«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#68, 2010-04-16 | #69, 2010-04-17 | #70, 2010-04-20


ՉԵՄՊԻՈՆՆ ԻՐԵՆ ԱՐԺԱՆԻ ՏԵՂՈՒՄ Է

Անհաջողությունները հետապնդում են շիրակցիներին

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 4-րդ տուրն անվանեց միանձնյա առաջատարին: Դա երկրի բազմակի չեմպիոն «Փյունիկն» է, որը տուրի կենտրոնական խաղում 1-0 հաշվով հաղթեց «Ուլիսին»: Ստացվել էր այնպես, որ ընդամենը 5 օրում մրցակիցները երկու անգամ մրցավեճի բռնվեցին: Առաջին խաղում, որը Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչն էր, «Փյունիկը» հաղթել էր 2-0 հաշվով շնորհիվ Մարկոսի եւ Ալբերտ Թադեւոսյանի խփած գոլերի: Ի տարբերություն գավաթային հանդիպման, այս անգամ «Ուլիսը» բավական լուրջ դիմադրություն ցույց տվեց եւ կարող էր խուսափել պարտությունից, եթե օգտագործեր գոլային պահերից գոնե մեկը:

«Ուլիսի» հետ խաղում «Փյունիկին» թիմի ավագի թեւկապով խաղադաշտ էր դուրս բերել Կառլեն Մկրտչյանը, որը նախորդ հանդիպումը բաց էր թողել քիթը ջարդելու պատճառով, որի հետեւանքով խաղում էր պաշտպանիչ դիմակով: Իսկ «Փյունիկի» ավագ Սարգիս Հովսեփյանը գտնվում էր Մյունխենում, որտեղ ոտքի վիրահատության էր ենթարկվել: Նրա բացակայությունը չանդրադարձավ «Փյունիկի» մրցելույթի վրա:

Արդեն 14-րդ րոպեին իր վարպետ խաղով կրկին աչքի ընկավ բրազիլացի Մարկոսըՙ մոտ 20 մետրից գեղեցիկ հարվածով գնդակն ուղարկելով դարպասի վերին անկյունը: Մինչեւ ընդմիջում գնդակը եւս 3 անգամ կարող էր հայտնվել դարպասում: Սակայն նպաստավոր դիրքերից վրիպեցին ուլիսցիներ Արա Հակոբյանն ու Դավիթ Գրիգորյանը եւ փյունիկցի Ալբերտ Թադեւոսյանը:

Ընդմիջումից հետո ավելի ակտիվ էին ուլիսցիները, որոնք ձգտում էին վերականգնել հաշվի հավասարակշռությունը: «Փյունիկի» մարզիչներն աստիճանաբար փոխարինեցին փորձառու ֆուտբոլիստներինՙ խաղադաշտ մտցնելով տակավին երիտասարդ խաղացողների, որոնք եւս հմտորեն էին գործում: Այնուամենայնիվ, «Ուլիսն» ունեցավ պարտությունից խուսափելու հնարավորություններ, սակայն Դավիթ Գրիգորյանն ու Ռաֆայել Մկրտչյանը չիրացրին գոլային պահերը: «Փյունիկն» առանց մեծ ճիգեր գործադրելու խաղը հասցրեց հաղթական ավարտի: «Ուլիսն» առաջնությունում անդրանիկ պարտությունը կրելով, մեկ հորիզոնականով նահանջեց:

Անհաջող մեկնարկից հետո աստիճանաբար իր խաղը կարգավորում է «Բանանցը», որը Կապանում 2-1 հաշվով պարտության մատնեց «Գանձասարին»: Դա ՀՀ առաջնություններում «Բանանցի» հոբելյանականՙ 200-րդ հաղթանակն էր: Թիմի հաջողությունն ապահովեցին 11 մ հարվածով Սամվել Մելքոնյանի եւ Արսեն Բալաբեկյանի խփած գոլերը: Դաշտի տերերից խաղավերջում աչքի ընկավ Արսեն Ավետիսյանըՙ խփելով ընթացիկ առաջնությունում 3-րդ գոլը: Ուրախալի է, որ 37-ամյա վետերանը, որը Հայաստանի առաջնությունների ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է (191 գոլ), չնայած պատկառելի տարիքին, չի կորցրել իր նշանառությունը: Մնում է, որ նրա թիմակիցներն էլ աչքի ընկնեն դիպուկությամբ, որպեսզի ապահովեն «Գանձասարի» հաջող մրցելույթները:

Վերջապես հաղթանակի քաղցրությունը ճաշակեց բարձրագույն խմբի նորեկ Դիլիջանի «Իմպուլսը», որը «Հրազդանում» հյուրընկալվել էր «Կիլիկիային»: Հետաքրքրական է, որ խաղի ելքը վճռեց Ռոմեո Ջենեբյանի խփած միակ գնդակը: Փորձառու այս ֆուտբոլիստին թիմի մարզիչները հեռացրել էին կոլեկտիվից Արամ Հակոբյանի եւ Արման Մինասյանի հետ, սակայն հետագայում փոխեցին իրենց վճիռը: Եվ Ջենեբյանն այդ վստահությունն արդարացրեցՙ անդրանիկ հաղթանակը պարգեւելով իր թիմին: Հիշեցնենք, որ նախորդ տուրում «Իմպուլսը» ոչ-ոքի էր խաղացել երկրի չեմպիոն «Փյունիկի» հետՙ վաստակելով առաջին միավորն առաջնությունում: Ինչպես երեւում է, Վարուժան Սուքիասյանի սաներն աստիճանաբար կարգավորում են իրենց խաղը, սեփական ուժերի նկատմամբ վստահություն են ձեռք բերում: Անհանգստացնում է «Շիրակի» չափազանց անհաջող մեկնարկը, որը վատագույնն է թիմի պատմության մեջ Հայաստանի առաջնություններում: Շիրակցիները 4-րդ անընդմեջ պարտությունը կրեցինՙ Գյումրիում 0-1 հաշվով զիջելով «Միկային»: Հյուրերին հաղթանակ պարգեւեց Վիգեն Համբարձումյանի խփած միակ գոլը: «Շիրակն» իրոք հայտնվել է դժվարին կացության մեջ: Առանց այն էլ վերջին 4-5 տարիներին թիմը ֆինանսական դժվարությունների առջեւ է հայտնվել: Եվ եթե «Շիրակը» հրաժեշտ տա բարձրագույն խմբին, ապա ֆուտբոլը Գյումրիում պարզապես կարող է «մեռնել»:

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. Փյունիկ43108-210
2. Միկա43019-49
3. Ուլիս42116-37
4. Բանանց42119-97
5. Կիլիկիա42026-56
6. Իմպուլս41123-84
7. Գանձասար41033-63
8. Շիրակ40041-80

Ռմբարկուները

Սամվել Մելքոնյան«Բանանց»4
Էդուարդո դո Սանթոս«Բանանց»3
Արսեն Ավետիսյան«Գանձասար»3
Մինդաուգաս Գրիգալեւիչուս«Միկա»2
Ուլիսես Մոնտենեգրո«Միկա»2
Ալբերտ Թադեւոսյան«Փյունիկ»2
Գագա Թբիլաշվիլի«Ուլիս»2
Սարգիս Մովսիսյան«Կիլիկիա»2
Մարկոս Պիզելի«Փյունիկ»2

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4