Թեհրանը առաջարկում է եռակողմ հանդիպում կազմակերպել Հայաստանի, Ադրբեջանի եւ Իրանի արտգործնախարարների մասնակցությամբ: Քանիցս արտահայտված առաջարկությունը, թե Իրանը կարող է միջնորդ լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, կրկին, ըստ իրանյան գործակալությունների, հնչեցրել է Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքին , ինչի համատեքստում էլ առաջարկում է եռակողմ հանդիպում նախաձեռնել:
Հետաքրքրական է, որ Իրանի ԱԳ նախարարը տեղեկացրել է նաեւ, որ Ադրբեջանը տվել է իր համաձայնությունը, ու Իրանը «սպասում է Հայաստանի պատասխանին»: «Մեր առաջարկները ներկայացրել ենք հայկական եւ ադրբեջանական կողմերին: Բաքուն դրանք ընդունել է, իսկ Երեւանից դեռ պատասխան չկա», ասել է Մոթթաքին:
Ու թեեւ Հայաստանը բազմիցս ու տարբեր առիթներով, նաեւ միջնորդ դառնալու Թուրքիայի նկրտումների առնչությամբ հայտարարել է, որ ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցություններն ընթանում են Մինսկի խմբի ձեւաչափով, միջնորդական դերակատարություն ստանձնելու ցանկությունների բարձրաձայնումները չեն դադարում:
Ամեն դեպքում, Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը, ի դեմս Էլհան Պոլուխովի եւ ադրբեջանական կայքէջերի փոխանցմամբ, դրական է գնահատում Իրանի ԱԳ նախարարի նախաձեռնությունը: «Ադրբեջանն իր աջակցությունն է հայտնում Իրանի առաջարկությանը, որ դեռեւս 90-ականներից բազմիցս մասնակցել է բանակցային գործընթացին», ասել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը:
Ադրբեջանական աղբյուրների համաձայն, իբր ամեն ինչ արդեն հաստատվել ու համաձայնեցվել է, նշվում է, թե դեռեւս որեւէ տեղեկություն չկա Հայաստանի, Իրանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամկետների ու տեղի մասին:
Դժվար չէ նկատել, որ Բաքուն ընդունելով այս առաջարկըՙ ուզում է «խոսք հասկացնել» Վաշինգտոնին:
Ա. Հ.