«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#69, 2010-04-17 | #70, 2010-04-20 | #71, 2010-04-21


ՍԻՐԻԱՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԱՐԱԲԵՐԵՆՈՎ ԲԵՄԱԴՐԵՑԻՆ ՊԱՐՈՆՅԱՆԻ «ՄԵԾԱՊԱՏԻՎ ՄՈՒՐԱՑԿԱՆՆԵՐԸ»

Բեմը միշտ եղել է եւ կլինի այն վայրը, որ հնարավորություն է ընձեռում ծանոթանալ տարբեր ազգերի մշակույթին: Օրերս Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի կարմիր դահլիճում ներկայացման պրեմիերա էր. սիրիացի ուսանողների նախաձեռությամբ արաբերեն լեզվով բեմադրվեց Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» պիեսը: Սկզբում գաղափարը շատերին երազային ու ռոմանտիկ էր թվում: Մասնակիցների համար ներկայացումն առաջին բեմելն էր, անհանգստությունն էլ, որ հայ հանդիսատեսը օտար լեզվով չի ընկալի այդչափ սիրելի ներկայացումը` մեծ էր:

Պիեսի ընտրությունը պատահական չէր. վստահ էին` ցանկացած ազգի մեջ եւ յուրաքանչյուր դարաշրջանում կարելի է հանդիպել մեծապատիվ մուրացկանների:

Բեմադրությունը ուսանողների համար ճանապարհ հանդիսացավ` ծանոթանալու հայ գրականությանը, ներկայացումը կամրջեց հայկական եւ արաբական մշակույթները` խթան հանդիսանալով ամրապնդել եւ խորացնել հարաբերությունները:

Ներկայացմանը ներկա էին Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի միջազգային կապերի պրոռեկտոր Երվանդ Սահակյանը, Սիրիայի դեսպանատան մշակութային հարցերի պատասխանատու Նաուուար Զիդանը, դեսպանատան աշխատակազմը, Սիրիայի ուսանողական ազգային միության փոխնախագահ Ադել Հաջ Հինետին, Հայաստանում բնակվող Իրաքի, Եգիպտոսի, Լիբանանի համայնքների ղեկավարներ, ներկայացուցիչներ, հայ եւ սիրիացի ուսանողներ:

Բուռն ծափողջյուններն ու «բռավոները» փաստեցին, որ ներկայացումը հաջողվել է:

ՄՈՎՍԵՍ ԽԵՉՈ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4