«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#68, 2010-04-16 | #69, 2010-04-17 | #70, 2010-04-20


ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿԻՊՐՈՍԻ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ ՆԱԽԱԳԱՀ Է ԸՆՏՐՎԵԼ ԴԵՆՔԹԱՇԻ ՀԵՏՆՈՐԴ ԷՐՕՂԼՈՒՆ

Նրա գլխավոր առաջադրանքը կիպրական հիմնահարցի կարգավորման բանակցությունները փակուղու առջեւ կանգնեցնելն է

Ապրիլի 18-ին «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունում» նախագահական ընտրություններն էին, որոնց մասնակցել է ընտրողների 75 տոկոսը, առաջադրվել է 7 թեկնածու, այդ թվումՙ գործող «նախագահ» Մեհմեդ Ալի Թալաթն ու վարչապետ Դերվիշ Էրօղլուն: Հիմնական պայքարը, ինչպես որ ենթադրելի էր, ընթացել է Թալաթի եւ Էրօղլուի միջեւ: Ընտրությունների առաջին իսկ փուլում «Ազգային միասնություն» կուսակցության թեկնածու, վարչապետ Էրօղլուն, ստանալով ընդհանուր ձայների 50,3 տոկոսը, ընտրվել է նախագահ:

Գործող նախագահ Թալաթը հավաքել է ձայների 42,8 տոկոսը: Հատկանշական է, որ Թալաթի օգտին քվեարկել են կիպրացի թուրքերը, իսկ Էրօղլուիՙ թուրք վերաբնակները, որոնք Թուրքիայից Կիպրոս են տեղափոխվել 1974-ին կղզու հյուսիսային հատվածի օկուպացումից հետո: Հաշվի առնելով «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» այսպես կոչված հիմնադիր նախագահ Ռաուֆ Դենքթաշի անժխտելի ազդեցությունը Էրօղլուին թեկնածու առաջադրած «Ազգային միասնություն» կուսակցության վրա, այդ թվում, ինչպես կուսակցության, այնպես էլ Դենքթաշի ու Էրօղլուի նկատմամբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության ոչ բարյացակամ վերաբերմունքը, որն ընտրություններում պաշտպանում էր Թալաթին, կարելի է հանգել թուրք վերաբնակներին ոչ թե թուրքական կառավարության, այլ բանակի կողմից ուղղորդման եզրակացությանը, չմոռանալով, իհարկե, կղզու հյուսիսային հատվածում տեղակայված 37-հազարանոց զորքի մասին:

Թեեւ Էրօղլուն ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո ունեցած ելույթում Կիպրոսի Հանրապետության նախագահ Դիմիտրի Խրիստոֆիասի հետ բանակցությունները շարունակելու պատրաստակամություն է հայտնել, սակայն նրա անունը Կիպրոսում, Եվրոմիությունում, Արեւմուտքում եւ առհասարակ աշխարհում նույնացվում է «չկարգավորվածության» հասկացության հետ: Այդ առումով Էրօղլուն, ինչպես երեկվա համարում նշել էր «Ռադիկալը», ընդդիմացել է նույնիսկ ծայրահեղ ազգայնամոլի համարում ունեցող, բանակի դրածո Դենքթաշին, որը պաշտոնավարման տարիներին ոչ մի ջանք չէր խնայում Կիպրոսի հիմնախնդիրը փակուղու առջեւ կանգնեցնելու համար, որպեսզի դրանով ստեղծի կղզու օկուպացված թուրքական հատվածը Թուրքիային կցելու նախադրյալներ:

Կիպրոսի հիմնահարցին Էրօղլուի մոտեցման առումով թերեւս հատկանշական պետք է համարել վարչապետ Էրդողանի նախագահական ընտրություններից հետո արած հայտարարությունը. «Ցանկությունս այն է, որ բանակցային գործընթացը շարունակվի նույն վճռականությամբ: Պետք չէ, որ բանակցություններից թուրքական կողմը հրաժարվի: Կիպրոսի ապագան չի կարելի մթագնել հանուն պարզունակ հաշիվների: Համոզված եմ, որ Թալաթի օրոք սկզբնավորված բանակցությունները այդ նույն հետեւողականությամբ կշարունակվեն»:

Այլ կերպ, «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունում» Էրօղլուի հաղթանակով ավարտված ընտրությունները չեն բավարարել վարչապետ Էրդողանին: Դրանց արդյունքները Կիպրոսի Հանրապետությունում ընկալվել են իբրեւ «բացասական զարգացում», եւ այդ մասին պաշտոնապես հայտարարել է կառավարության խոսնակ Ստեֆանոս Ստեֆանուն:

Ըստ երեւույթին, Էրօղլուի հաղթանակին նույն կերպ կմոտենա նաեւ Հունաստանը: Մինչ Կիպրոսի Հանրապետությունն ու Հունաստանը Եվրոմիության աջակցությամբ կփորձեն կարգավորել կիպրական հակամարտությունը, «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» նորընտիր «նախագահ» Դերվիշ Էրօղլուն բանակի աջակցությամբ փակուղու առջեւ կկանգնեցնի կարգավորման բանակցությունները, որպեսզի Թուրքիան չզրկվի կղզու հյուսիսային հատվածն իր սահմաններին կցելու հնարավորությունից:

Առհասարակ, հակամարտությունների կարգավորումը, հատկապես երբ դրանք միջազգայնացված են, բարդ խնդիր է: Իրավիճակն ավելի բարդանում է ինքնիշխանության եւ հողային խնդիրներով հագեցած հակամարտությունների պարագայում: Կիպրոսի հիմնախնդիրը ոչ միայն ինքնիշխանության եւ հողային խնդիրներ է ներառում, քանի որ կղզու տարածքի 35,4 տոկոսը դեռեւս 1974-ից օկուպացված է եւ հյուսիսային հատվածում 1983-ին հռչակվել է ինքնակոչ «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը», այլեւ այնտեղ տեղակայված է 37 հազարանոց թուրքական զորք, հակամարտության նկատմամբ Անկարայի դիրքորոշումը մեծապես պայմանավորում է բանակը, որի համար լուծման ամենաընդունելի տարբերակը Կիպրոսի հյուսիային հատվածի կցումն է Թուրքիային, կցման անհրաժեշտ նախապայմանը հիմնախնդրի «չկարգավորվածության» ամրապնդումն է, իսկ Էրօղլունՙ որպես Դենքթաշի դպրոցի սան, վայելում է բանակի աջակցությունը:

Եթե որեւէ հիմնախնդիր, ինչպիսին է Կիպրոսինը, 1974-ից ի վեր չի կարգավորվում, ապա դրա «չկարգավորվածության» ամրապնդումը հազիվ թե որեւէ դժվարություն ներկայացնի այն կողմի համար, որն ի սկզբանե դրան է ձգտել:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4