Բանակցային գործընթացից «լավատեղյակ» Թուրքիան իր նկրտումներում կտրվել է իրականությունից
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հաճախ այնպիսի շահագրգռվածություններ են արտահայտվում, որ քիչ է մնում հավատալուն, թե իսկապես շատերը բան ու գործը թողած կնվիրվեին ղարաբաղյան հարցի լուծմանը, միայն թե տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն լիներ, կարծես հենց Լեռնային Ղարաբաղի հարցի լուծմամբ Հարավային Կովկասը ծաղկելու է, բարգավաճելու ու զարգանալու:
ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացում ներգրավվելու, իսկ ավելի ճիշտՙ այդ գործընթաց խցկվելու հավակնություններ քանիցս մեր հարեւաններն արտահայտել են, մասնավորապես Թուրքիան եւ Իրանը: Սեփական դերակատարությունը տարածաշրջանում ակտիվացելու կամ մեծացնելու ցանկությունն է թելադրում ղարաբաղյան գործընթացում հայտնվելու մտայնությունը, որ չեն հոգնում կրկնել ինչպես իրանյան, այնպես էլ թուրքական իշխանությունները:
«Ազգը» երեկ ներկայացրել է Իրանի արտգործնախարարի հայտարարությունը ղարաբաղյան հարցում միջնորդ դառնալու ցանկության առնչությամբ, որին ԱՄՆ-ից նեղացած Ադրբեջանը անմիջապես դրական արձագանք է տվել:
Թուրքական կողմն էլ, իր հերթին, այնքան հաճախ է քննադատում Մինսկի խմբի գործընթացն ու համանախագահների աշխատանքը, որ տպավորություն կարող է ստեղծվել, թե Թուրքիան քուն ու դադար կորցրել է Հարավային Կովկասում այդ հակամարտության կարգավորման երկարաձգման պատճառով:
Մասնավորապես, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ թուրքական «NTV» հեռուստաընկերությանը տված հարզացրույցում անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը: Կրկին դժվարությամբ ընկալելով թուրք պաշտոնյայի խոսքերը որպես «ուղղախոսություն»` հասկանալի չէ, թե ինչպես է Էրդողանը հայտարարել. «Ղարաբաղյան հարցի կարգավորումը մեր նախապայմանը չէ, այլՙ Ադրբեջանի: Մենք սերտ կապված ենք այդ գործին, դրա համար էլ ցանկանում ենք այդ հակամարտության լուծումը»:
Էրդողանն այնպիսի «գիտակությամբ» եւ «տեղեկացվածությամբ» է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին, որ մնում է զարմանալ, թե բանակցությունների գաղտնիությունն ինչու են փորձում պահպանել հենց բանակցային կողմերը, երբ այդքան տեղյակ հարեւանը տարբեր առիթներով փորձում է ներկայացնել իր «իմացած-չիմացածը»:
Թուրքիայի վարչապետի մատուցմամբ, հայ եւ ադրբեջանական կողմերը բանակցային գործընթացում ներկայումս իբր քննարկում են 5+2 տարբերակով «ադրբեջանական շրջանների» վերադարձի հարցը: Ավելին, ըստ Թուրքիո բազմախոս վարչապետի, այս հարցի վրա է աշխատում նաեւ ԵԱՀԿ Մինսկի խումբը:
Ինչեւէ, չնայած Մինսկի խմբում հայտնվելու կամ որեւէ կերպ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում միջնորդ դառնալու հավակնությունները գնալով ուժեղանում են, այդուամենայնիվ, Մինսկի խմբի ձեւաչափը մնում է անփոփոխ:
Հերթական անգամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները լրիվ կազմով Երեւան եւ Ստեփանակերտ այցելեցին մարտի 26-29-ին: Այդ ժամանակ, ի շարս այլ տեղեկատվության, լուր տարածվեց, որ ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը վերջին անգամ էր այցելում տարածաշրջան համանախագահի դերում: Հատկանշական էր, որ համանախագահները մարտի վերջին կատարած այցելության ընթացքում չեղան Բաքվում, ինչն էլ լրացնելու փորձ է արվել երեկ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի եւ ռուսաստանցի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն եւ Յուրի Մերզլյակովը երեկ ժամանել են Ադրբեջան, հանդիպել արտգործնախարար էլմար Մամեդյարովի եւ նախագահ Ալիեւ կրտսերի հետ: Նախապես արդեն հայտարարվել էր, որ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն Ադրբեջան չէր այցելելու, թեեւ որեւէ բացատրություն չէր տրվել այս առնչությամբ:
Հետաքրքրական է, որ Բաքու այցելությանը Յուրի Մերզլյակովի հետ ներկայացել է նաեւ ռուսաստանցի նոր համանախագահ Իգոր Պոպովը: «Ազգը» տեղեկացրել էր այն լուրերի մասին, թե ռուսաստանցի համանախագահի պաշտոնում նոր դիվանագետ է նշանակվելու: Որ Յուրի Մերզլյակովը դադարելու է Ռուսաստանը ներկայացնել Մինսկի խմբում, հայտարարել էր հենց ինքը` համանախագահը:
Նշվող թեկնածությունը, ի դեմս Մոզամբիկում Ռուսաստանի դեսպան Իգոր Պոպովի, չէր հաստատվում, սակայն այս այցելությամբ ակնհայտ է, որ նոր նշանակման մասին անտեղյակ ներակայացող նոր համանախագահը պետք է որ գոնե տեղեկացված լիներ նոր նշանակման մասին:
Ինչեւէ, հետաքրքրական է եւս մեկ հանգամանք: Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են, թե նախագահ Ալիեւի հետ հանդիպմանը ներկա են գտնվել ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը իր փոխարինող Իգոր Պոպովի հետ: Ռուս դիվանագետներին ուշացումով միացել է նաեւ ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն, ամենայն հավանականությամբ, Իսլանդիայում ժայթքած հրաբխի ծխից չվացուցակների անհաստատության պատճառով, թեեւ ամերիկացի համանախագահի Բաքու ավելի ուշ այցելելու մասին պարզաբանումներ չեն տրվել:
Իգոր Պոպովն էլ, իր հերթին, Ադրբեջանի նախագահին ներկայացվելուց հետո ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, թե նորից չի սկսելու աշխատանքը որպես համանախագահ, այլ շարունակելու է իր նախորդի գործունեությունը: Եվ քանի որ Ռուսաստանի դիրքորոշումը ԼՂ հարցում մնում է նույնը, դիվանագետն ընդգծել է, որ ռուսաստանցի համանախագահի փոփոխությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքում փոփոխություններ չեն լինի: