«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#67, 2010-04-15 | #68, 2010-04-16 | #69, 2010-04-17


ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐՆ ԷԼ ՀԱՅԵՐԵՆ ՄԱԿՆՇՈՒՄ ԿՈՒՆԵՆԱՆ

Հավանաբար 2011-ի հուլիսի 1-ից

Հայաստան ներմուծվող պարենային ապրանքների հայերեն մակնշման հարցը վերջապես լուծվեց, մինչդեռ ոչ պարենային ապրանքների հայերեն մակնշման հարցը դեռ մնում է չկարգավորված: Այս հարցի «Սպառողների իրավունքների պաշտպանություն» (ՍԻՊ) ՀԿ նախագահ Աբգար Եղոյանը մեր զրույցի ժամանակ տեղեկացրեց, որ անցյալ տարվա սեպտեմբերին, ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորած հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի շրջանակներում, կազմակերպությունը ներկայացրել է ոչ պարենային ապրանքների մակնշման կառավարության որոշման նախագիծ:

Համաձայն այդ նախագծի, կազմակերպությունն առաջարկել էր վերոնշյալ ապրանքների հայերեն մակնշումն իրականացնել 2 փուլով: Առաջին խումբ ապրանքների մակնշումը սկսել 2011-ի հունվարի 1-ից, իսկ մնացածինըՙ 2011-ի հուլիսի 1-ից: Այս հարցով, Աբգար Եղոյանի տեղեկացմամբ, բանակցություններ էին վարվել էկոնոմիկայի նախարարության հետ եւ նախնական համաձայնության եկել 3 փուլով իրականացնել հայերեն մակնշումը: Սակայն, ի վերջո, էկոնոմիկայի նախարարի հետ վերջին հանդիպմանը որոշվել է հայերեն մակնշումն իրականացնել մեկ փուլով եւ, ամենայն հավանականությամբ, 2011-ի հուլիսի 1-ից:

Մեկնաբանելով այս որոշումը, Աբգար Եղոյանը տեղեկացրեց, որ մինչ այդ իր ղեկավարած կազմակերպությունը կզբաղվի իրազեկման աշխատանքներով, իսկ որոշման կյանքի կոչելով վերջ կդրվի սպառողների իրավունքների խախտմանը: Նա նաեւ հայտնեց, որ մեր շուկայում վաճառվող ապրանքների մինչեւ 20 տոկոսի վրա, ի թիվս այլ լեզուների, վրացերեն եւ ադրբեջաներեն մակնշում կա, իսկ հայերեն մակնշված է ոչ պարենային ապրանքների ընդամենը 10 տոկոսը: Հայերեն մակնշումը նաեւ Եվրոմիության հետ մեր երկրի ինտեգրվելու անհրաժեշտ պայման է, քանի որ վերջինս խիստ կարեւորում է սպառողների իրավունքների պաշտպանության հարցը:

Այսպիսով, մոտ մեկ տարի հետո, 2011-ի հուլիսի 1-ից լուրջ քայլ կկատարվի սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում, եւ բոլոր ոչ պարենային ապրանքներըՙ տեխնիկա, շինանյութ, քիմիական ապրանքներ, կոսմետիկա եւ այլ ապրանքներ, կունենան հայերեն մակնշում, ինչը հնարավորություն կտա հայ սպառողներին մայրենի լեզվով ծանոթանալու տվյալ ապրանքների բաղադրությանը, օգտագործման կամ կիրառման եղանակին, պահպանման կանոններին:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4