«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#71, 2010-04-21 | #72, 2010-04-22 | #73, 2010-04-23


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՎԱՐՉԱՊԵՏ ԷՐԴՈՂԱՆԸ

ՀՀ Ազգային ժողովում կառավարող կոալիցիայի անդամ կուսակցությունների հայ-թուրքական արձանագրություններին առնչվող երեկվա հայտարարությանն (տեսՙ 2-րդ էջում) արեւմտյան լրատվամիջոցներից հետո, որպես թեժ լուր, նույն օրը կայքէջերում արձագանքեցին նաեւ թուրքական թերթերը, այդ թվումՙ Թուրքիայի վարչապետը, արտգործնախարարությունը, արտգործնախարարն ու Թուրքիայում ԱՄՆ դեսպանությունը:

«Ռադիկալ» թերթի վկայությամբ, վարչապետ Էրդողանն ասել է. «Կառավարող կոալիցիայի այս հայտարարությունը գրանցել եւ մի կողմ ենք դրել: Վավերացման գործընթացի ուղղորդումն իրենց իրավասությունն է: Ես չեմ կարող ասել, թե ինչպես վարվեն: Մենք շարունակելու ենք աշխատել միջազգային նորմերին համապատասխան պարտավորվածություններին հավատարմության սկզբունքի շրջանակում: Վավերացման գործընթացի նկատմամբ մեր մոտեցումը հայտնի է: Չեմ կարծում, թե այս կարգի հայտարարությունները քաղաքական առաջնորդների, հատկապես ԱՄՆ-ի նախագահի վրա ազդելու ուժ ունենան»:

Արտգործնախարարության խոսնակ Օզուգերգինն ավելացրել է. «Մեզ դեռեւս որեւէ տեղեկություն չի հասել: Ըմբռնման, իմաստի եւ բովանդակության առումով վերլուծում ենք հայտարարությունը եւ որոշում հետագա հնարավոր քայլերը»: Միաժամանակ արտգործնախարար Դավութօղլուն Էստոնիայից հեռախոսակապ է հաստատել եւ հարցի առնչությամբ պարզաբանումներ է արել Էրդողանին: Իսկ Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մերջանը նշել է, որ Թուրքիան չպետք է շուտափույթ որոշումներ կայացնի, այլ հայտարարությանը մոտենա առողջ դատողությամբ:

Այդ ընթացքում Անկարայում ամերիկյան դեսպանատան խոսնակ Գուիդոն ընդգծել է. «Ներկա պահին մեկնաբանություն չենք անելու, պարզապես մենք պաշտպանել եւ պաշտպանում ենք Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների նորմալացման գործընթացը»: Ըստ դիվանագիտական աղբյուրների, ԱՄՆ-ը նախքան Հայաստանում կառավարող կուսակցությունների հայտարարությանն արձագանքելը, սպասում է տեսնել, թե ինչ հակազդեցություն կցուցաբերի Անկարան:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4