթը նվազել է, զբոսաշրջիկները պարզապես գրոհել են Հայաստանը, համաշխարհային տնտեսական ճգնաժամը վաղուց հաղթահարված է, գյուղատնտեսությունը փթթում է, կրթությունը հասնում-անցնում է եվրոպա-ամերիկյան բոլոր չափանիշներին, թանկացումները չնչին ենՙ համեմատած հայրենի կառավարության ձեռնարկած «հակընդդեմ» ու վիթխարի քայլերիՙ ուղղված բացառապես անապահով խավի շահերի պաշտպանությանը: Արվեստները ծաղկում են, տպագիր-էլեկտրոնային մամուլն ու հեռուստատեսությունը միմիայն ճշմարիտ տեղեկատվություն են տարածում եւ հայրենասիրական-կրթական-դաստիարակչական հաղորդումներ հեռարձակում, կոռուպցիան վաղուց հաղթահարված-անցած է բոլոր օղակներումՙ դպրոցներից սկսած, պետական հիմնարկություններով վերջացրած, դատարաններն ամենաարդար ու իմաստուն վճիռներն են ընդունում, բոլորն աշխատանք ու բավարարից էլ մի բան ավելի եկամուտ ունեն: Մի խոսքովՙ ամեն ինչ շատ, շատ լավ է ու գնալով ավելի է լավանում: Իհարկե, մեր իշխանավորներն այդպես չեն արտահայտվում, բայց քնննադատությունները, որ կարծես արվում են միայն քննադատություն հնչեցնելու համար, եւ գրեթե համատարած անտարբերությունը, եթե ոչՙ անգործությունը, ավելի վատ են: Ամեն ինչ լավ է, բայց, չգիտես ինչու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ոչ միայն երջանիկ ժպիտով չեն աշխատում ի բարօրություն իրենց եւ ի փառս հայրենի տնտեսության, այլեւ կարծես թե նույնիսկ դժգոհ են. ոնց որ թե բողոքում են գների աճից, կրթությունից, աշխատանքի բացակայությունից կամ աշխատանքային իրավունքների չգոյությունից, կեղծիքներիցՙ համատարած կեղծիքներիցՙ լինեն դրանք հերթական-արտահերթ ընտրություններում, թե հեռուստատեսությամբ, միջազգային ատյաններում, թե հայրենի ամբիոնների մոտ: Կեղծիքներ միջանձնային-միջխավային հարաբերություններում, կեղծիքներՙ նույնիսկ եկեղեցում, նույնիսկՙ աղոթքի ժամանակ: Անկեղծ են միայն մռայլությունն ու մղումը դեպի փողըՙ մեկըՙ ծայրը ծայրին հասցնելու ցանկությունից դրդված, մյուսըՙ խելքից դուրս ունեցածին էլի ու էլի ավելացնելու մոլուցքին վաղուց ու անհուսորեն գերի դարձած:
Ժամանակը չէ՞ կանգ առնելու: Թե՞ արդեն վաղուց եւ անդառնալիորեն կորսված է հնարավորությունը, եւ մնում է պարզապես հետեւելՙ որը սրտի ցավով, որըՙ վիճակագրի չորությամբ, թե ինչպես է դատարկվում Հայաստանը: Նախ եւ առաջՙ բարոյապես:
ԱՐԾՐՈւՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ, Report.am