«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#68, 2010-04-16 | #69, 2010-04-17 | #70, 2010-04-20


ԱՐՄԵՆԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵՑԻՆ` ՏՆԿԵԼՈՎ ԻՐԵՆՑ ԾԱՌԵՐԸ ՄԵԿՈՒԿԵՍ ՄԻԼԻՈՆԻՑ

«Հարգել 1915 թ. անմեղ զոհերի հիշատակը, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ հանրապետությունում տնկել 1.5 միլիոն ծառ»: Գաղափարն ու նախաձեռությունը Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միությանն են, ՀՀ Սփյուռքի նախարարության հետ: Նահատակների հիշատակը հարգելու եւ սերունդների ապագան կերտելու կոչին արդեն միացել եւ վստահաբար միանալու են բազմաթիվ կրթօջախներ, զորամասեր, նախադպրոցական կառույցներ ու կազմակերպություններ` ազդարարելու ոչ միայն նոր կյանք, այլեւ հայ երիտասարդության միասնականությունը: Մեկուկես միլիոն ծառը խորհրդանշական է: Նախաձեռնությունը նման է յուրատիպ հոգահանգստի արարողության` հիշել Ցեղասպանության անմեղ զոհերին եւ հանուն նրանց հիշատակի ծառ տնկել ու ազդարարել նոր ու լուսավոր ապագա:

Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության եւ Սփյուռքի նախարարության համատեղ նախաձեռնությանն ու կոչին ապրիլի 17-ին արձագանքեցին նաեւ Արմենական-Ռամկավար ազատական կուսակցության երիտասարդական թեւի ներկայացուցիչները: Հանդիպման առաջին վայրը` Մարտունի քաղաք:

Արմենական-ՌԱԿ կուսակցության վարչության անդամ Գայանե Մուրադյանը նկատում է, որ Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությունները կուսակցությունը բարձր է գնահատում, գաղափարախոսություններն էլ շատ նման են, համագործակցությունը` անխուսափելի: «Արձագանքեցինք կոչին, որովհետեւ հայրենանվեր գործ է: Շատ կարեւոր է, որ նման կոչ են անում երիտասարդները: Փաստում է, որ կարող ենք հանգիստ լինել ապագայի համար, որովհետեւ ունենք չափազանց խելացի, հայրենասեր երիտասարդություն: Նրանք մեր վաղվա լուսավոր ապագան են, մեր հույսը: Քաղաքի ընտրությունը պատահական չէ: Մարտունին բնապահպանական առումով լուրջ խնդիրներ ունի», ասաց նա:

Կոնգրեսի երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի փոխնախագահ Մարիամ Մարտիրոսյանը նկատում է, որ այցելությունը Մարտունի նպատակ է հետապնդում նախաձեռնության մեջ ներգրավել մարզերում եւ գյուղերում ապրող երիտասարդներին, ովքեր կտրված են մայրաքաղաքում իրականացվող միջոցառումներից:

Ծառատունկի առաջին կանգառը քաղաքի փոքրիկ մատուռն էր: Արմենական-ՌԱԿ երիտասարդներին միացան նաեւ քաղաքի բնակիչները, երիտասարդներն ու քաղաքապետը: «Ծառը խորհրդանշում է հարատեւություն, մատղաշ ծառերի միջոցով հարգանքի տուրք ենք մատուցում անմեղ զոհերի հիշատակին: Կարեւոր է, որ նախաձեռնության հեղինակները երիտասարդներն են», «Ազգի» հետ զրույցում ասաց Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանը :

18-ամյա Հակոբ Պողոսյանն ազատ ժամանակն անցկացնում է պարտեզում, ծառեր տնկում, ծաղիկներ ու բույսեր մշակում: Սակայն Մարտունիում տնկած ծառերն այլ են. խորհուրդն ու զգացողություններ են ուրիշ: «Ծառատունկը նվիրված է Եղեռնի 95-ամյա տարելիցին: Իմ նախնիներից շատերն են զոհվել 1915-ին, ծառ տնկելով անմահացնում եմ նրանց ու մեկուկես միլիոն հայերի հիշատակը»:

  Թամարա Մուրադյանն առաջին անգամ է մասնակցում ծառատունկի. խոստովանում էՙ երբեւէ այսքան տպավորված չի եղել:

«Իմ տնկած ծառով նոր կյանքի սկիզբ դրվեց: Այսօր շատ ծառեր եմ տնկել, բայց միայն ծառ տնկելով չպետք է առաքելությունը համարել ավարտված: Ծառը տնկում ենք, բայց այն նաեւ խնամք է պահանջում», ասաց նա:

«Մի քանի ամիս անց եկեք եւ կտեսնեք` ձեր տնկած մատղաշ ծառերն ինչպես են մեծացել: Կհետեւենք, կխնամենք, կջրենք», ասում է Մարտունու կոմունալ ծառայության տնօրեն Լեւոն Բարսեղյանը :

Գայանե Մուրադյանը հավելում է` նորաստեղծ «Մարտունի»-ՌԱԿ ակումբի անդամներն էլ կխնամեն ծառերը:

Քաղաքի գլխավոր ճարտարապետ Սամվել Բաղդասարյանը հավելում է, որ ծառատունկը պետք է ազդակ հանդիսանա քաղաքի բնակիչների համար: «Օրինակը պետք է խթանի, որպեսզի մարտունեցիները մաքուր պահեն քաղաքն ու իրենք էլ ծառեր տնկեն»:

Արմենականները Մարտունի քաղաքում տնկեցին 125 ծառ, թիվը խորհրդանշական էր. այս տարի լրանում է կուսակցության 125-ամյա հոբելյանը:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4