«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#67, 2010-04-15 | #68, 2010-04-16 | #69, 2010-04-17


ՕԲԱՄԱՅԻ ԱՊՐԻԼԻ 24-Ի ԵԼՈՒՅԹԻՑ ՀԵՏՈ ԷՐԴՈՂԱՆԸ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ՆԱԽԿԻՆ ԴԻՐՔԻՆ

Նախագահ Սերժ Սարգսյանի վաշինգտոնյան այցը, հանդիպումները ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ թուրքագետ, «Ազգ» օրաթերթի քաղաքական մեկնաբան Հակոբ Չաքրյանը գնահատում է դրական եւ հաջողված: Գլխավոր նախապայմանը միջազգային իրավիճակն էր, որ խոսում էր մեր օգտին: Սարգսյանը Վաշինգտոնում ներկայացավ ավելի նպաստավոր պայմաններում, քան Էրդողանը: Թուրքերը հանդիպմանը երկու առաջադրանք էին դրել` ստիպել Հայաստանին ղարաբաղյան խնդիրն ընդունել նախապայման հայ-թուրքական հարաբերությունների առաջխաղացման գործընթացում եւ պարտադրել հայկական կողմին` զիջումներ անել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում, ինչին նախագահը բացասական պատասխան տվեց: Նույն առաջադրանքը Էրդողանը ներկայացրեց նաեւ Օբամային ու ստացավ մերժում: Նա հիշեցնում է, որ դեկտեմբերին Վաշինգտոն այցելության ժամանակ Օբաման էրդողանին ասել էր, որ հայ-թուրքականը առնչություն չունի ղարաբաղյան հարցի հետ: Նույնը կատարվեց Կրեմլում. ՌԴ վարչապետ Պուտինը հստակ հայտարարեց` գործընթացները չպետք է շաղկապել: Այս ֆոնի վրա Վաշինգտոնում Էրդողանի դիրքն ավելի անբարենպաստ էր:

Ըստ թուրքագետի, վաշինգտոնյան հանդիպումից հետո Հայաստանը չպետք է քայլեր ձեռնարկի: «Հայաստանն իր ստանձնած պարտավորությունները կատարել է: Եթե հայկական կողմը արձանագրությունները վավերացնի` սխալ քայլ չի կատարի, որովհետեւ թուրքերը կկանգնեն փաստի առաջ, քանի որ միջազգային ուժերի շահագրգռվածությունը մեծ է: Եթե մի կողմը վավերացնում է, մյուսը` հրաժարվում, ձախողման դեպքում պատասխանատվությունը չվավերացնող կողմի վրա է ընկնում», «Տեսակետ» մամուլի ակումբում ասաց նա:

Մի շարք քաղաքագետներ, հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց չնկատելով, կարծիք էին ներկայացրել, որ արձանագրությունները պետք է հետ կանչել: Այս դիտարկմանը թուրքագետը համամիտ չէ:

«Կդառնանք միջազգային քննադատությունների եւ ճնշման թիրախ: Եթե արձանագրությունները հետ կանչենք, դա ի՞նչ է տալու հայկական կողմին: Թուրքական կողմը թող մերժի, իսկ մենք մեր ասածից չենք հրաժարվում, հայկական կողմը պարտավորությունները կատարել է եւ սպասում է հակառակ կողմի քայլին: Ինչո՞ւ հետ կանչենք: Եթե հետ կանչենք, թուրքերը ձախողման մեջ կմեղադրեն մեզ` ասելով, որ իրենք պատրաստակամ էին, հայկական կողմը ձախողեց»:

Վերլուծելով իրավիճակը` Չաքրյանը փաստում է. վաշինգտոնյան հանդիպումից հետո որեւէ լուրջ, նկատելի տեղաշարժ չի լինի: «Հայ-թուրքական արձանագրությունները փակուղային իրավիճակում են, հարաբերությունների նորմալացման գործընթացը վերադառնում է ելման կետ: Փրկելու փորձ արվեց, բայց չեմ կարծում, որ այն հաջողություն կբերի: Հարցին կարելի է հստակ պատասխանել Օբամայի ապրիլի 24-ի ելույթից հետո: Ենթադրում եմ, որ Էրդողանը կվերադառնա իր նախկին դիրքին»:

Թուրքագետը զարմանում է, երբ կարդում է, որ քաղաքագետները կանխատեսումներ են անում` արդյոք Օբաման կարտասանի՞ «ցեղասպանություն» բառը: Նրա դիտարկմամբՙ դա ընդամենը շառլատանություն է:

«Ոչ ոք չի կարող հիմնավորել, թե ինչ կասի Օբաման: Առանց հիմնավորման կարծիքը վերածվում է ենթադրության, ինչի հիման վրա ոչ թե կանխատեսում են անում, այլ` կանխագուշակում: Բազմաթիվ քաղաքագետներ կանխատեսումը կանխագուշակումից չեն տարբերում», ասում է նա:

Չաքրյանը նկատում է, որ ապրիլի 24-ը 2010-ով չի վերջանում, մինչդեռ Թուրքիայի հակահայկական քաղաքականությունն ու ժխտողական դիրքերը նահանջում են ու սպառվում: «Եթե այս տարի Օբաման չարտասանի «ցեղասպանություն» բառը, մյուս տարի թուրքերը նոր գլխացավանքի առաջ են կանգնելու եւ երկրում խուճապի նոր ալիք է բարձրանալու»:

Պատմաբան Ստեփան Ստեփանյանը , խոսելով պահանջատիրության մասին, նկատեց, որ հետագա ցեղասպանությունները կանխելու համար պետք է վերացնել նախորդների հետեւանքները: «Նահատակներին չես վերակենդանացնի, բայց կորցրած հայրենիքից չես կարող հրաժարվել: Կորցրած հայրենիքը պետք է վերադարձվի: Միչեւ ե՞րբ պետք է Մասիսը` մեր խորհրդանիշը, մնա այնտեղ: Անհնար է հրաժարվել մեր արդարացի պահանջներից», ասաց նա:

Չաքրյանը նկատում է, որ հողային պահանջները շատ դժվար են լուծվում: Նա օրինակ է բերում արաբա-իսրայելական եւ կիպրական խնդիրները, որոնք արդեն մի քանի տասնամյակ չեն լուծվում: «Ներկա պահին արդյոք նպատակահարմա՞ր է բարձրացնել պահանջատիրության խնդիր: Այն կարելի է բարձրացնել, երբ Ցեղասպանության ճանաչումը լինի լիարժեք. գոնե ԱՄՆ-ն, Գերմանիան ու Անգլիան էլ ճանաչեն: Եթե առանց միջազգային աջակցության պահանջատիրության հարց բարձրացնենք, տանուլ կտանք: Միջազգային իրավիճակի առանձահատկություններն էլ պետք է նպաստավոր լինեն: Պետք է հասկանանք` որո՞նք են հաջորդ քայլերը: Միայն պահանջելով հարցը չի լուծվի: Եթե պահանջենք մեր հողերը Սեւրի պայմանագրի դրույթներով, նրանք էլ կարող են պահանջել Ալեքսանդրապոլի պայմանագրի դրույթները: Պահանջատիրություն դնելու դեպքում այն երկրները, որ պատրաստ էին ճանաչել Ցեղասպանությունը, կմտածեն, որ Թուրքիայի հետ կբախվեն ավելի մեծ պրոբլեմների եւ կհրաժարվեն ճանաչել: Պահանջատիրության ժամանակը դեռ չի եկել: Հետեւանքները պետք է լրացվեն, բայց պետք է ելնել Հայաստանի կարողություններից եւ միջազգային իրավիճակի առանձնահատկություններից: Չի կարելի առանց հաշվարկման քայլեր իրականացնել»:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նկար 1. Ստեփան Ստեփանյան, Հակոբ Չաքրյան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4