«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#67, 2010-04-15 | #68, 2010-04-16 | #69, 2010-04-17


ԿՈՒԲԱՆԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԿՈՉԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

Ինչպես տեղեկանում ենք Arunion.info կայքէջից, Կուբանում ապրող տարբեր ժողովուրդների միավորումները ներկայացնող 24 հասարակական կազմակերպությունների ղեկավարներ դիմում-կոչ են հղել Թուրքիայի կառավարությանը: Այդ կազմակերպությունների մեջ կան ռուսների, կազակների, ասորիների, հույների, լեզգիների, քրդերի, դաղստանցիների, օսերի, աբխազների, գնչուների, բաշկիրների, հրեաների, սիրիացիների, գերմանացիների, թաթարների, հայերի հասարակական, մշակութային միավորումներ:

Փաստաթղթում նշվում է, որ Ռուսաստանի Դաշնությունն աշխարհի առավել բազմազգ պետություններից մեկն է, որտեղ վաղուց կողք-կողքի ապրում են տարբեր ազգությունների եւ դավանանքների մարդիկ, չենթարկվելով հալածանքների:

Թուրքիան շատ ժողովուրդների համար հայրենիք է, բայց այնտեղ զգալի է ազգային եւ կրոնական խտրականությունը: Դա խոչընդոտում է իրոք ժողովրդավարական հասարակության ստեղծմանը, որը հիմնված կլիներ ժողովուրդների բարեկամության եւ փոխվստահության վրա:

Թուրքիայի ժողովուրդների փոխհարաբերություններում հետագա թյուրիմացությունները բացառելու համար երկրի կառավարությունը եւ խորհրդարանը պարտավոր են արդարացի գնահատել 1915-1923 թթ. իրադարձությունները, դատապարտել ազգային հողի վրա բնիկ ժողովուրդների բնաջնջումը եւ մեղա գալ միլիոնավոր անմեղ զոհերի հիշատակի առջեւ:

20-րդ դարի առաջին Ցեղասպանությանՙ հայերի Մեծ եղեռնի անպատիժ մնալը հիտլերյան Գերմանիայում օրինակ ծառայեց ուրիշ ժողովուրդների, մասնավորապես, հրեաների հանդեպ նույնպիսի վայրագություններ կատարելու համար: Նոր Գերմանիայի ղեկավարությունը բավականաչափ մարդկային եւ արի գտնվեց պետության պատմության այդ խայտառակ փաստը խոստովանելու եւ հրեշավոր ոճիրներ գործած գերմանացիների փոխարեն պաշտոնապես ներողություն խնդրելու համար:

Ցեղասպանությունը դատապարտող ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովի 1946 թ. դեկտեմբերի 11-ի բանաձեւը, ինչպես նաեւ Ցեղասպանությունը կանխելու եւ դրա համար պատժելու վերաբերյալ 1948 թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովի ընդունած կոնվենցիան հենց համաշխարհային ընկերակցության հակազդեցույթունն էին Հայոց ցեղասպանության (Օսմանյան Թուրքիա) եւ հրեաների ողջակիզման (Գերմանիա) կապակցությամբ: Տվյալ փաստաթղթերի անանց նշանակության պերճախոս վկայությունն է այն փաստը, որ դրանք ընդունվել են նույնիսկ Մարդու իրավունքների հռչակագրից առաջ:

Կուբանի ժողովուրդների հասարակական կազմակերպությունների ղեկավարները Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի նախօրեին Թուրքիայի կառավարությանը կոչ են անում խոստովանել այդ փաստը, չխանգարելով պատմական ճշմարտության հաղթանակին եւ նպաստելով Մերձավոր Արեւելքում ու Հարավային Կովկասում հաշտության ու համաձայնության հաստատմանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4