Այսօր Թաթուլ Կրպեյանի ծննդյան 45-ամյակն է
Յուրաքանչյուր ազգ ունենում է հերոսներ, ովքեր մարմնավորում են ազգի հավաքական լավագույն հատկանիշները: Արցախյան հերոսամարտը իր փառապանծ հաղթանակով հայ ժողովրդին պարգեւեց բազմաթիվ հերոսներ: Նրանցից մեկն էլ Թաթուլ Կրպեյանն էր:
26-ամյա Թաթուլին արցախյան հերոսամարտ մղեց նախնիների երազանքը` տեսնել հայրենիքն ազատագրված: Արցախում Թաթուլը երկու նվիրական գործ էր կատարում` դպրոցում հայոց պատմություն եւ երգեցողություն էր դասավանդում ու պաշտպանում հայրենիքի սահմանները:
Նրան վստահվեց Գետաշենի պաշտպանությունը: Երբ խորհրդային բանակն ու ադրբեջանական ՕՄՕՆ-ը այնտեղ սկսեցին «Օղակ» գործողությունը, Թաթուլին հաջողվեց միայնակ գերի վերցնել ռուս գնդապետ Մաշկովին, որն այդ տարիներին աջակցում էր թշնամուն, եւ կյանքի գնով փրկեց իրադրությունը:
Կրպեյանը վերցրեց «Օղակ» գործողության պլանն ու պայթեցրեց նռնակը, սակայն Գետաշենը հավերժ ազատ տեսնելու նրա երազանքն այդպես էլ իրականություն չդարձավ: 1991 թ. ապրիլի 30-ին նրա սրտի զարկը կանգ առավ` պատմության մեջ Թաթուլ Կրպեյան անունը ամրագրելով:
«Քամին քարին ի՞նչ կանի: Ինչքան էլ քամիներ փչեն, քարի մեջ ուժը մնում է: Գետաշենն ինձ համար սրբություն է: Գետաշենը կդատարկվի միայն իմ դիակի վրայով»: Սրանք մարտի ժամանակ Կրպեյանի արտաբերած խոսքերն են: Իր խոսքին հավատարիմ մնաց: Գետաշենը դատարկվեց, սակայն իր մահով փրկեց 3000 հոգու կյանք:
Այսօր լրանում է ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան 45-ամյակը:
Ընկերներն ասում են, որ Թաթուլը չկա միայն ֆիզիկապես, հոգեպես նրանց հետ է:
Ազատամարտիկ, բժիշկ Գեւորգ Գրիգորյանը Թաթուլ Կրպեյանի ամենահավատարիմ ընկերներից էր: Ասում է` այնքան մտերիմ էին, որ զենքն իրեն էր վստահում: «Բայց կար մի բան, որ ոչ ոքի չէր վստահում, դա նռնակն էր, որ միշտ իր գրպանում էր պահում: Օրհասական պահին նռնակը գործի դրեց` իր մահով փրկելով հազարավոր գետաշենցիների կյանքը: Պահը ճակատագրական էր, գյուղում սպանում էին, կանանց բռնաբարում, երեխաներին մորթում: Պայթյունից հետո սպանդը դադարեց ու տեղի ունեցավ Գետաշենի հայաթափումը», հիշում է նա:
Թաթուլի դուստր` Ասպրամը 1 տարեկան էր, երբ հայրը զոհվեց:
«Կենդանի հիշողություններ չկան, բայց դաստիարակվել եմ հորս հայրենասիրական գաղափարներով ու ոգով: Նա սիրված հերոս է, նրան հարգում են: Իր սխրագործություններից ոգեշնչված հարյուրավոր երիտասարդներ զենքի վրա հորս անունով երդվեցին, որ կպաշտպանեն հայրենիքը»:
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դոցենտ Արտավազդ Դարբինյանը հիշում է, որ դեռ ուսանողական տարիքից Թաթուլն աչքի էր ընկնում հայրենասիրական ոգով:
«1988-ին նա առաջիններից էր, որ հայտնվեց Ազատության հրապարակում, սակայն շատ շուտ հասկացավ, որ ազգի ճակատագիրը միայն միտինգներով եւ երթերով չի որոշվում: Թաթուլն առաջին կամավորներից էր, որ մեկնեց Արցախ: Նա գիտակցում էր, որ Գետաշենը չպետք է կորցնել, հասկանում էր, որ հայ ժողովրդի ապագան Արցախի ազատագրումն է: Հանուն Գետաշենի ժողովրդի փրկության նա նժարի վրա դրեց իր կյանքը»:
Այսօր Թաթուլ Կրպեյանն ապրում է ընկերների, բարեկամների, հարազատների հոգում: Պատմության ֆակուլտետում գործում է Թաթուլ Կրպեյանի անվան լսարանը: Շուտով նրա օրագրի, մարտական ընկերների արխիվի եւ նամակների հիման վրա կհրատարակվի Թաթուլ Կրպեյանի մասին գիրք, կնկարահանվի չորրորդ ֆիլմը:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ