«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#67, 2010-04-15 | #68, 2010-04-16 | #69, 2010-04-17


ԳՈՒՆԱՅԻՆ ԽՐԱԽՃԱՆՔ ՙ ՆԱԵՎ ՍԱՀՄԱՆԻՑ ԱՅՆԿՈՂՄՆԱՅԻՆ

Ցուցահանդես Հենրիկ Իգիթյանի հիշատակին

Ժամանակակից արվեստի թանգարանի երեկվա մարդաշատությունը տենդի հասնող հետաքրքրություն էր բորբոքումՙ ապակիներից այն կողմ երեւացող գույնի խորհրդի հանդեպ: Զարմանալի մի սպասում, որ դեռեւս փակ ցուցափեղկերից ասդին համակել էր տարբեր սերունդների ու տարբեր զբաղմունքի մարդկանց: Սա մեր ենթագիտակցության մեջ թաքնված կարոտի սաղարթներն են, որ ձայնում, դեպի իրենց են կանչում աշխարհի մերկության մեջ բացվող գեղեցկությունները:

...Ցուցափեղկերից երեւացող ցուցահանդեսային մի հատված ընկղմված է տոնահանդեսի «տարազային» աշխարհի մեջ, դահլիճը անխառն, մաքուր լռության մեջ ընկղմված, ասես վերծանում է գույնի առեղծվածըՙ լույսի արտերկրյա մարմինը, որը աստիճանաբար կլանում, տանում է միտքդ սրահի չերեւացող կողմը:

Նախամուտքի պատին Հենրիկ Իգիթյանի մեծադիր լուսանկարը հետեւում է անցուդարձին, ընթացքին, մարդկանց սպասումին. իրեն շատ բնորոշ է այդ հայացքը, այդ արտահայտությունը: 60-ականներին ամենաինքնատիպ գեղագիտական մտածողություն ու արտահայտություն հայ մշակույթ ներբերած երեք կերպարվեստագետներիՙ Ռոբերտ Էլիբեկյանի , Արա Շիրազի եւ Էդուարդ Խարազյանի վերջին տասը տարիների ստեղծագործությունների այս շատ ուշագրավ մեկտեղումն արդի արվեստի թանգարանի սրահներում, ունի մեկ այլ խորհուրդ. Ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադրի, հայ գեղանկարչության 60-ականների շարժման հենարան, նեցուկ, պահապանՙ Հենրիկ Իգիթյանի մահվան առաջին տարելիցին նվիրված:

Եվ, բնականաբար, այս մարդաշատությունը սպասելի էր. արվեստասեր, մտավորական հանրության համար վաղուց արդեն ընդունված ու սիրելի ստեղծագործողներՙ իրենց շուրջը ձեւավորված միջավայրով, գեղավեստական մտածողության բարձր չափանիշներով ու դրսեւորումներով, եւ այս նվիրումըՙ Հենրիկ Իգիթյանի հիշատակին, ցուցահանդեսին նրա ներկայության խորհուրդն էր բերում: Եվ սա է ամենահուսադրողը, ստեղծագործական մտածողության այս շարունակությունը, ինչը հանդիսականի այսպիսի բազմաքանակություն ու բազմազանություն էր ապահովել. ներկա էին արվեստաբաններ, գրողներ, երաժշտության, թատրոնի, պարարվեստի աշխարհի անվանի մարդիկ, երիտասարդներ, ուսանողներ: Ցուցասրահներում ցնծություն էր տիրում, գույնի անձրեւՙ գեղեցկությամբ ներծծված, լույսի տոն:

Սրահների պատերը չափից ավելի ծանրաբեռ էին, գույնի առատությամբ. Ռոբերտ Էլիբեկյանի կանաչն ուղղակի հիասքանչ է, զարմանալի կենսական, միաժամանակ առեղծվածային, միստիկ: Ասես աշնանային այգիների վառվռուն, վետվետուն բար ու բարիք. այս նկարներից շատերն ակամա մտաբերել են տալիս Դ. Վարուժանի «Ով Լալագեն»:

Անսովոր ու նոր էին շատերիս համար Արա Շիրազի քանդակային մոտեցումներըՙ ոչ միայն ձեւի, կաղապարի, այլեւ օգտագործված նյութի տեսանկյունից:

Անակնկալ շքեղ է Էդուարդ Խարազյանի աշխարհընկալումը. գույնի զարմանալի խորքայնության մեջ մերթընդմերթ առկայծող պատկերների լուսե բեկումներով. նրա գունային մտածողությունը ներքնազգացողության բարդ շերտեր է բացումՙ անդերկրայինի շարունակություն, որտեղ լույսի արտաբեկումը ենթարկվում է այլ օրենքների...

Այս ամենի մասինՙ ավելի ուշՙ մեր տրամադրությունների ու տեսողությունների ավելի հանդարտ վիճակով: Իսկ ավելի անկեղծՙ հոգուս խորքում չէի էլ ուզում, որ ներս մտնենք այդՙ ասես ծաղկած պարտեզի կուսական լռության մեջ, ուր գույնն իր ծննդի հետ զրույցի էր բռնվել եւ կարծես կարիք չուներ օտար միջամտության:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հ. Գ. Զարմանալինՙ հասարակության մեջ այսպիսի հետաքրքրություն առաջացրած ցուցահանդեսի առիթով կազմակերպված մամուլի ասուլիսին «Ազգից» բացի որեւէ այլ լրատվամիջոցի ներկա չլինելն էր. աբսուրդ է, չէ՞, բայց ավելի շուտ մեր իրականության հոգեւոր աղքատացման ակնհայտ վկայություն:


Նկար 1. Ռոբերտ Էլիբեկյան. «Դերասանուհի», 2001 թ.

Նկար 2. Արա Շիրազ. «Էդուարդ Խարազյան», 1971


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4