1990-ական թվականների սկզբին մի հետաքրքրական գործ էի նախաձեռնել. «Զարմանալի հայեր» խորագրով ակնարկներ էի գրում ճակատագրի բերումով աշխարհի տարբեր անկյուններում հայտնված այն հայերի մասին, ովքեր անցնելով դառն ու դժվար ճանապարհներ, ոչ միայն չէին կորցրել իրենց ազգային ինքնությունը, այլեւ օտար երկրներում հասել էին բարձր դիրքերի:
Ահա նման մի հայի մասին գրելու նպատակով, աշնանային այդ օրը, Լոս Անջելեսից ուղեւորվեցինք Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Մեքսիկայի սահմանագծին գտնվող Սան Դիեգո քաղաքըՙ հանդիպելու ԱՄՆ-ի արեւմտյան տարածաշրջանի ներգաղթողների գերատեսչության ղեկավար Բեն Դավիդյանին: Ուղեկիցս ամերիկահայ քոլեջի տնօրեն Կարպիս Տեր-Եղիայանն էր, որ քաջածանոթ լինելով ամերիկահայության կյանքինՙ տեղեկություններ էր տալիս նշանավոր ամերիկահայերի մասին:
Սան Դիեգո թեքվելուց առաջ, ճիշտ Մեքսիկայի սահմանագլխին, Տեր-Եղիայանն արգելակեց մեքենանՙ առաջարկելով քաղաք մտնելուց առաջ նախաճաշել ճամփեզրի սրճարանում:
Կեսօր էր, սրճարանը մարդաշատ էր: Մի քիչ սպասեցինք մուտքի մոտ, մինչեւ սպասարկողը քաղաքավարությամբ մեզ ուղեկցեց դեպի հենց նոր ազատված սեղաններից մեկը, որ գտնվում էր սրճարանի ճիշտ կենտրոնում: Մենք զրուցելով գրավեցինք մեր տեղերը եւ անցանք ճաշացանկի «ուսումնասիրությանը», մի արարողություն, որին Ամերիկայում շատ «լուրջ գործի» կշիռ են տալիս: Շուտով ես ձանձրացաՙ ընտրությունը թողնելով ուղեկցիս:
- Ես այս գրքերը չեմ սիրում կարդալ,- կատակով ասացի, մի կողմ դրեցի ճաշացանկի հաստափոր «հատորն» ու սկսեցի լայն պատուհաններից նայել գեղեցիկ բնապատկերին...
Հանկարծ հայացքս դիպավ դիմացի բարի փայտե միջնորմի մոտ կանգնած միջին տարիքի տղամարդուն, որը սեւեռված մեր կողմն էր նայում: «Մի՞թե Ամերիկայում նույնպես կարող են անպարկեշտ նայել», մտածեցի: Նույն պահին որսալով հայացքս, տղամարդը թեթեւակի ժպտալովՙ խոնարհվեց: Հայացքս շրջեցի դեպի պատուհանը:
Տեր-Եղիայանը, կարծես ավարտելով ճաշացանկի ուսումնասիրությունը, սկսեց թվարկել իր ընտրած ուտեստները, եւ համաձայնությունս ստանալովՙ մոտ կանչեց մատուցողին: Այդ ընթացքում նկատեցի, որ մեզ հետեւող տղամարդը դանդաղորեն անցավ մեր կողքից, քայլեց մինչեւ սրճարանի ծայրը, ապա հետ դարձավՙ դարձյալ հայացքը մեր կողմը: Նույն գործողությունը կրկնվեց մի քանի անգամ: Հերթական անգամ նա մոտեցավ մեր սեղանին ու ասաց.
- Ներեցեք, ես այս սրճարանի տերն եմ: Կարո՞ղ եմ արդյոք մի հարց տալ ձեզ:
- Անշուշտ, խնդրեմ,- պատասխանեց Տեր-Եղիայանը, որ զբաղված լինելով ճաշացանկով, ամենեւին չէր էլ նկատել այդ անցուդարձը:
- Դուք ի՞նչ լեզվով եք խոսում:
- Հայերեն, լսած կա՞ք արդյոք հայերի մասին,- իր հերթին հարցրեց Տեր-Եղիայանը:
Տղամարդը նկատելի հուզվեց:
- Կարո՞ղ եմ արդյոք մի քիչ նստել ձեզ մոտ ու լսել, թե ինչպես է հնչում հայերենը: Ես էլ հայ եմ, բայց մեծ մորս մեռնելուց հետո, երբեք այլեւս չեմ լսել հայերեն,- թեթեւակի դողացող ձայնով ասաց նա:
Մենք նույնպես հուզվեցինք այդ անսպասելի իրողությունից: Մինչ այդ սառն ու չոր հայացքս անմիջապես ջերմացավ...
Հնչեց այն առաջին հարցը, որ սովորաբար տալիս են միմյանց պատահական հանդիպած հայերը:
- Արմատներով որտեղի՞ց են Ձեր նախնիները:
- Խարբերդից:
- Խարբերդի՞ց,- այս անգամ հուզումով ասաց Տեր-Եղիայանը: - Ես էլ Խարբերդից եմ: Անցած տարի այցելեցի Հայրենիք, մեծ դժվարությամբ գտա հայրական տունս:
- Իսկապե՞ս, նախանձում եմ Ձեզ: Ես ոչինչ չգիտեմ իմ նախնիների երկրի մասին: Երբ փրկվելով ջարդերից մի կերպ նրանք հայտնվել են Ամերիկայում, մեծ հայրս հավանաբար ինքնահաստատման բնազդից մղվածՙ իր երեխաներին ամերիկյան կրթության տալով չի փորձել նրանց մեջ պահպանել ազգային պատկանելությունը: Ես ծնվել եմ որպես ամերիկացի ու երբեմն զարմանում էի, թե ինչո՞ւ մեծ հորս ու մեծ մորս խոսակցություններն անհասկանալի էին ինձ: Հետո, երբ խելահաս դարձա, մեծ մայրս բացատրեց ամեն ինչ: Երբ առանձին էինք լինում, նա փորձում էր ինձ հայերեն բառեր սովորեցնել: Հիմա դրանք մոռացել եմ, բայց մի գեղեցիկ մեղեդի միշտ հնչել է հոգուս մեջ:
Ու նա, լարելով հիշողությունը, փորձեց արտաբերել տարիներով հոգու խորքում քնած մեղեդին ու բառերը: Ես ճգնում էի ընկալել դրանք: Սկզբում դժվարությամբ, հետո գնալով կարծես ավելի հստակվում էր երգը: Վստահաբարՙ «Կռունկն» էր, ու ես ցածրաձայն միացա նրան, հետո միացավ Կարպիս Տեր-Եղիայանը: Շրջապատը թրթռում էր զսպված արցունքների մեջ:
Աղոտ նկատելի էր, որ սրճարանի այցելուները զարմանքով շրջվել էին մեր կողմը: Տեսարանը, այդ օտար երգի բառերի նման, անհասկանալի էր նրանց համար:
Ուտելիքը կորցրել էր համն ու իմաստը: Ընդառաջելով մեր նորահայտ հայրենակցի ցանկությանըՙ ես եւ Կարպիս Տեր-Եղիայանը հայերեն նախադասություններ էինք փոխանակում:
Տղամարդու դեմքը երջանկություն էր ճառագում: Որոշ ժամանակ անց Տեր-Եղիայանն անհարմար զգալով նայեց ժամացույցին:
- Պիտի ներեք մեզ, ստիպված ենք հեռանալ, կարեւոր ժամադրություն ունենք...-ասաց նա, հայացքով փնտրելով մատուցողինՙ հավանաբար վճարելու համար:
- Խնդրում եմ,- ասաց տղամարդը,- Պետք չէ վճարել: Ինձ համար սա երջանիկ օր է, թույլ տվեք հյուրասիրել ձեզ...
Կարիք չկար հակաճառելու:
Ամուր ձեռքսեղմումով հրաժեշտ տվեցինք նրան:
Մնացյալ ճանապարհն անցանք լուռ, յուրաքանչյուրս խորասուզված այդ անսպասելի դեպքից ստացած մեր տպավորությունների մեջ:
Ես մի տեսակ մեղավորության զգացում ունեի: Գուցե այս չնախատեսված հանդիպումն ավելի կարեւոր էր, եւ ա՛յս հայն ավելի զարմանալի, որ հեռու-հեռավոր այդ անկյունում կառչել էր իր անցյալի մեն-մի հատիկ հիշողությանն ու փորձում է վերագտնել կապն ազգային արմատների հետ, որ երբեք չառնչվելով հայությանը, բնազդով պահպանել է նրան ամենահատուկ որակներից մեկըՙ հյուրասիրությունը...
Դեռ ինչքա՜ն, ինչքա՜ն զարմանալի հայեր կան աշխարհի հեռավոր անկյուններում... Կկարողանա՞նք արդյոք երբեւէ գտնել նրանց...
ՍԵՅՐԱՆՈՒՀԻ ԳԵՂԱՄՅԱՆ