Ժամանակի ընթացքում ես եկել եմ այն համոզման, որ մարդիկ նման են բնությանը. տաք, սառը, բարեխառն, հախուռն, տարերային, հանդարտ-արվեստագետները, անհատականություններըՙ հատկապես: Եվ առաջին իսկ հեռակա ծանոթությանը (ռադիոեթերից) Դավիթ Հովհաննեսին նմանեցրի հրաբխի _ հզոր, ժայթքուն, տաք, ցնցող, եւ միաժամանակՙ ձգող -դա 1997 թ. ապրիլի 24-ին էր, երբ «Ստերեո-ստուդիայի» ուղիղ եթերում առաջին անգամ լսեցի նրա խոսքը _ հատու, խելացի, ոգեւորող:
Դավիթ Հովհաննեսը նաեւ ընդերքի է նման, Մայր հողի _ որքան պեղում ես, այնքան արժանիքներ են ի հայտ գալիս. ոչ միայն տաղանդավոր բանաստեղծ, այլ նաեւ փայլուն հռետոր, խիզախ անհատ, ազնիվ քաղաքացի, ճակատի զինվոր, արժանապատիվ եւ կամային մարդ, որի խոսքը խոսք է, գործըՙ գործ:
Դավիթ Հովհաննեսին լսողը չի կարող ազնիվ չլինել, չի կարող հայրենասեր չլինել, չի կարող մարդ չլինել: Հիշում եմ, Հ1-ով Դավիթ Հովհաննեսը ուղիղ եթերում հեղինակային հաղորդաշար ուներ եւ հաճախ եմ շաբաթ օրերը աշխատանքից բացակայել միայն նրա համար, որ վայելեմ ազնիվ, թեք, անխարդախ մտքի եւ խոսքի այն հրավառությունը, որ հնչում էր էկրանից:
Նա այն բացառիկ բանաստեղծներից է, որ կուլիսների համար չէ ստեղծված, ետնաբեմի համար չէ. նա առաջամարտիկ է, քաջ գիտակցելով, որ առաջին գծում գտնվելով, առաջին հարվածն իր վրա է ընդունելու:
Նրա համար չկան տաբու թեմաներ, չարծարծվող հարցեր. ինչպես իր պոեզիայում չի թողնում, որ, իր բնորոշմամբ, բառը քնի բառարանում, այնպես էլ իր ելույթներում կամ հարցազրույցներում նա երբեք շաբլոն բաների մասին չի խոսում, չի երկնչում իրերն ու անձանց իրենց իսկական անուններով կոչել, մատը դնել ցավոտ վերքի վրա, իր սուր, հաճախ հզոր գրչով խառնել արտաքինից նորմալ թվացող շատ երեւույթներ, հեռատեսորեն կանխագուշակելով նաեւ ապագան:
Նա իմ ճանաչած արվեստագետներից միակն է, ով առանց դիրքի եւ կոչման նայելու կարողանում է հայելի պարզել բոլորինՙ իրենց ճիշտ դեմքն ու հոգին ցույց տալու համար, եւ, համոզված եղեք, հեքիաթի կախարդական հայելու նման, այդ աներեւույթ հայելին նույնպես երբեք չի կեղծում, այդ է պատճառը, որ շատերը վախենում են նրանից:
Րաֆֆու բնորոշմամբ, բոլորի բարեկամը ոչ մեկի բարեկամն էլ չէ: Դավիթ Հովհաննեսը քչերին է ընդունում իր ընկերների, մտերիմների կամ սիրելիների շրջանակը. դա ընտրյալների տեղ է, եւ ինքն էլ, թեպետ քչերի բարեկամն է, բայց իսկական, նեղ օրվա, կյանքի երկար ճանապարհի բարեկամ է:
Եվ թույլ տվեք ասել, չնայած տարիքային զգալի տարբերությանը, ես էլ եմ դասվում նրա բարեկամների շարքին եւ այդ ժամանակ եմ երջանկություն ունեցել բացահայտել նրա մեջ մի տաղանդ եւս. ասմունքելու տաղանդը, թե իր ստեղծագործությունների, թե իր պաշտելի Չարենցի:
Վահրամ Փափազյանի միտքն էլ է Դավիթ Հովհաննեսին բնորոշ. «Տաղանդավոր մարդը տաղանդավոր է ամեն ինչում»:
Նա նաեւ այն բացառիկ անհատներից է, որ բացճակատ կարող է երկիր ներկայացնել, ինտելեկտ զարգացնել, կյանք եւ հասարակություն զարդարել, նաեւ հասարակություն կրթել:
Մեր մեծ բանաստեղծներից յուրաքանչյուրը նույնացվում է ժողովորդի հավաքական մի կերպի, որակի հետ. թե Թումանյանը ազգի բարությունն էր, Տերյանըՙ քնարական ոգին, Իսահակյանըՙ իմաստուն միտքը, Դավիթ Հովհաննեսը խիզախ ոգին է:
Ուստի երբեք չփակենք մեր հոգու եւ սրտի ականջները, ունկնդիր լինենք նրա սթափեցնող, շիտակ խոսքին:
Եվ հիմա սիրելի բանաստեղծը 65 տարեկան է:
Մի՞թե...
Ինչպես հոբելյարն է հաճախ ասում, եւ ինչպես միշտՙ ճիշտ է ասում, ինքը դեռ մտքով եւ սրտով շատ երիտասարդ է, եւ համոզված եմ, նույնիսկ 90 տարեկանում նա լինելու է նույն կենսախինդ Դավիթ Հովհաննեսը:
Ի՞նչ ավելացնեմ իմ այս սրտաբուխ, անկեղծ խոսքերին, շնորհավորելով հոբելյարին. ինձ թվում է միայն ու միայն առողջություն, որ երկար ապրիՙ զարդարելով ե՛ւ մեր կյանքը, ե՛ւ հայ Պառնասը, քանի որ մնացած ամեն ինչ նա լիուլի ունի. ե՛ւ տաղանդ, ե՛ւ ազնիվ սիրտ, ե՛ւ հոյակապ, հրաշալի ընտանիք:
ԳԱՅԱՆԵ ԱԹԱՆՅԱՆ, Բանաստեղծուհի