Առ ի գնահատումն արվեստագետների կյանքում կանանց դերի, Կալիֆոռնիայում հիմնադրվել է «Փարաջանով-Վարդանով մրցանակը», որն առաջին անգամ այս տարի Բեւերլի Հիլզի «Ֆոր սիզընզ Բեւերլի Ուիլշիր» հյուրանոցում կայանալիք 10-րդ տարեկան կինոփառատոնի մրցանակաբաշխության ժամանակ հանձնվելու է երկու ազդեցիկ կինոգործիչներիՙ Սերգեյ Փարաջանովի (1924-1990) եւ Միխայիլ Վարդանովի (1937-2009) այրիներին: Մրցանակ է շնորհվելու նաեւ անկախ կինոյի ջատագով եւ «Բեւերլի Հիլզ կինոփառատոնի» հիմնադիր Նինո Սիմոնին:
Մրցանակներն իրենց արժանի տերերին է հանձնելու «Փարաջանով-Վարդանով ինստիտուտի» ներկայացուցիչը: Հանձնման արարողությունից առաջ, ըստ այդ առթիվ ստացված հաղորդագրության, ցուցադրվելու է Վարդանովի նկարահանած «Փարաջանով: Վերջին գարունը» ֆիլմըՙ Ջեյմս Բրիջեսի թատրոնի «Մելնից» դահլիճում: Ցուցադրմանը ուղեկցելու է դասական երաժշտության կարճ մի համերգ եւ լուսանկարների դիտումՙ «Հայրիկ, ես կկրեմ քո բերետը» ընդհանուր խորագրի ներքո:
Փարաջանովի եւ Վարդանովի կանայքՙ Սվետլանա Շերբատյուկն ու Սվետլանա Մանուչարյանը իրենց ամուսինների կողքին են եղել հետապնդումների ամենադժվարին ժամանակներում եւ մեծապես նպաստել են նրանց գլուխգործոցների պահպանմանը: Նինո Սիմոնը, բացի 2001-ին Բեւերլի Հիլզի կինոփառատոնը հիմնադրելուց, վերակենդանացրել է այնպիսի մոռացված, բայց արժեքավոր կինոժապավեններ, ինչպիսիք են Գրիֆիթի «Հին Կալիֆոռնիայում» (1990), Վարդանովի «Փարաջանով: Վերջին գարունը» (1992) եւ Կապուչիոյի «Ֆելինիի հետ դեպի լուսին» (2006) ֆիլմերը:
Միխայիլ Վարդանովը հայտնի է իր ստեղծած «Չղեկավարվող շարժման ուղղությունը» վավերագրական ֆիլմերի նկարահանման նոր մեթոդով: 1968-ի իր հուշերում նա գրել է «Ինձ համար... Գրիֆիթից եւ Էյզենշտեյնից բացի կինոաշխարհը ոչ մի նոր, հեղափոխական բան չի տեսել մինչեւ (Փարաջանովի) «Նռան գույնը»: Իսկ իր հերթին Փարաջանովը նրա հասցեին 1974-ին խորհրդային բանտից գրել է. «Վարդանով, դու ունես այն ամենն, ինչ որեւէ արվեստագետ պետք է ունենա. սուր միտք, բարություն, սկզբունքներ եւ ազատություն:... Գուցե դու իմ միակ ընկերն ես, որն ինձ ստիպում է շարունակել ապրել»:
Կինոփառատոնի մասին հավելյալ տեղեկություններ ստանալու համար հաղորդագրությունը խորհուրդ է տալիս այցելել www.beverlyhillsfilmfestival.com կայքը:
Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ