«Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների 2008 թվականի սեպտեմբերյան հանդիպումից սկսված գործընթացի այս փուլը մեզ համար այլեւս ավարտված է», երեկ իր ուղերձում հայտարարեց Հայաստանի նախագահը, ըստ էության հաստատելով, որ ֆուտբոլային դիվանագիտության խաղակեսերն ավարտվեցին:
2008 թ. հուլիսին Սերժ Սարգսյանը ֆուտբոլային խաղին մասնակցելու հրավեր ուղարկեց Թուրքիայի նախագահին, որից հետո հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման առնչությամբ մի շարք հատկանշական քայլեր ձեռնարկվեցին հայկական կողմից, ինչն ամեն դեպքում հանգեցրեց անպտուղ այս վիճակին` հայ-թուրքական սահմանի բացման մշուշոտ հեռանկարի իսկ բացակայությանը:
Մասնավորապես, դեռեւս անցյալ տարվա ապրիլի 22-ին նախաստորագրված հայ-թուրքական արձանագրություններն արդեն մինչեւ սեպտեմբեր տեղի ունեցած քննարկումների ֆոնին շարունակություն ունենալու եւ վավերացման գործընթաց անցնելու շեմին հայտնվեցին:
Միեւնույն ժամանակ, թուրքական կողմը նախ բացասաբար արձագանքեց արձանագրությունների նախաստորագրմանը: Իսկ անցյալ տարվա աշնանը Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած քննարկումներն ակներեւ դարձրին, որ հարեւանների մոտ քաղաքականություն վարելու ու սեփական խոսքերին ու խոստումներին հետեւելու հարցում դարերի ընթացքում գրեթե ոչինչ չի փոխվել. թուրքերն ինչպես պատեհապաշտ եղել էին, այդպես էլ մնացել են ցայսօր:
Այդ ժամանակ ակնհայտ դարձավ նաեւ, որ արձանագրությունների վավերացումը, նախաստորագրումից առաջ եւ հետո ցուցաբերած կեցվածքին համապատասխան, Թուրքիան կապում էր նախապայմանների կատարման հետ, որ, բազմիցս ժխտված լինելու ֆոնին անգամ ադրբեջանամետ ու ադրբեջանահոտ էին:
Ասել է, թե հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների հետագա ճակատագրի հարցը Թուրքիայում կապվեց այնպիսի մի խնդրում Հայաստանից զիջումներ կորզելու ցանկության ու փորձի հետ, ինչի վրա մի երկար ժամանակ աշխատում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, բայց դեռ որեւէ հարցի լիարժեք համաձայնեցման մասին չի էլ կարողանում բարձրաձայնել: Եվս մեկ նախապայման էլ թուրքական կողմը, դրսեւորելով բնավ էլ ոչ այն կառուցողական մոտեցումը, որ այստեղ ու այնտեղ հայտարարում են թուրք չինովնիկները, կապեց ու կապում է Հայոց ցեղասպանության հարցի հետ:
Քանի դեռ արձանագրությունները նախաստորագրված էին, նախապայմաններն էլ էին մի տեսակ նախահռչակվածի, նախահայտարարվածի նման հնչում այն դեպքում, երբ արդեն անցյալ տարվա հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների ներկայությամբ նախատեսված ստորագրման արարողությւոնը ձգձգվում էր ու ձգձգվում, աշխարհն էլ շունչը պահած հետեւում էր, թե ինչու են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները ուշացնում «պատմական պահը»:
Իսկ ձգձգվեց ստորագրումը ավելի քան երեք ժամ այն պատճառով, որ Ցյուրիխում Թուրքիայի հաստակողությունը բռնել էր ու Ահմեդ Դավութօղլուն ուզում էր անպայման ելույթ ունենալ ու Ղարաբաղ եւ Ցեղասպանություն խոսել, դեռ չխոսելով Արձանագրություններում «ուղղումներ» մտցնելու թուրքական համառ փորձերի մասին: Եվ սա այն դեպքում, երբ թուրքական կողմում սովորական ու սպասելի են ամեն պահի արդեն իսկ ներկայացված նախապայմանների մի նոր ձեւակերպմամբ հանդես գալու փորձերն ու դրսեւորումները, ավելին: Այդ հայտարարությունները ըստ հարմարության ու անհրաժեշտության կարող են վերաձեւակերպվել որպես «տարածաշրջանային կայունություն» կամ ուղղակի հնչել որպես Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների «վերադարձի պահանջ»:
Ինչեւէ, հայ-թուրքական արձանագրությունների ֆուտբոլային խաղակեսերի մի հետաքրքրական դրվագ էլ Հայաստանի սահմանադրական դատարանում այդ արձանագրությունների սահմանադրականության հարցի քննարկումն էր ու այդ առնչությամբ ընդունված որոշումը, որ հերթական քայլն էր հայկական խորհրդարանում արձանագրությունների վավերացման ընթացակարգի ամբողջականության ապահովման ուղղությամբ: Ու հաստատ սպասելի էր, որ թուրքական կողմը սա էլ «մատին փաթաթան» սարքեց, առանց հասկանալու ու խորանալու հայտարարելով, թե ՍԴ որոշումը «նախապայմանների ներկայացման փորձ» է:
Թուրքիայի կեցվածքի ու մոտեցման «շինիչ» տիրույթից դուրս լինելը արտահայտվեց նաեւ այս հարցում, քանի որ ՍԴ-ն մեղադրվեց մի այնպիսի հարցում, ինչով «մեղք էր գործում» Թուրքիան տառացիորեն ամեն օր: Ամեն առիթով հնչեցնելը, թե տարածքներ վերադարձրեք կամ լուծեք Ղարաբաղի հարցը, կամ դադարեցրեք Ցեղասպանության ճանաչման գործընթացը կամ մի խոսեք այդ ողբերգությունից, Թուրքիայի երերուն քաղաքականության ոչ եզակի ապացույցներից են:
Այս համատեսքտում էլ ըստ էության երեկ հնչեց Հայաստանի նախագահի ուղերձի ամենահատկանշական հայտարարությունը. «Մենք վճռել ենք առայժմ դուրս չգալ գործընթացից, այլ միայն կասեցնել արձանագրությունների վավերացման ընթացակարգը: Վստահ եմ` սա է պահանջում մեր ազգային շահը»:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ