Թուրք գործարարները ԱՄՆ-ում են «դժգոհում», իսկ արտգործնախարարը Բաքու է մեկնել բացատրություններ տալու
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հայ-թուրքական հարաբերությունների ընթացքն ու տրամաբանությունը բնավ էլ չի կարելի տարանջատել այնպիսի մի հասկացությունից, ինչպիսին թուրքական դիվանագիտությունն է, իսկ ավելի ճիշտՙ այն հայտարարություն-հերքում-ժխտում-կրկին նույնաբովանդակ հայտարարություններ շարքից, որ Թուրքիան մատուցում է գրեթե բոլոր հարցերում սեփական դիրքորոշումը կամ, որ կրկին առավել իրական է, դրա բազմակողմանիությունը ի ցույց դնելու հարցում:
Ապրիլի 12-13-ին Վաշինգտոնում տեղի ունեցած միջուկային անվտանգության գագաթաժողովի շրջանակներում տեղի ունեցած Հայաստան-ԱՄՆ, Հայաստան-Թուրքիա եւ Թուրքիա-ԱՄՆ բարձր մակարդակով հանդիպումներից հետո մեկ բան բոլոր կողմերի հայտարարություններում ընդհանրական էր, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը նախապայմաններ չունի, իսկ ղարաբաղյան հարցն էլ չի առնչվում այս խնդրին:
Նույն այդ օրերին էլ հերքումներ տարածվեցին այն բոլոր ասված-չասվածների մասին, թե ղարաբաղյան հարցի լուծումը պիտի նախորդի հայ-թուրքական գործընթացի հաջող ավարտին:
Սակայն թուրքական դիվանագիտությունը պատեհապաշտ է հայտարարությունների առումով, իսկ շահերի պարագայում դժվար է ասել, թե իրականում ինչին է հետամուտ լինում Թուրքիան, քանի որ արեւելյան ողջ պերճախոսությամբ ու շատախոսությամբ հանդերձ թուրք ներկայացուցիչները առանձնակի ոչինչ ու գրեթե երբեք չեն ասում:
Դեռ վաշինգտոնյան հայտարարությունները չմարսած` արդեն կրկին հնչում են խոսքեր, թե Թուրքիան չի բացի սահմանը Հայաստանի հետ, քանի դեռ չի կարգավորվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ընդ որում, կարգավորում ասելով էլ ներկայացվել է «օկուպացված տարածքների վերադարձը»: Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Թուրքական լրատվամիջոցների տեղեկացմամբ, Էրդողանը, ականջի հետեւ թողնելով վաշինգտոնյան հանդիպումներն ու այդ ընթացքում իր իսկ հնչեցրած խոսքերը, հիշեցրել է, որ հայ-թուրքական սահմանը փակվել էր ղարաբաղյան հարցի պատճառով:
Այս հայտարարության հեղինակի խոսքերն իրար հակասելու բացառիկ հատկություն ունեն, որ գրեթե ամեն հայտարարության առիթով դրսեւորվում է: Ամեն առիթով այլ բան ասելու մեջ վարպետացած Թուրքիայի վարչապետն իր խոսքում, որ կուսակցական հավաքներից մեկում է բարձրաձայնել, թերեւս մոռանալով ադրբեջանահաճո կեցվածքով ներկայանալու անհրաժեշտությունը, նշել է, թե «Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործում ուղղախոս է, անկեղծ»:
«Մենք չենք կարող լինել բանակցություններից փախչող կողմ», հայտարարում է Էրդողանն այնպիսի մի իրավիճակում, երբ թուրքական կողմն ակնհայտորեն ընկել է ձեւապաշտական ու երեսպաշտական երեւույթների հետեւից, ասում ու ներկայացնում է ամեն ինչ, ինչը հնարավոր կարող է դարձնել կիսաօրինական-չօրինական տարբերակով հետաձգելու արձանագրությունների վավերացման ու ընդհանրապես հայ-թուրքական բանակցությունների ընթացքը:
«Կանալ 24»-ի եթերում պատասխանելով հարցերի, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների հրճվանքով մատուցման, Թուրքիայի վարչապետը նախ նշել է, որ Վաշինգտոնում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը նախագահ Սարգսյանը առաջարկել է հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացին չխառնել ղարաբաղյան հարցը: Սրան, ըստ էրդողանի վերջին հայտարարության, ինքը` Էրդողանը պատասխանել է, թե քանի դեռ չի վերացվել հայ-թուրքական սահմանը փակելու «պատճառը», արձանագրությունները չեն վավերացվի Թուրքիայի խորհրդարանում: Այս համատեքստում էլ Էրդողանը ԼՂ հարցը ակտիվորեն լուծելու կոչ է արել ԵԱՀԿ ՄԻնսկի խմբին:
Ի դեպ, հարց ու պատասխանի ընթացքում Էրդողանը վերահաստատել է նաեւ այն հայտարարությունը, թե Թուրքիան ԱՄՆ-ում դժգոհություն է հայտնել միջուկային անվտանգության գագաթաժողովին Ադրբեջանին չհրավիրելու առնչությամբ: Հետաքրքրական է, որ, ըստ Էրդողանի, Ադրբեջանին հրավեր չուղարկելու առումով ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ եւ «բացատրել իրավիճակը», այսինքն այն, թե ինչու Ադրբեջանը չէր հրավիրվել Վաշինգտոն:
Այս հակասությունների ֆոնին հետաքրքրական է, որ «Հյուրիեթ»-ի էլեկտրոնային տարբերակի ներկայացմամբ եռօրյա այցով Վաշինգտոնում են գտնվում Թուրքիայի արդյունաբերողներն ու գործարարները ի դեմս նրանց ասոցիացիայի: Հասկանալի է, որ թուրք գործարարները իրենց «գործարար դժգոհությունն» են ներկայացնելու ԱՄՆ վարչակարգին ինչպես մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի, այնպես էլ ապրիլի 24-ի ԱՄՆ նախագահի ուղերձում 20-րդ դարասկզբին տեղի ունեցած հայերի կոտորածները ցեղասպանություն որակելու հեռանկարի առնչությամբ:
Թուրք գործարարները հանդիպելու են ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի, առեւտրի նախարարության, պետքարտուղարության, Արժույթի միջազգային հիմնադրամի եւ այլ կառույցների ներկայացուցիչների հետ: Նաեւ հանդիպումներ կլինեն ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամըք Թանի հետ: Իսկ ԱՄՆ այցելություններից հետո, բնավ էլ ոչ պատահականությամբ, թուրքական պատվիրակությունը մեկնելու է Իսպանիա: Հիշեցնենք, որ Իսպանիայի խորհրդարան, ինչպես նաեւՙ Բուլղարիայի, Իսրայելի, Սերբիայի, ներկայացվել են Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւերի օրինագծեր:
Մեկ այլ այցելություն էլ, անկախ աշխարհագրությունից ու «եղբայրության երդումներից», հաստատապես կապված է հայ-թուրքական գործընթացին ու կապվելու է նաեւ ղարաբաղյան խնդրին: Խոսքն արդեն իսկ Բաքվում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլու այցի մասին է, որի ընթացքում թուրք դիվանագետը հանդիպելու է Ադրբեջանի նախագահի եւ արտգործնախարարի հետ` քննարկելու ԱՄՆ-ում անցկացված հանդիպումների արդյունքները:
Դավութօղլուն, սակայն, մինչեւ Բաքու հասնելը, դեռեւս Թուրքիայում հայտարարել է, թե Հայաստանի հետ սահմանի բացման հարցը օրակարգում չէ, քանի դեռ վավերացված չեն հայ-թուրքական արձանագրությունները: Ադրբեջանական լրատվամիջոցները մատուցում են, թե Դավութօղլուն կրկնել է այն, ինչ արդեն իսկ հայտարարել էր Թուրքիայի վարչապետը, ներկայացնելով, թե սահմանի փակումը պատճառներ ուներ, որոնց «առնչությամբ առաջընթաց է անհրաժեշտ, որպեսզի սահմանը բացվի»:
Հատկանշական է, որ Թուրքիայի ԱԳ նախարարը Ադրբեջան այցելությունից հետո լինելու է նաեւ Իրանում` ներկայացնելու Վաշինգտոնի միջուկային անվտանգության գագաթաժողովում միջազգային հանրության ներկայացրած տեսակետների դիտարկումը` Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ: