Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի շրջանակներում, ՀՀ սփյուռքի նախարարությունը ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ կազմակերպել էր միջազգային գիտաժողով «Մշակութային եղեռն» խորագրի ներքո: Գիտաժողովն ուղիղ կապով հեռարձակվում էր Հյուսիսային Ամերիկայում եւ Կանադայում:
Գիտաժողովը բացվեց հոտնկայս մեկ րոպե լռությամբՙ հարգանքի տուրք մատուցելով մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակին: Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք. Կճոյանի Տերունական աղոթքից հետո, գիտաժողովի աշխատանքները բացեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը :
Նախարարն, անդրադառնալով մեր ազգային մշակույթի ոչնչացումներին, վանդալիզմին, Թուրքիայում 2200 եկեղեցիների, տաճարների ոչնչացմանը, տեղանունների վերափոխմանը, մեր ձեռագրերի, գանձերի ոչնչացմանը, որոնց շարքին ավելացավ նաեւ Ջուղայի խաչքարերի անհետ ավերումը, նշեց. «Թուրքական ձեռագիրը շարունակվեց Ադրբեջանում, եւ մարդկության սառը հայացքի ներքո ոչնչացվեցին 10.000-ից ավելի խաչքար-գերեզմաններ»:
Կոչ անելով «պայքար տանել, բողոքել, պահանջել, դատապարտել այս ամենը, ու պատասխանատվություն կրեն նրանք, ովքեր իրականացնում են այդպիսի պետական մշակված քաղաքականություն, «մշակութային եղեռն», որն, ըստ մասնագետների, եւս ցեղասպանություն է»:
Գիտաժողովում ողջույնի խոսքեր ասացին ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը , ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը , որոնք անդրադարձան հոգեւոր եղեռնին, լեզվի, մշակույթի խեղաթյուրմանը, նաեւ աշխարհասփյուռ հայերի պայքարին, որոնք ցավը սրտում սպասում են այն երջանիկ օրվան, որ կդատապարտվի Ցեղասպանությունը, եւ հայը տեր կկանգնի իր պատմական հողերին, Արեւմտյան Հայաստանում: Եվ այդ ամենին հասնելու համար առաջարկեցին համախմբվել ու ստեղծել մի ծրագիր, որով կկարողանանք պայքարել մեր իրավունքների համար, սահմանադրությամբ իրականություն դարձնել մեր պետությունից դուրս գտնվող հայկական մշակութային ժառանգության եւ հատկապես հուշարձանների պահպանության խնդիրները եւ նաեւ իրականացնել ազգային անվտանգության ռազմավարության հիմնահարցըՙ հայապահպանության առումով:
Ուշագրավ ու հետաքրքրական էր Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ծավալուն զեկույցը «Մշակութային ցեղասպանությունըՙ 21-րդ դարի մարտահրավեր» թեմայով: Մեկ տասնյակից ավելի զեկուցումներ հնչեցին: Ցավոք օտարազգի 4 հայտնի պատմաբան գիտնականներն այս օրերին Եվրոպայի չվերթների դադարեցման պատճառով չէին կարողացել ներկա գտնվել գիտաժողովին: Միայն Հունգարիայից Էվա Մերենիչն էր ժամանել, որն էլ ներկայացրեց «Թուրքիայի եւ Ադրբեջանի քարոզչական քաղաքականությունը Հունգարիայում» թեմայով զեկույցը:
Գիտաժողովի նպատակն էր ճշգրտել արտասահմանցի գիտնականների ցանկը, նրանց ընդգրկել ու ներգրավել Հայոց ցեղասպանության մշակութային ցեղասպանության ուսումնասիրման գործում: Առայժմ կան նման չորս մասնագետներՙ Էրվին Վիգենար (Հոլանդիա), Պամելա դե Կոնդապա (Մեծ Բրիտանիա), Էվա Մերենիչ (Հունգարիա) եւ Ուիլյամ Շաբաս: Տարվա ընթացքում ցեղասպանագետ այս մասնագետները կգան Հայաստան եւ ելույթներ կունենան:
Դժբախտաբար, Թուրքիայից ոչ մի մասնագետ չէր հրավիրվել գիտաժողովին:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ