Հայտարարել է վարչապետ Էրդողանը լրագրողներինՙ նախագահ Օբամայի հետ հանդիպումը պարզաբանելիս
Ապրիլի 13-ին Վաշինգտոնում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպեց ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ, իսկ հաջորդ օրը ուղեւորվեց Անկարա: «Ազգը» նախորդ համարում, հիմք ընդունելով թուրքական մամուլի տեղեկությունները, լուսաբանել է հանդիպումը: Երեկ «Հյուրիեթն» էլ անդրադարձավ Օբամա-Էրդողան հանդիպման մասին Սպիտակ տան ապրիլի 14-ի հաղորդագրությանը, որտեղ մասնավորապես ասված է. «Նախագահ Օբաման Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման ջանքերի համար իր աջակցությունն ու գոհունակությունը հայտնեց վարչապետ Էրդողանին եւ հորդորեց վարչապետին, որ հանուն ապագա սերունդների շարժվի արձանագրությունների վավերացման ճանապարհով»:
Թեեւ Թուրքիայի վարչապետարանը հանդիպման առնչությամբ որեւէ հաղորդագրություն չի տարածել, սակայն Վաշինգտոնից վերադարձին ինքնաթիռում թուրքական կենտրոնական 6 թերթերի ներկայացուցիչներին տված պարզաբանումներով վարչապետ Էրդողանն անձամբ գնահատել է այդ հանդիպումը:
Ներկայացուցիչների թվում է եղել նաեւ «Սաբահի» հեղինակ Էրդալ Շաֆաքը , որն իր թերթի երեկվա համարում հարցազրույցի տեսքով շարադրել է Թուրքիայի վարչապետի պարզաբանումները: Դրանք հետաքրքրական են, հատկապես ԱՄՆ նախագահի հետ հանդիպմանն ու Հայաստանին առնչվող հատվածը, որտեղ Լեռնային Ղարաբաղի հետ արծարծվում է նաեւ հարակից շրջանների հարցը: Ուստի թարգմանաբար ներկայացնում ենք:
- Վաշինգտոն կատարած Ձեր այցելությունը չի՞ հանգեցրել Հայաստանի հետ հարաբերություններում որեւէ փոփոխության:
- Կցանկանայինք, որ շատ ավելի մեծ լինի առաջխաղացումը: Սակայն Հայաստանը պատրաստ չէ դրան: Նախ ես Սարգսյանին հղած նամակում ասել եմ. «Թուրքիան ուրիշներին հիշողության սեփական գրանցումներ պարտադրելու մտադրություն չունի, սակայն ոչ ոք թող չփորձի իր հիշողությունը պարտադրել Թուրքիային»: Երկրորդՙ մենք հարգում ենք պարտավորվածություններին հավատարմության սկզբունքը: Հետամուտ ենք մեր ստորագրությանը: Նրանք ուզում են առանց նախապայմանի: Թեեւ արձանագրությունների տեքստում պարզորոշ նշված չէ, սակայն օգտագործվում է «տարածաշրջանային խաղաղության ամրապնդման հետ է կապված (հայ-թուրքական նորմալացումը)» արտահայտությունը: Այս արտահայտությունն ինքնին օրակարգային է դարձնում Ղարաբաղի հարցը: Իրականում խնդիրը բուն Ղարաբաղը չէ, այլ հարակից շրջանները (ծանոթ. հայկական օկուպացիայի տակ գտնվող ադրբեջանական վարչական յոթ միավորներ): Եթե առաջին փուլում այս շրջաններից գոնե երկուսը վերադարձվի, ապա կբացվի գործընթացի (նորմալացման) ճամփան: Նրանց մտադրությունը Ղարաբաղի հայկական տարածք լինելը ադրբեջանցիներին պարտադրելն է: Մինչդեռ ադրբեջանցիները չեն առարկում հայերի բնակությանը Ղարաբաղում: Ասում են, որ Ղարաբաղի կարգավիճակի որոշումը այսօրվա խնդիր չէ, դա կարելի է քննարկել 10-15 տարի հետո: Այսինքն եթե լուծվի հարակից շրջանների հարցը ե՛ւ նեղությունները կնվազեն Թուրքիա-Հայաստան հարաբերություններում, ե՛ւ կթուլանա լարվածությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ:
- Որո՞նք էին Օբամայի հետ Ձեր հանդիպման ծանրակշիռ թեմաները:
- Հայաստանն ու Իրանը: Սակայն Իրանը գագաթաժողովում (միջուկային անվտանգության) օրակարգի հարց չդարձավ: Մենք ի սկզբանե կողմնակից ենք, որ Իրանի միջուկային ծրագրի հարցը լուծվի բանակցությունների միջոցով: Մեզ հետ համամիտ է նաեւ Բրազիլիան: Սակայն, որքան հայտնի է, ԱՄՆ-ը Իրանի նկատմամբ շուտափույթ նոր պատժամիջոցներ կիրառելու ձգտում ունի: Շուտով, ըստ երեւույթին, նորից Թեհրան կգործուղենք արտգործնախարար Դավութօղլուին:
Հ. Չ.