Անցած տարվա հոկտեմբերին ՀՀ «Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամի 2-րդ միջազգային փառատոնից հետո հաջորդ ընդգրկուն ծրագիրը «Կանաչ սերունդ-2010» քարոզարշավն էՙ գլխավոր հովանավոր «Վիվասել-ՄՏՍ»-ի եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ:
«Կանաչ սերունդ-2010»-ը մեկնարկեց շաբաթ օրըՙ «Կանաչ դպրոց» ծրագրով, Վանաձոի «Հայք» հրապարակիցՙ բացման արարողությամբ եւ «Կանաչ ավտոբուս» ուշագրավ մտահղացմամբ: Էկոկրթության վերաբերյալ գրականությամբ եւ բնապահպանական ֆիլմերով հագեցած շարժական այս յուրահատուկ գրադարանը, մայիս-հունիս ամիսներին շրջելով Հայաստանի մարզերով, տեղի բնակչությանն իրազեկ կդարձնի էկոլոգիական բազմաթիվ խնդիրներինՙ ինչպես ֆիլմերի ցուցադրության, գրքերի, այնպես էլՙ բնակչության հետ կազմակերպված քննարկումների, սեմինարների ու ցուցահանդեսների միջոցով: Ծրագրին աջակցում են ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը, գերմանական տեխնիկական համագործակցության ծրագիրը (GTZ) եւ «Վիվասել-ՄՏՍ» ընկերությունը: Վանաձորի կենտրոնական հրապարակում ավտոբուսը նկարազարդեցին «Արեւորդի» ակումբի սաները: Նրանք այս ծրագրով միացան քաղաքում հայտարարված սանիտարական մաքրման միամսյակին, ինչի մասին տեղեկացրեց քաղաքապետ Սամվել Դարբինյանը ՙ ողջույնի խոսքում: Վայրի բնության եւ մշակութային արժեքների հիմնադրամիՙ հանրային գիտակցության մեջ բնապահպանական խնդիրների շուրջը հետաքրքրություն եւ լուրջ վերաբերմունք արթնացնելու նպատակների, ընթացող ծրագրի մասին էր տնօրեն Ռուբեն Խաչատրյանի ելույթը:
Կենսաբազմազանության պահպանման անհրաժեշտության մասին խոսեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության եւ GTZ-ի ներկայացուցիչները: Մարզպետարանի դիմաց կատարվեց խորհրդանշական ծառատունկ, եղեւնիների մի քանի տնիկներ հայտնվեցին հսկա «հնաբնակների» կողքին: Միջոցառումն ուղեկցվում էր «Կարին» պարի համույթի կատարումներով:
Ծրագրի շրջանակներում Վանաձորի թիվ 10 դպրոցի աշակերտները մինչեւ հունիս իրենց հավաքած պլաստիկ շշերն ու թղթի թափոնը հանձնելու են «Արեւորդի» էկո-ակումբինՙ հանձնելու վերամշակող ընկերությանը: Այդ աշխատանքի դիմաց ստացված գումարով դպրոցը ձեռք կբերի տնկիներՙ դպրոցամերձ տարածքը կանաչապատելու համար: Ավելի մեծաքանակ թափոն հավաքած աշակերտները կարժանանան հիմնադրամի եւ «Վիվասել-ՄՏՍ» ընկերության մրցանակներին:
Քաղաքապետարանի աջակցությամբ Վանաձորում ստեղծվեց «Արեւորդի» էկո-ակումբ:
Մ. Բ.