Հայ-թուրքական արձանագրությունները տեւական ժամանակ Հայաստանի եւ Թուրքիայի խորհրդարաններում են` սպասելով վավերացման, ինչում Հայաստանը ի ցույց է դրել հետեւողական նվիրվածություն` հասնելով մինչեւ արձանագրությունները Ազգային Ժողովի օրակարգում ընդգրկելը: Երեկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր հեռուստաուղերձով հայտարարեց, որ եկել է «ողջամիտ ժամկետներում» եւ «առանց նախապայմանների» գործելաոճը գնահատելու ժամանակը այն դեպքում, երբ այդ ժամկետներն ավարտվել են:
«Մեկ տարի շարունակ Թուրքիան ամեն ինչ արել է ժամանակ ձգելու եւ գործընթացը տապալելու համար: Հետեւաբար մեր եզրակացությունն ու դիրքորոշումն էլ միանշանակ են. Թուրքիան պատրաստ չէ սկսված գործընթացը շարունակել եւ առանց նախապայմանների, արձանագրությունների տառին համապատասխան քայլերով առաջ շարժվել», ասաց նախագահը:
Հարաբերությունների կարգավորման ներկա փուլը համարելով սպառված` Սերժ Սարգսյանը տեղեկացրեց, որ հայ-թուրքական գործընթացի առնչությամբ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների, ինչպես նաեւ եվրոպական մի շարք կառույցների գործընկերների հետ քննարկումներում վերջիններս հորդորել են Հայաստանին շարունակել գործընթացը, չկանգնեցնել: «Հարգելով նրանց, նրանց ջանքերն ու անկեղծ ցանկությունները, կոալիցիոն գործընկերների հետ եւ Անվտանգության խորհրդում քննարկումներից հետո, մենք վճռել ենք առայժմ դուրս չգալ գործընթացից, այլ միայն կասեցնել արձանագրությունների վավերացման ընթացակարգը»:
Հայաստանը կպահպանի արձանագրությունների տակ իր ստորագրությունը, քանի որ, ըստ Հայաստանի նախագահի, ցանկանում է պահպանել հարաբերությունների կարգավորման հնարավորությունները եւ ցանկանում է խաղաղություն: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու մեր քաղաքական նպատակները մնում են ուժի մեջ, եւ մենք կդիտարկենք առաջ շարժվելու հարցը, երբ համոզվենք, որ Թուրքիայում կա համապատասխան մթնոլորտ եւ երբ Անկարայում կտեսնենք հարաբերությունների կարգավորմանը վերստին պատրաստ առաջնորդություն»:
Անդրադառնալով ապրիլի 24-ին` Սերժ Սարգսյանը նշեց, որ թեեւ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող օր է, բայց որեւէ կերպ չի սահմանափակում դրա միջազգային ճանաչման ժամանակացույցը: Հայաստանի նախագահը, շնորհակալություն հայտնելով Ցեղասպանության հարցում Հայաստանին աջակցած երկրներին, կառույցներին ու անհատներին` կոչ արեց հիշել, որ «պետական մակարդակով մշակված ծրագրով եւ միայն հայ լինելու համար հրի ու սրի մատնված 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը ողջ մարդկության առջեւ դեռ շարունակում է ճանաչման ու դատապարտման պահանջ դնել»:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ