«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#66, 2010-04-14 | #67, 2010-04-15 | #68, 2010-04-16


ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸՙ ԱՐՏԱՑՈԼՎԱԾ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Հայոց ցեղասպանության 95-ամյա տարելիցի կապակցությամբ հրատարակվել է սիրիահայ հեղինակ Ավո Գաթրճյանի «Հայոց ցեղասպանութեան ազդեցութիւնը երգ-երաժշտութեան վրա» գիրքը: Ուսումնասիրելով Հայոց ցեղասպանության արտացոլումը երաժշտության տարբեր ժանրերում, հեղինակը ներկայացնում է նյութեր, որոնք պատմավավերագրական կարեւոր աղբյուրներ են, մանավանդ, դրանք ընդգրկված են զանազան վավերագրական ֆիլմերում:

Գրքի ստեղծման աշխատանքներն ընթացել են շուրջ 10 տարի: Հեղինակն ուսումնասիրել է ավելի քան 200 երգ` օսմաներեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, պարսկերեն, հայերեն, արաբերեն լեզուներով:

Ներկայացված են հատվածներ երաժշտական ամենատարբեր ժանրերից ու ֆիլմերից:

Հիմնվելով վերապրողների վկայությունների վրա, հեղինակը բացատրում է, թե ինչպես է հայ ժողովուրդը երգերում արտահայտել նախացեղասպանության դեպքերը: Հեղինակը կենտրոնացել է նաեւ հետցեղասպանության հանգրվանի վրա: Հատկանշական է, որ այս ժամանակահատվածում հայերն իրենց ցավը երգել են ոչ միայն հայերեն, այլեւ բազմաթիվ օտար լեզուներով:

«Երգն ու երաժշտությունը մեր կյանքի հիմնական բաղադրիչներից եւ արտահայտչամիջոցներից են: Երաժշտության շնորհիվ են արտահայտում հոգին փոթորկող ապրումները` հույզեր, ողբ, ցավ, վիշտ, պոռթկում, բողոք, ուրախություն, սեր: Գրքում ներկայացված երաժշտական ստեղծագործությունները կապացուցեն, որ Հայոց ցեղասպանությունը վավերագրված եւ արտացոլված է երգ-երաժշտության մեջ», ասում է հեղինակը:

Գրքի ստեղծման նպատակով Գաթրճյանը համագործակցել է բազմաթիվ արվեստագետների, բեմադրիչների, մեկնաբանների, հայտնի հեղինակների հետ, ովքեր երգերի համար գրում են խոսքեր, որպեսզի գիրքը լինի ավելի բովանդակալից, մեկնաբանությունները` լիարժեք:

Գիրքը բաղկացած է 600 էջից: «Հետցեղասպանության ժողովրդական եւ ժամանակակից երգ-երաժշտություն», «Վերապրողների հուշեր», «Ցեղասպանության ենթարկված շրջաններին նվիրված երգեր», «Օտարները, որոնք երգում են Հայոց ցեղասպանության մասին», «Հայոց ցեղասպանությունը դասական երաժշտության մեջ» եւ այլ բաժիններում հեղինակը ներկայացնում է հայ ժողովրդի ցավն ու տառապանքը հնչյունների լեզվով:

Ուսումնասիրության նպատակն է վերլուծել, թե տասնամյակների ընթացքում Ցեղասպանություն հասկացությունը ինչպես է ներկայացվել երաժշտության մեջ: Գիրքն ապացուցում է, որ աշխարհի բազմաթիվ երկրներում հնչել են Ցեղասպանության վերաբերյալ երգերը, ինչը նպաստել է, որպեսզի օտարները ոչ միայն ծանոթանան հայ ժողովրդի պատմության ամենադաժան էջերին, այլեւ աշխարհի բազմաթիվ երկրներում ճանաչվի Հայոց ցեղասպանությունը:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4