Իսլանդական հրաբխի ժայթքման հետեւանքով, ինչպես օտարերկրյա բազմաթիվ ավիափոխադրողներ, «Արմավիան» որոշել է ապրիլի 16-ից չեղյալ հայտարարել դեպի Եվրոպա որոշ թռիչքներ: Երեւան-Փարիզ-Երեւան, Երեւան-Ցյուրիխ-Երեւան, Երեւան-Ամստերդամ-Երեւան ուղղություններով թռիչքները հայտարարվել են չեղյալ: «Արմավիան» տարածել է հաղորդագրություն, որով իր հաճախորդներին առաջարկում է վերաամրագրել տոմսերը, ընդ որում նշվում է, որ ամենահարմարը տոմսերի վերաամրագրումն է Երեւան-Հռոմ-Երեւան չվերթի վրա, քանի որ Հռոմի «Ֆյումինչո» օդանավակայանը աշխատում է բնականոն կարգով, կամ հարկադիր վերադարձ ձեւակերպել: Ավիաընկերությունը նաեւ տեղեկացնում է, որ ապրիլի 24-ից նոր կկայանա Երեւան-Օդեսա-Երեւան չվերթը, իսկ դեպի Կիեւ եւ Խարկով թռիչքները կիրականացվեն ըստ չվացուցակի: «Արմավիայի» մնացած պարբերական թռիչքները իրականացվում են սովորական ռեժիմով: