«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#66, 2010-04-14 | #67, 2010-04-15 | #68, 2010-04-16


ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆԸ ԿՏԱՊԱԼՎԻ, ԵԹԵ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԿՍԻ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն (ՌԱՀՀԿ) Ռիչարդ Կիրակոսյանը ` վերլուծելով ՀՀ նախագահի վաշինգտոնյան այցն ու Սարգսյան-Էրդողան հանդիպումը, կարեւոր է համարում, որ ԱՄՆ մայրաքաղաքում չքննարկվեցին հայ-թուրքական արձանագրությունները: Փաստն արժեւորում է այն կապակցությամբ, որ վաշինգտոնյան հանդիպումը հայ-թուրքական հարաբերությունները փակուղուց դուրս բերելու փորձ էր, ինչն իր հերթին ազդարարեց, որ արձանագրություններն այժմյան վիճակով մահացած են:

Ըստ նրա, հանդիպումը հայկական կողմի համար բարեհաջող էր, այլապես թուրքական եւ ամերիկյան հակազդեցության տեղատարափ կլիներ: Կիրակոսյանի մատուցմամբՙ հայ-թուրքական գործընթացը կշարունակվի: Դա է փաստում նաեւ երկու երկրների ԱԳՆ ղեկավարներին ուղղված հանձնարարականը` բանակցել եւ փորձել դուրս գալ փակուղային իրավիճակից: Գործընթացը դառնում է վտանգավոր. վաշինգտոնյան հանդիպումն ազդարարեց, որ հայ-թուրքական բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի նման դառնում են գաղտնի:

Փորձագետը համոզված է, որ Թուրքիան Վաշինգտոնից գնում է թուլացած դիրքերով: Դա են փաստում ամերիկյան կողմի անդադար ճնշումները Թուրքիայի վրա:

«Ապրիլի 24-ից գրեթե երկու շաբաթ առաջ տեղի ունեցած վաշինգտոնյան հանդիպումը Թուրքիայի համար վերջին հնարավորությունն էր: Սրանից հետո Թուրքիայի համար նոր փորձաշրջան կսկսվի: Օբամայի խորհրդականը էրդողանին ասաց, որ սա երկրորդ եւ վերջին հնարավորությունն է: Թուրքիան վտանգավոր խաղ է խաղում: Նրա ակնկալիքները բարձրացել են, ինչի հետեւանքով կարող է կորցնել ունեցածն ու հայտնվել ավելի վատ վիճակում»:

Կիրակոսյանը նկատում է, որ Սարգսյան-Էրդողան հանդիպման ամերիկյան գերնպատակներից էր մեկ քայլ առաջ անցել Ռուսաստանից եւ նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը: Փորձագետի բնորոշմամբՙ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ամերիկյան հետաքրքրվածության երկրորդ պատճառն ավելի ցինիկ է եւ մեծ հաշվով կապված է ԱՄՆ-ի ազգային շահի հետ:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան խնդրին, Կիրակոսյանը վստահ էՙ անհնար է, որ Թուրքիան Ղարաբաղի հարցում պահանջներ ներկայացնի:

Նա ուշադրության է հրավիրում, որ ԱՄՆ-ն հենց հանդիպումից առաջ որոշեց գագաթաժողովին չհրավիրել Ադրբեջանին, մինչդեռ Ադրբեջանն Իրանի հարեւանն է, իսկ գագաթաժողովի հիմնական թեման նվիրված էր Իրանում միջուկային զենքի ստեղծմանը:

«Բաքվին չհրավիրեցին, որպեսզի չխանգարի Երեւանի եւ Անկարայի բանակցություններին»:

Ղարաբաղյան հարցը դուրս է հայ-թուրքական հարաբերությունների համատեքստից, սակայն «Ադրբեջանը կարող է սպանել հայ-թուրքական հարաբերությունները, եթե ռազմական գործողություններ իրականացնի Ղարաբաղի ուղղությամբ: Խնդիրն այստեղ այն է, որ չկա ռազմական փոքր կամ կարճատեւ օպերացիա, վերահսկելը դժվար է եւ կարող է հասնել լայն մասշտաբների: Աշխարհն այս վտանգը տեսնում է, Արեւելքն ու Արեւմուտքը դա չեն ցանկանում: Խնդիրն այն է, որ Ադրբեջանի ներկայիս իշխանությունները ոչնչով չեն տարբերվում Վրաստանի իշխանություններից, եւ կարող է կրկնվել 2008-ի օգոստոսյան սցենարն ու Սաակաշվիլու պես Ալիեւի վրա էլ կարող են գործադրել ճնշումներ»:

Այս առումով ՌԱՀՀԿ տնօրենը բարձր գնահատեց ու կարեւորեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պատրաստվածությունն ու վերջին ժամանակահատվածում նրա գործողությունները` լավագույն կերպով ու փաստերով ցույց տալով, թե որքան ուժեղ է հայկական կողմը:

«Պատահական չէ, որ Հայաստանը ադրբեջանցի ռազմագերիներին հետ ուղարկեց: Ադրբեջանում մեծամասնությունը գիտակցում է, որ պատերազմի վերսկսվելու դեպքում իրենք պարտություն կկրեն: Սակայն Ադրբեջանում համապատասխան գերատեսչություններն ու հատկապես պաշտպանության նախարարությունը ոչ թե գիտակից մարդիկ են ղեկավարում, այլ Սաֆար Աբիեւի պես տխմարները, որոնք ոչինչ չեն հասկանում»:

Թեպետ Ադրբեջանում գիտակցում են, որ հայկական կողմն ավելի ուժեղ է, այնուամենայնիվ, տարածաշրջանում ռազմական ապագան Ադրբեջանի ձեռքում է: Ադրբեջանի ներկայիս կացությունը Կիրակոսյանը համեմատեց Սադդամ Հուսեյնի ղեկավարած Իրաքի հետ. պատրաստվում են ոչ թե հաջորդ, այլ վերջին պատերազմին. մինչդեռ Հայաստանը պատրաստվում է ապագայի պատերազմին:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4