«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#70, 2010-04-20 | #71, 2010-04-21 | #72, 2010-04-22


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԱԱ. ԼԻՆԵ՞Լ, ԹԵ՞ ՉԼԻՆԵԼ

Եվ արդյոք չե՞նք փորձում «հեծանիվ» հայտնագործել

...Այդ հարցերի շահարկումը մերթ թուլանում է, մերթ էլ բորբոքվում նոր ուժով: Վիճում են նույնիսկ նրանք, ովքեր առհասարակ հեռու են գիտությունից: Հակառակորդների փաստարկները աչքի են ընկնում անիրազեկությամբ, կառուցողականության բացակայությամբ, այլեւ սոսկ ամեն ինչ ջարդելու եւ ինչ-որ «նոր բան»...հայտնագործելու ձգտմամբ: Նման ճանապարհով արդեն ավերվել են շատ բաներ...այդ թվում մեր արդյունաբերությունը: Միայն թե ոչ մի նոր «հեծանիվ» չի ստացվել: Ուրեմն հարկավոր էր պահպանել եւ արդիականացնել արդեն եղածը: Եվ առաջին հերթինՙ մեր մտավոր ներուժը, գիտությունն ոււ ԳԱԱ-ն: Սակայն «հեծանիվ» հայտնագործել ձգտողները դեռ չեն վերացել... Նրանք իբր «ոգորում են» հանուն գիտության վերակառուցման, բայց...քանդողաբար: Նախագահ Սերժ Սարգսյանին հասցեագրված «բաց նամակից» դատելով, նրանց թվին է պատկանում նամակագիրըՙ պրոֆեսոր կենսաֆիզիկոս Սիներիկ Հայրապետյանը: Նա այդ ՀՀ ԳԱԱ-ի եւ գիտնականների բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) ամենամոլի հակառակորդն է: Ս. Հայրապետյանը ինչի համար է «փնովում» ԳԱԱ-ին եւ ԲՈՀ-ին: Եվ քանի որ պրոֆեսորի նամակում ոչ միշտ է հայտնի, թե ինչի մասին է խոսքը, ինչ եւ ում է նա ակնարկում, ապա, հարկ եղավ պարզաբանումների համար դիմել հենց քննադատվողինՙ գիտական մտքի գլխավոր շտաբին, այսինքն հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիային:

ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռ.Մ.Մարտիրոսյանը մեր հարցադրումը դիմավորեց հետեւյալ բառերով. «Դե ինչքա՞ն կարելի է... կրկին, բոլոր գործերը թողած, պատասխանել Հայրապետյանի հարձակումներին, որոնցում որեւէ նոր բան չկա... Քանի՜-քանի՜ անգամ նա արդեն ստացել է մեր պատասխանները... Եվ ինչպե՞ս են շարունակում տպագրել նրա գրածները: Ծանոթացեք մեր «նամակագրությանը», զրուցեք կոլեկտիվի հետ... կիմանաք, թե ինչ է մտածում գիտական հասարակայնությունը»: Ուսումնասիրելով փաստաթղթերի ծավալուն թղթապանակը, պարզեցի հետաքրքրական շատ բաներ... Հայտնի դարձան նաեւ գիտական աշխարհից Հայրապետյանի դժգհության որոշ քողարկված պատճառներ...

Կյանքի չափ երկար նամակագրություն

Պատմությունն սկսվել է դեռ 1970-ական թթ. ԽՍՀՄ-ում... Բուհն ավարտելուց հետո երիտասարդ մասնագետ Սիներիկ Հայրապետյանը հայտնվեց Հայաստանի ԳԱ լավագույն գիտական ինստիտուտներից մեկումՙ Լ. Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում: Թվում էր, հիանալի տեղ է գիտական գործունեություն եւ կարիերա սկսելու համար: Հիանալի ուսուցիչներ, աշխարհահռչակ գիտնականներ... Ուրիշ էլ ի՞նչ էր հարկավոր: Բայց արդեն 1973-ին Հայրապետյանին հենց իր հաստիքով (ինչպես սովորաբար վարվում են խնդրահարույց աշխատակիցների հետ) տեղափոխեցին ԳԱ կենսաքիմիայի ինստիտուտ, որտեղ նա աշխատեց ընդամենը երկու տարի, իսկ հետո դարձյալ հաստիքով տեղափոխեցին փորձարարական կենսաբանության ինստիտուտ: Այն ժամանակ նրա խմբում ընդամենը երկու մարդ կար: Նույն ինստիտուտ եկավ նրա ընկեր Ռ. Զաքարյանը եւ այստեղ ընտրվեց լաբորատորիայի վարիչ: Հիանալի պայմաններ էին ստեղծել ընկերների համար, եւ ընդամենը կես տարի անց Հայրապետյանի խումբը քառապատկվեց: Եվ 1976-ին, ընկերները սկսեցին իրենց «նամակաթխությունը» կոլեկտիվի դեմ, ի նշան «երախտագիտության»: Հետագայում Ս. Հայրապետյանն «աշխատում է» նույն ոճով: 1987-ի դեկտեմբերին, երբ հանձնաժողովում նրա հերթական զրպարտչական հրապարակման ստուգման ժամանակ նա մերկացվեց ստախոսության մեջ, քանի որ դիտավորյալ խեղաթյուրել էր 1973-ին իր մի ինստիտուտից մյուսը տեղափոխվելու հանգամանքները, նա Վիկտոր Համբարձումյանին գրում է նամակ-բողոք: Թե ինքն առավել արժանի էր դառնալ թղթակից անդամ, բայց անցավ Յու. Ալեքսանյանը, մոռանալով, որ իրենք ընտրվում էին տարբեր գծով: Հենց այդ նամակի վրա Վ. Համբարձումյանը մակագրում է. «Ս. Հայրապետյանի նմանօրինակ հաջորդ ինքնագովազդային դիմումը ուղարկել «Ոզնի» կամ «Կրոկոդիլ» հանդես»: Բայց Ս. Սարգսյանին հասցեագրած «Բաց նամակում» Հայրապետյանը պնդում է, որ 1986-ի նոյեմբերին ԳԱ փորձարարական կենսաբանության ինստիտուտի տնօրեն պետք է դառնար ինքը, քանի որ Համբարձումյանն իր համաձայնությունն է հարցրել, թեեւ Կ. Կարագյոզյանին տնօրեն նշանակելու հրամանը ստորագրել է ինքըՙ Վ. Համբարձումյանը. ուրեմն ինչի՞ մասին է խոսքը: Բայց Հայրապետյանը մինչեւ օրս չի կարողանում հանգստանալ, անդադար գրում է ու գրում այդ մասին... Ի դեպ, Հայկ. ՍՍՀ ԳԱ նախագահության որոշմամբ 1991-ին փորձարարական կենսաբանության ինստիտուտը վերանվանվեց մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտ, որպեսզի զարգացնի այդ հեռանկարային գիտական ուղղությունը: Դա եւս մինչեւ օրս «մտահոգում է» պրոֆեսոր Հայրապետյանին: Ս. Սարգսյանի գրած նամակում նա հենց այդ ինստիտուտն է անվանում «շինծու»: Այնուհետեւ պրոֆեսորը գրում է, որ «այդ ինստիտուտը արդեն շատ տարիներ ծառայում է որպես պետական միջոցների լվացման օջախ»: Ուրեմն պետական փողերը նույնպես պետք է լվանալ: Եթե դրանք հանցագործությունների մասին վկայող փաստեր են, ապա Ս. Հայրապետյանը, որպես գիտության համար ցավ ապրող, ինչո՞ւ ոչ մի անգամ չի դիմել համապատասխան մարմիններին:

Գիտնականը պետք է արժանի լինի իր կոչմանը

1990 թվական: ԳԱ թղթակից անդամի նոր ընտրություններ: Հայրապետյանը կրկին չի անցնում. նա ստանում է...ընդամենը 2 ձայն: Ակադեմիային դա չներելովՙ նա մամուլում հայտարարություն է անում, որ «գիտությունը կփրկվեր, եթե ակադեմիայի փոխարեն ստեղծվեր Գիտության համահայկական ազգային խորհուրդ»: Իսկ եթե Հայրապետյանին հաջողվեր դառնալ թղթակից անդամ, նա ՀՀ ԳԱԱ-ն կանվանե՞ր արդյոք «պետությունից ստացված միջոցները խժռող ակադեմիական մաֆիա»: Բայց ի՞նչ կարիք կար ձգտելու դեպի այդ մաֆիայի շարքերը եւ ապացուցելու, որ հենց ինքն է արժանավորը... 2006թ. ՄԱԿ-ի փորձագետների հետ նա առաջարկում է երկրում վերացնել ԲՈՀ-ը, ընդսմին ՄԱԿ-ին մեղադրելով գրագողության մեջ եւ հպարտանում է, որ առաջինն ինքն է առաջ քաշել այդ գաղափարը: Իսկ ինչո՞ւ: Որովհետեւ ԲՈՀ-ը մերժել էր իր «ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնում» ստեղծել գիտական դիսերտացիաներ պաշտպանելու խորհուրդ: 2007-ի հունվարի 30-ին «Նովոյե վրեմյա» թերթի «Գիտության «բարեփոխիչը», դիմացից եւ կիսադեմից» հոդվածում նրա անպատժելիությունից վրդովված գիտնականները (երեք տասնյակից ավելի մարդ), գիտության շահերը պաշտպանելովՙ պահանջեցին փակել գիտության եւ կրթության նախարարությանը կից նրա Կենտրոնը: Գիտնականները պատմեցին, թե ինչպես նա (եզակի դեպք ԳԱԱ-ի ամբողջ պատմության մեջ) իրեն թույլ է տվել վեճի ժամանակ, հարվածել տնօրենին, որը դրանից հետո հայտնվեց հիվանդանոցում:

Ս.Հայրապետյանի ուսումնական Կենտրոնը եւ «ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոններ»

2000 թվականին 7 հոգանոց կենսաֆիզիկայի բաժինը ՀՀ ԳԱԱ-ից տեղափոխվեց կրթության եւ գիտության նախարարության ենթակայության տակ եւ սկսեց կոչվել Միջազգային ուսումնական կենտրոն, դառնալով իր բյուջեն ունեցող առանձին պետական կառույց: Բայց ֆինանսական սահմանափակ հնարավորություններ ունեցող պետությունը ինչպե՞ս ստեղծեց եւ որպես առանձին գիտական միավոր պահպանում է նման փոքր մի խումբ: Չէ՞ որ կարելի էր այն միավորել ԵՊՀ կենսաֆիզիկոսների խմբին: Բայց Հայրապետյանը, խոսելով հանրապետության բարձրագույն կրթության դրոշակակրիՙ Երեւանի պետհամալսարանի մասին, պնդում է, թե այնտեղ «պրոֆեսորադասախոսական կազմի զգալի մասը չունի նույնիսկ մագիստրոսի գիտելիքներ» եւ «ամբիոնների վարիչներ նույնիսկ համալսարանական կրթություն չունեն»: Այնինչ միայն ԵՊՀ կենսաբանության ամբիոնում կան ԳԱ 3 ակադեմիկոս եւ 3 թղթակից անդամ: Իսկ հետբուհական ուսուցման Միջազգային կենտրոնի գիտական կադրերի եւ ուսումնական գործընթացի մասին պատկերացում կարելի է ստանալՙ ծանոթանալով «Շահախարդախություն» («Գոլոս Արմենիի») եւ «Տնօրենի պաշտոնըՙ ժառանգություն» հոդվածներից: 2009-ին Մոսկվայի Միջազգային գիտատեխնիկական կենտրոնը-ՄՆՏՑ, մեր ուսումնական Կենտրոնի ուղարկած 6 թեմաներից 5-ը մերժել էր «թույլ գիտության» համար: Այդպիսին էր տվյալ կազմակերպության փորձագետների եզրակացությունը, որը շարադրված էր փաստաթղթերի ուղեկցական թերթիկում: Այնտեղ կային նաեւ ԵՊՀ ներկայացրած երկու թեմաներ, եւ դրանցից ոչ մեկը չմերժվեց թույլ գիտության պատճառով: Ընդհակառակը, դրանցից մեկի սյունակում նշված է. «Ծայրաստիճան երաշխավորելի է»:

Ժամանակն է պատասխանատվության կանչել արժանապատվությունը վիրավորելու համար

... Այս ամենը լրիվ չափով վերաբերում է Ս. Հայրապետյանի նամակների ու հոդվածների ոճին: Նա երբեք չի պատասխանում ընդդիմախոսներին: Եվ դա հասկանալի է. նրանց չես պատասխանի ամբոխավարությամբ եւ հեռավոր անցյալից առնված, նավթալինոտ փաստերով, որպեսզի ոչ ոք չհիշի ինչն ինչոց է: Բայց չէ՞ որ կան արխիվներ, փաստաթղթեր... Ս. Հայրապետյանն իր տրամաբանությամբ, լեզվով ու մտքերով չկարողացավ փայլել նաեւ ՀՀ նախագահին գրած նամակում, իր հաղորդման էությունը շարադրելով այնպիսի ամբոխավարությամբ, որ մարդիկ չեն հասկանումՙ ում եւ ինչ նկատի ունի նա, երբ չի նշում ազգանուններ: Թե՛ մտքերի շարադրման, թե՛ լեզվի ու բառապաշարի տեսակետից դժվար է պատկերացնել, որ դա գրել է գիտնականը: Չէ՞ որ գիտությունը հենվում է փաստերի, ապացույցների վրա, նշվում է մարդկանց անուն-ազգանունները... Իսկ ովքե՞ր են Հայրապետյանի «սատանայի ծնունդ ակադեմիկոսները»: «Մեռած հոգինե՞ր», թե՞ «ակադեմիական մաֆիա»: Տարօրինակ է, բայց ըստ Հայրապետյանի, մեզ մոտ մաֆիան տարածվել է հենց այնտեղ, որտեղ առանձնակի եկամուտ էլ չկա, այն էՙ գիտնականների ու մտավորականների միջավայրում:

Հայաստանի գիտությունների ակադեմիան հայ ժողովրդի ազգային պարծանքն է, նրա սեփականությունը

Մեր ակադեմիան ծնվել է ԽՍՀՄ-ի ամենածանր (1943) ժամանակում, բայց դա բնավ պատահական չէր: Այստեղ կար ներուժ, որը կարող էր շատ բան տալ երկրին: Եվ մեր ակադեմիան առաջատար տեղերից մեկն էր զբաղեցնում ԽՍՀՄ-ի մեջ: Ողջ աշխարհին հայտնի են մեր ակադեմիկոսներիՙ Օրբելի եղբայրների եւ Ալիխանյան եղբայրների, ականավոր գիտնականներ Վ.Համբարձումյանի, Վ.Ֆանարջյանի, Ս.Մերգելյանի անունները. ամենքին չես թվարկի: Տարիներ շարունակ մենք հպարտանում էինք Հայաստանի մտավոր մեծ ներուժով, ու դեռ ամեն ինչ կորած չէ: ՀՀ ԳԱԱ-ն բոլոր հայերի հարստությունն է եւ համազգային պարծանքը: Բացի դրանից, ԳԱԱ-ն նաեւ հիմնարար գրադարան է, գիտական աշխատություններ, արխիվներ: Եթե այդ ամենն ավերենք, ապա հաջորդ քայլը կարող է դառնալ ոտնձգությունը Մատենադարանի վրա: ՀՀ ԳԱԱ գիտական հասարակայնության առաջարկություններն ակադեմիայի վերակազմակերպման վերաբերյալ անհամեմատ ավելի լուրջ են, կոնկրետ ու համապարփակ, քան Հայրապետյանի անհասկանալի 5 կետերը: Եվ այդ ճգնաժամի մեջ է ոչ թե գիտությունը, այլ դրա աջակցությունը: Գիտնականները փնտրում են ինչ-որ աղբյուրներ, բայց այսօր առանց պետության օգնության վերածնվել, իհարկե, անհնար է: Տեղին է հիշեցնել, Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրիի խոսքերը. «Իր գիտության մասին չհոգացող երկիրը վերածվում է գաղութի»:

ԱՆՆԱ ՄԱՐԻՅԱՆ, «Ազգի» նախկին աշխատակից


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4