«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#67, 2010-04-15 | #68, 2010-04-16 | #69, 2010-04-17


ՄԻՋԴՊՐՈՑԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ

(Վահան Թեքեյան. «Քեզՙ հայ լեզու, կըսիրեմ մրգաստանի մը նման»)

«Թեքեյան կենտրոն» հիմնադրամը 2001-ից սկսել է իր գործունեությունըՙ նպատակ ունենալով սատարել ԹՄՄ հայաստանյան եւ Սփյուռքի կառույցներին, իրականացնելով մշակութային, կրթական եւ սոցիալական ծրագրեր: Ապրիլի 14-16-ը առաջին անգամ հիմնադրամը կազմակերպել է միջդպրոցական օլիմպիադա հայոց լեզու եւ գրականություն եւ մաթեմատիկա առարկաներից: Օլիմպիադային մասնակցում են Երեւանի, Գյումրիի, Ստեփանավանի եւ Կարբիի Վահան Թեքեյանի անունը կրող դպրոցների ու կրթօջախների 8-րդ դասարանի աշակերտները:

Երեկ հանդիսավոր պայմաններում «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի ընտրած մասնագիտական ժյուրին ամփոփեց օլիմպիադայի արդյունքներն ու հաղթողներին հանձնվեցին պատվոգրեր, նվերներ: Հայոց լեզու եւ գրականություն առարկայից առաջին մրցանակին արժանացավ Էլյա Հարությունյանը (Կարբի), երկրորդինՙ Աննա Մարտիրոսյանը (Գյումրի), երրորդը բաժին հասավ Դիանա Նանյանին (Կարբի): Մաթեմատիկա առարկայից առաջին մրցանակին արժանացավ Միսակ Պողոսյանը (Երեւան), երկրորդինՙ Ռոման Աբաջյանցը (Ստեփանավան), իսկ երրորդ տեղը գրավեց Կարո Հովհաննիսյանը Կարբիից:

Եվս 15 մասնակիցներ արժանացան պատվոգրերի եւ խրախուսական մրցանակների: Ինչպես նշեցին ժյուրիի անդամները, 64 մասնակիցներից ոչ մեկը բացասական գնահատական չէր ստացել: Միջոցառումը եզրափակվեց Թեքեյանի անվ. դպրոցների տնօրենների խոսքով, նաեւՙ Կարբիի դպրոցի երգչախմբի համերգով:

Մ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4