«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#68, 2010-04-16 | #69, 2010-04-17 | #70, 2010-04-20


ՁԻԹԵՆՈՒ ՃՅՈ՞ՒՂՙ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՎՐԱՍՏԱՆԻՆ

«Նյուզուիքի» ապրիլի 15-ի հատուկ կայքում Օուեն Մեթյուզն անդրադառնալով ռուս-վրացական հակամարտությանըՙ գրում է, որ վերջին շրջանում «խաղաղությունը սկսում է կամաց-կամաց վերահաստատվել երկու երկրների միջեւ»: Անցյալ ամիս կարեւոր մի ցամաքային անցակետ (խոսքը վերաբերում է Լարսին-Ծ.Խ.) մոտ 3 տարի տարբեր պատճառաբանություններով փակ մնալուց հետո բացվեց, ուղիղ օդանավային չվերթերը դարձյալ սկսեցին իրականացվել, եւ Ռուսաստանում ավելի շատ վիզաներ են տալիս այժմ վրացիներին:

Հարաբերությունների նման ջերմացման պատճառը Մեթյուզը բացատրում է հիմնականում «խաղաղության օլիմպիական ոգով» կամ, այլ կերպ ասած, 2014 թվի Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերը հաջողությամբ պսակելու Ռուսաստանի բուռն ցանկությամբ: Կանադայից ստանձնելով հերթափոխըՙ Կրեմլը փորձում է ամեն ինչ անել, որ ընդամենը 25 մղոն այն կողմ գտնվող Աբխազիան կամ նրա հետ կապված իրադարձությունները չխանգարեն սպորտային մեծ միջոցառմանը:

Անցակետի բացումը Վրաստանից բացի նպաստելու էր նաեւ Հայաստանին, հաշվի առնելով, որ վերջինիս մյուս սահմանի (Թուրքիայի հետ) բացումը հետաձգվում է Ամերիկայում ցեղասպանության բանաձեւի ընդունման եւ Ադրբեջանի ճնշումների հետեւանքով:

«Բայց Մոսկվան առավել մտահոգված է Հյուսիսային Կովկասից ակնկալվող ահաբեկչական գործողություններով: Անցյալ շաբաթ Միջազգային օլիմպիական կոմիտեն հույս հայտնեց, որ Մոսկվան ի վիճակի կլինի Սոչիի խաղերն անվտանգ դարձնելու: Վարչապետ Պուտինը անվտանգության մի կոմիտե կազմեց, որը վերահսկելու է Սոչիի միջոցառման անփորձանք անցկացումը: Իսկ այս շաբաթվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության անվտանգության ծառայությունները հայտարարեցին, որ այս տարի ձերբակալել են կամ սպանել 170 ռազմատենչ մոլեռանդների եւ հայտնաբերել Մոսկվայի մետրոյի ու Դաղստանի դեպքերի գլխավոր հանցագործներին»:

«Բայց Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւն ավելին պետք է կարողանա անելՙ ապահովելու օլիմպիական խաղերի խաղաղ անցկացումը: Նա պետք է կարողանա խաղաղեցնել ոչ միայն իր սահմանների ամենաանհանգիստ անկյունը, այլեւ ամբողջ պայթյունավտանգ տարածաշրջանը, իսկ Վրաստանին ձիթենու ճյուղ առաջարկելը կարեւոր քայլ էՙ հասնելու այդ նպատակին», եզրակացնում է Օուեն Մեթյուզը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4