Հայկական պառլամենտարիզմի զարգացման տեսակետից երեկ կարեւոր հավաք տեղի ունեցավ Թեքեյան կենտրոնում. ավելի քան 50 նախկին պատգամավորներ, որոնք 20 տարի առաջ ձեւավորել էին Հայաստանի առաջին խորհրդարանըՙ Գերագույն խորհուրդը, հավաքվել էին ոչ միայն 20-ամյակի հոբելյանական միջոցառումներին իրենց մասնակցությունը որոշելու, այլեւ որպես նախկին պատգամավորներ մեր երկրում եւ միջազգային կառույցներում իրենց անելիքները որոշելու եւ կազմակերպելու:
Նիստը բացեց «Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբի» նախագահ Ռուբեն Թորոսյանը , որն ընդգծեց 1990-ին, երկարատեւ ընդմիջումից հետո, մեր ժողովրդի ընտրած խորհրդարանի կարեւորությունը, որին վիճակված էր ծանր պայմաններում իրականացնել արմատական բարեփոխումներ հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում: Ռ. Թորոսյանը հայտնեց, որ 20-րդ տարեդարձը խթան կհանդիսանա Հայաստանում պառլամենտարիզմի ավանդույթների ամրապնդման, իրավական պետության կայացման եւ քաղաքացիների իրավունքների պաշտպանության գործում:
Վերջերս Փարիզում կայացած նախկին խորհրդարանականների Եվրոպական ասոցիացիայի նիստին իր մասնակցության մասին ներկաներին տեղեկություններ տվեց նախկին պատգամավոր Վարդան Պետրոսյանը : Եվրոպական 18 երկրներ մաս են կազմում այդ ասոցիացիային, այդ թվումՙ Թուրքիան եւ Ուկրաինան: Վերջինս նախկին խորհրդային երկրներից միակն է, որ անդամ է հիշյալ կազմակերպությանը: Իսկ Հայաստանը, Անդորրայի եւ Լեհաստանի հետ, առայժմ դիտորդի կարգավիճակում է:
Ներկաները բազմաթիվ հարցեր ունեին ուղղված երկու զեկուցողներին, որոնք տվեցին սպառիչ պարզաբանումներ: