«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#67, 2010-04-15 | #68, 2010-04-16 | #69, 2010-04-17


ԱՊՐԻԼԻ 28-ԻՆ ԻՍՐԱՅԵԼԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԿՔՆՆԱՐԿԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ

Izrus.co.il-ի տեղեկացմամբՙ Իսրայելի «Մերեց» խորհրդարանական խմբակցության նախագահ Հայիմ Օրոնը ապրիլին Քնեսեթում քննարկման կդնի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:

Քանի որ ապրիլի 24-ը շաբաթ է, Օրոնը մտադիր է Ցեղասպանության թեմայի քննարկմամբ զբաղվել ապրիլի 28-ին` խորհրդարանական արձակուրդից հետո: «Մշտապես կապի մեջ եմ հայկական կազմակերպությունների հետ, բայց այս տարի կառավարությունը Հայոց ցեղասպանության հարցն ավելի շուտ կթաղի, քան նախորդ անգամ: Այժմ բանակցային գործընթաց է Երեւանի եւ Անկարայի միջեւ, եւ շատերը խորհուրդ են տալիս չմիջամտել, չխանգարել նրանց: Ես կապ չեմ տեսնում 95-ամյա վաղեմությամբ դեպքերի եւ տարածաշրջանի ներկայիս աշխարհաքաղաքականության միջեւ, բայց դա է իրականությունը», հայտարարել է Օրոնը:

Ի դեպ, կոալիցիայի ղեկավարի պաշտոնում Զեեւա Էլկինի («Լիկուդ») նշանակումից հետո Օրոնը Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարում կորցրել է իր դաշնակցին:

«Նախկինում նա գլխավորում էր «Իսրայել-Հայաստան» միջխորհրդարանական խումբը, իսկ այժմ կտեսնենք, թե ինչ ճնշում կգործադրեն նրա վրա կոալիցիայի մյուս անդամները: Շուտով ես նրա հետ կխոսեմ... Չնայած Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կտրուկ վատթարացմանը եւ շատերի ցանկությանը` վնասելու Անկարային, ես հոռետեսորեն եմ տրամադրված», եզրափակել է նա:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4