Ապրիլի 26-27-ին Բաքվում տեղի է ունենալու կրոնապետերի միջազգային գագաթաժողովը, որին մասնակցելու են քրիստոնեական եկեղեցիների, իսլամական, հուդայական, բուդդիստական համայնքների առաջնորդները: «Ազգն» արդեն անդրադարձել է այս հանդիպմանը եւ մասնավորապես այն հանգամանքին, որ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը մասնակցության հրավեր է ներկայացրել նաեւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին:
Դեռեւս պաշտոնապես հայտարարություն չի տարածվել, թե արդյոք հայոց կաթողիկոսը մեկնելո՞ւ է Բաքու եւ մասնակցելու միջկրոնական գագաթաժողովին, որին որպես հիմնական թեմա է ներկայացվում «Գլոբալիզացիան, կրոնը, ավանդական արժեքները» քննարկումը:
Այս գագաթաժողովին ու քննարկմանը հայոց կաթողիկոսի մասնակցության հավանականության առնչությամբ մեր թերթն արդեն կարծիք էր հայտնել, որ Գարեգին Բ կաթողիկոսը չի մերժի Ռուսաց պատրիարքի միջնոդրությունն ու կմեկնի Բաքու: «Ազգի» հավաստի տեղեկությունների համաձայն, որոշումն արդեն կայացվել է, եւ Հայոց կաթողիկոսը կայցելի Բաքու` մասնակցելու գլոբալիզացվող աշխարհում կրոնի ու ավանդական արժեքների հարցերի քննարկմանը միջկրոնական գագաթաժողովում:
Գագաթաժողովի կազմակերպիչն է ԱՊՀ միջկրոնական խորհուրդը, որը նախկին ԽՍՀՄ երկրների տարածքում ամենախոշոր միջկրոնական կառույցն է, որի նախագահության կազմում են ԱՊՀ-ում ավանդական կրոնների առաջնորդները:
Մեր տեղեկություններով, գագաթաժողովի ավարտին կրոնապետները հանդես են գալու համաձայնեցված կոմյունիկեով: Թեեւ այսօրինակ հայտարարությունները որպես կանոն ընդհանրական արժեքներ են հրապարակում, սակայն նկատի առնելով գագաթաժողովի անցկացման վայրը, ամենայն հավանականությամբ, արդարացված են մտավախությունները, որ ընդհանուր հայտարարությունը կարող է ուղեկցվել կամ ներկայացվել Հայաստանի համար, մեղմ ասած, անցանկալի, եթե ոչ անընդունելի համատեքստում: Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների դրսեւորած մոտեցումների պարագայում կոմյունիկեն կարող է ուեղկցվել ելույթով ու շփոթություն առաջացնել կոմյունիկեի բովանդակության առնչությամբ, քանի որ ադրբեջանական կողմի բոլոր ներկայացուցիչներն ամեն ինչ աղավաղելու հարցում միջոցների մեջ խտրություն չեն դնում:
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ