Երեկ լայնորեն լուսաբանվում էր այն միջադեպը, որը տեղի է ունեցել ապրիլի 17-ի երեկոյան, Նոր Նորք համայնքում, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի դիմաց գտնվող ստրիպտիզ բարի մոտ: Ըստ ականատեսների` սա մի իսկական «ռազբորկա» է եղել, երեք-չորս տասնյակ մարդու մասնակցությամբ: Վերջին երկու օրն, ըստ չճշտված, բայց ինտենսիվ շրջանառվող լուրերի` իրար են բախվել Գագիկ Բեգլարյանի եւ Գագիկ Ծառուկյանի շրջանակին մոտ կանգնած մարդիկ, որոնք ունեցել են զենք, դանակներ: Էլի տարբեր ականատեսներ վկայել են, որ սա մի իսկական կռիվ-հարայ-հրոց է եղել, որը ողբերգական ավարտ կունենար, եթե ժամանակին չհայտնվեր ոստիկանությունը. տեսնո՞ւմ եք, ոստիկանությունը եթե ջանա` կարող է նաեւ կանխել:
Ընդ որում` դեպքի վայր են ժամանած եղել մեծ թվով ոստիկաններ, բարձրաստիճաններ նաեւ` փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, Երեւան քաղաքի ոստիկանապետ Ներսես Նազարյանը, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կամ 6-րդ վարչության պետ Գագիկ Ավետիսյանը, հատուկջոկատայիններ, որոնց օգնությամբ միջադեպն արագ լոկալացվել է, ոստիկանություն է տարվել 4 տասնյակի հասնող մարդ, առգրավվել են զենք եւ զինամթերք:
Թե ինչ է եղել «ռազբորկայի» բուն նյութը, դեռեւս ճշտված չէ` չճշտված տեղեկությունների համաձայն` վեճի առարկան հողատարածքն է, մի այլ վարկածով` փողը, իսկ լրատվամիջոցներից մի քանիսը երեկ հասցրին այդ «ռազբորկան» անվանել ՀՀԿ-ԲՀԿ վեճ: Վերջին մեկնաբանությանը երեկ արագ արձագանքեցին երկու կուսակցություններից էլ. ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն այդպիսի մեկնաբանությունն անհեթեթ համարեց, իսկ ԲՀԿ մամուլի խոսնակ Բաղդասար Մհերյանը` զառանցանք: Առաջինն ասել է, թե խնդիրն իրավապահ դաշտի տիրույթում է, իսկ երկու կուսակցությունները միմյանց հետ խնդիր չունեն, իսկ երկրորդը նույնպես խնդիրը կուսակցական ոլորտից տեղափոխեց առանձին մարդկանց տիրույթ, այն էլ ավելացնելով, թե տեղեկատվություն չունի պատահածի վերաբերյալ, հետեւաբար չի կարող մեկնաբանել:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը, պատասխանելով միջադեպի ականատեսներին վկայաբերող լրագրողներին, թե միջադեպի մասնակիցների մեքենաների մի մասի համարները 8-երով են եղել, նրանցից իջած մարդիկ` Աբովյանից եւ ԲՀԿ կրծքանշաններով, նկատեց, թե տեղեկատվության չի տիրապետում: Երեկ օրվա վերջում մի փոքր պարզություն մտավ կատարվածի մեջ` ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սայաթ Շիրինյանը լրատվամիջոցներին տեղեկացրեց, որ դեպքի վայրից ոստիկանություն բերման է ենթարկվել 55 անձ, որոնցից 36-ը ձերբակալվել են, դեպքի վայրից առգրավվել է 12 ատրճանակ` տարբեր մակնիշների: Հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի երկու հոդվածներով` խուլիգանության եւ ապօրինի զենք կրելու հատկանիշներով: Ըստ Շիրինյանի` խուլիգանություն կատարողները հիմնականում նախկինում դատապարտվածներ ու թմրամոլներ են եւ որեւէ կուսակցության կամ ՀԿ անդամ չեն: Ավելացնենք, որ այս միջադեպին ոստիկանության ժամանակին միջամտության շնորհիվ զոհեր եւ վիրավորներ չեն եղել:
Իսկ մեզ տխրեցնում է այն, որ քրեական տարրերն արդեն իրենց քրեական «ռազբորկաներն» առանց քաշվելու եւ զենքի օգտագործմամբ իրականացնում են բնակավայրերին մոտիկ, ու նրանց չի վախեցնում օրենքի առաջ պատասխանատվություն կրելու հեռանկարը:
Մ. Խ.