Ինչպես արդեն գիտենք, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը օրերս գոհունակություն հայտնեց Մինսկի խմբի գործունեության վերաբերյալ` նշելով. «Այժմ բանակցությունները թեւակոխել են վճռական փուլ, եւ Մինսկի խմբի համանախագահները համոզում են Երեւանին ընդունել վերջին առաջարկությունները, որոնց Ադրբեջանը համաձայն է»: Մինսկի խմբի անդամ է նաեւ ԱՄՆ-ը, որը փաստորեն, հենվելով նույն Ալիեւի աշխատակազմի հասարակական եւ քաղաքական հարցերի բաժնի պետ Ալի Հասանովի խոսքերի վրա, այնքան էլ լավ չի «համոզում» Երեւանին: Հասանովը նշել է, թե Ադրբեջանը համարժեք քայլեր է ձեռնարկում ղարաբաղյան կարգավորման որոնումներում, այնինչ ԱՄՆ Կոնգրեսն ու իշխանություններն աջակցում են Հայաստանի «զավթողական» քաղաքականությանը: Ինչ է ստացվում. նախագահ Ալիեւը գոհ է Մինսկի խմբից, իսկ նրա աշխատակազմի պաշտոնյան` ո՞չ: Կամ այդ ինչպե՞ս է լինում, որ Մինսկի խմբի համանախագահ երկրները, ըստ Ադրբեջանի նախագահի, մադրիդյան «նորացված» սկզբունքների վերաբերյալ անում են առաջարկություններ, որոնց համաձայն է Բաքուն, միեւնույն ժամանակ Մինսկի խմբի անդամ ԱՄՆ-ը պաշտպանում է Երեւանի «զավթողական քաղաքականությունը»: Հետեւաբար ճշգրիտ են այն պնդումները, թե Բաքուն խեղաթյուրում է իրականությունը` հորինելով «նորացված» մադրիդյան սկզբունքներ, Թուրքիայի արտգործնախարարի հետ «հարցազրույց», հայերի կողմից հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումներ եւ այլն, եւ այլն:
Իսկ Բաքվում ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Թերի Դեւիդսոնը, «1նյուզ.ազ»-ի տեղեկացմամբ, պատասխանելով իր երկրի հասցեին հնչած «մեղադրանքներին», նշել է. «ԱՄՆ-ը երկար տարիներ աշխատում է ղարաբաղյան խնդրի խաղաղ եւ արդար լուծմանը հասնելու ուղղությամբ: Մենքՙ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, հակամարտության լուծման համար հավասարակշռված ջանքեր ենք գործադրում` հասկանալով, որ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը պետք է հակամարտության կարգավորման խաղաղ սկզբունքներ ընտրեն»:
Ադրբեջանական «Թուրան» գործակալությունն էլ, անդրադառնալով Ալիեւի վերջին ելույթներին, բավական թերագնահատորեն, նույնիսկ հեգնանքով է մոտեցել նախագահի ասածներին: Մնում է միայն պարզել, ո՞վ է իրավացի` նախագահ Ալիե՞ւը, երբ խոսում է բանակցությունների «վճռական փուլի» մեկնարկի մասին, թե՞ նույն նախագահի աշխատակազմի պաշտոնյան, երբ պնդում է, թե բանակցություններում միջնորդ երկրներից մեկը պաշտպանում է Հայաստանին: Թերեւս ավելի իրատեսական է այս վերջինը, մանավանդ որ Իլհամ Ալիեւն էլ օրերս կոչ արեց համանախագահող երկրներին`«չպաշտպանել Հայաստանին»:
Հ. ԱՖՅԱՆ