«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#65, 2010-04-13 | #66, 2010-04-14 | #67, 2010-04-15


ՎԱՇԻՆԳՏՈՆՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԱՐՁԱՆԱԳՐԵՑ ՀԵՏՔԱՅԼ

Վաշինգտոնում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի միջեւ կայացած հանդիպման վերաբերյալ երեկ տեսակետներ հայտնեցին քաղաքական գործիչներն ու փորձագետները:

«ժառանգություն» կուսակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը համոզված է, որ հարաբերությունները վերջնականապես մտան փակուղի: «Վաշինգտոնյան հանդիպման արդյունավետությունը կասկածի տակ եմ դնում, քանի որ ամեն ինչ որոշվում է մինչեւ հանդիպումները»: Նա նկատում է, որ եթե կողմերի նպատակը սահման բացելն ու դիվանագիտական հարաբերություններ հաստատելն է, ապա ավելորդ եւ անտեղի են արձանագրություններում սահմաններին եւ Ղարաբաղի խնդրին վերաբերող կետերը: Ալավերդյանը վստահ է. գործընթացը բացասական է անդրադարձել Ցեղասպանության ճանաչման գործընթացի վրա, եւ կարելի էր սպասել ճանաչման ավելի մեծ ալիք, քան Շվեդիայի խորհրդարանն ու ԱՄՆ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը:

Ալավերդյանը վստահ է, որ եթե ապրիլի 24-ին Օբաման արտասանի «ցեղասպանություն» բառը, դա դեռեւս չի նշանակում ճանաչել: Նա ԱՄՆ նախագահի ցեղասպանություն բառի արտասանությանը մեծ նշանակություն չի տալիս. կարեւորը Կոնգրեսի 252-րդ բանաձեւի ընդունումն է:

ՀՀ Աժ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ անդամ Հրայր Կարապետյանը բարձր գնահատեց նախագահի Վիլսոնի գերեզմանի մոտ արած հայտարարությունը, որը փաստեց, որ Հայաստանն ու սփյուռքը միասնական են: Թեպետ Դաշնակցությունը գոհ է նախագահի ելույթից, սակայն դա չի նշանակում, որ ՀՅԴ-ն կվերադառնա իշխանություն, ընդհակառակը, կշարունակեն ընդդիմության դիրքերից խոսել ոչ միայն արտաքին քաղաքականության, այլեւ սոցիալական հարցերի շուրջը:

Եթե որոշ վերապահումներով նախագահից գոհ են, ապա ԱԳՆ նախարար Էդվարդ Նալբանդյանը դեռ շարունակում է գտնվել դաշնակցական յուրաքանչյուր ներկայացուցչի քննադատության կենտրոնում: Նրանք շարունակում են պահանջել նախարարի հրաժարականը: Այս անգամ չի գոհացրել ԱԳՆ լուռ պահվածքը: «Նալբանդյանն արձագանքեց Թուրքիայի վարչապետ Էրդողանի` հայերին արտաքսելու հայտարարությանը միայն խորհրդարանում վարչապետի ելույթից եւ քննադատությունից հետո»:

Կարապետյանը վստահ է, որ գործընթացից դուրս գալու լավագույն պահը բաց ենք թողել: «Հայաստանն այն ժամանակ պետք է դուրս գար, երբ Էրդողանը խոսեց 100.000 հայերի արտաքսման մասին, սակայն դեռ ուշ չէ. եթե մինչեւ ապրիլի 24-ը հայ-թուրքական հարաբերություններում բեկում չնկատվի, ապա Հայաստանը պետք է հրաժարվի այդ հարաբերություններից»:

Թուրքագետ Արտակ Շաքարյանի մեկնաբանությամբՙ վաշինգտոնյան հանդիպումը հետքայլ էր: Նախագահի եւ վարչապետի 75 րոպեանոց հանդիպումից հետո բացակայող հստակ արդյունքները, հանդիպման ընթացքում համընդհանուր սառը մթնոլորտն ու կողմերի հայտարարությունները թույլ չեն տալիս թուրքագետին հանդիպումը անվանել մեկ քայլ առաջ: «Անցել է Թուրքիային ձեռնտու տարբերակը, իսկ Հայաստանին բավարարող տարբերակը, հատկապես սահմանի բացումն ու դիվանագիտական հարաբերությունների կարգավորումը, ձեռք բերված կամ հետաձգված չէ, կարելի է ասել, որ կարճ ժամանակահատվածում հստակ հետքայլ է կատարվել»:

Արձանագրությունները մոտ ժամանակահատվածում չեն վավերացվի, ինչը հնարավորություն կտա Հայաստանին Թուրքիային մեղադրել անհետեւողականության մեջ: Վաշինգտոնյան հանդիպումը ձեռնտու էր ԱՄՆ-ին: Օբաման երկրորդ անգամ չի արտասանի Ցեղասպանություն բառը եւ դրա համար ունի հիմնավորում. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է, հետեւաբար Կոնգրեսում 252-րդ բանաձեւի ընդունումն ու «ցեղասպանություն» բառի օգտագործումը կխոչընդոտեն այդ հարաբերությունները:

Արեւելագետ Ռուբեն Սաֆրաստյանն էլ վերլուծելով Վուդրո Վիլսոնի գերեզմանի մոտ նախագահի արած հայտարարությունը, նշում է, որ Հայաստանը չի գնա որեւէ զիջման ոչ Լեռնային Ղարաբաղի հակամարտության, ոչ էլ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: «Այդ ուղղությամբ Հայաստանի վրա ճնշում գործադրելու թուրքական կողմի փորձերն անօգուտ են: Նախագահի հայտարարությունից բխող երկրորդ կարեւոր եզրակացությունն ինձ համար այն է, որ Հայաստանն ու Սփյուռքը համերաշխ են ու կշարունակեն միասնական գործել Ցեղասպանության ճանաչման եւ հայերին հուզող բոլոր հարցերում»:

Վերլուծելով Էրդողանի` Մեյսոնի համալսարանում արած հայտարարությունը, Սաֆրաստյանը փաստում է, որ թուրքական կողմը Հայաստանի հետ փորձում է խոսել նախապայմանների լեզվով: «Եթե հաշվի առնենք, որ ՀՀ նախագահը կրկին հայտարարել է, որ Հայաստանը գործողությունների նման ձեւ չի ճանաչում, կարելի է հետեւություն անել, որ կողմերը մնում են նախկի դիրքորոշմանը»:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4