«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#66, 2010-04-14 | #67, 2010-04-15 | #68, 2010-04-16


ԹՈՒՐՔԻԱՆ Ի՞ՆՔԸ ՊԻՏԻ ՈՐՈՇԻ ԻՆՉՊԵՍ ԿՈՉԵԼ «ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

«Դոյչե վելլեն» հաղորդում է, թե Նոբելյան մրցանակակիր Գյունտեր Գրասը Ստամբուլում թուրք գրող Յաշար Քեմալի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Թուրքիայից պահանջել է ճանաչել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի դեմ կատարված ոճրագործությունը:

Դա կլինի Եվրոպային ուղղված կարեւորագույն քայլ, ասել է գերմանացի գրողը: Գերմանական մեկ ուրիշՙ N24 լրատվական հեռուստաալիքի հաղորդմամբ, Գրասը հիշեցրել է, թե ինչպես Գերմանիան, այնպես էլ Թուրքիան պատմական ծանր բեռ ունեն: Ակնարկելով դաշնային նախկին կանցլեր Վիլլի Բրանդտիՙ 1970-ին Վարշավայի գետտոյի հուշարձանին ծնրադրման օրինակը, գերմանացի գրողն ասել էՙ ժամանակն է, որ Թուրքիան էլ նմանատիպ ժեստ անի:

Հայերը, ինչպես նաեւ միջազգային հետազոտողներ, հայերի կոտորածները որպես Ցեղասպանություն են բնորոշում, մի եզրաբառ, որ Թուրքիան կտրուկ մերժում է, իրազեկում է N24-ը: Ըստ նույն աղբյուրի, Գրասը շեշտել է, թե ինքը գիտակցված եզրաբառը չի գործածում, որովհետեւ Թուրքիան ինքը պիտի որոշի ինչպես կոչել իրադարձությունները: Գրողը այնուհետեւ հիշեցրել է, թե Գերմանիայում էլ նացի անցյալը պարզաբանելը հեշտ չի եղել, եւ կփափագեր, որ Թուրքիան էլ շրջանցեր իր տաբուները:

Գրասը Ստամբուլում է գտնվել Գյոթե ինստիտուտի կազմակերպած գրական հանդիպումների ծրագրի շրջանակներում:

Մեր կողմից ավելացնենք, որ զարմանալի է, որ հենց Գրասն է նման արտահայտության հեղինակը, մի գրող, որ բազմիցս է Հայոց ցեղասպանության հանդեպ հստակ դիրքորոշում հայտնել: Մեր հարցին ի պատասխանՙ Բոխումի Սփյուռք եւ Ցեղասպանություն ինստիտուտի տնօրեն Միհրան Դաբաղն էլ իր զարմանքը փոխանցեցՙ «Ինչպե՞ս կարելի է դահիճի՛ն տալ սահմանելու իրավունք»:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4