«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#71, 2010-04-21 | #72, 2010-04-22 | #73, 2010-04-23


ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԽՈՍՆԱԿԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ Է` ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

«Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը մարտահրավեր է Ամերիկայի խղճին», հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ` չորեքշաբթի օրը ելույթ ունենալով Կոնգրեսի շենքում կազմակերպված Ցեղասպանության հիշատակի արարողությանը: Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի տեղեկացմամբ` արարողությանը մասնակցել են նաեւ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատ մեծամասնության ղեկավար Սթեյնի Հոյերը, պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը, հայկական 252-րդ բանաձեւի հեղինակ Ադամ Շիֆը, այլ օրենսդիրներ` Կալիֆոռնիան ներկայացնող Ջեքի Սփայերը, Աննա Էշուն, Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականներ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:

Նենսի Փելոսին վերահաստատել է, որ Ներկայացուցիչների պալատում պետք է անպայման ընդունել պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մարտի 4-ին ընդունած 252-րդ բանաձեւը. «Ես ողջունում եմ մեր հանձնաժողովի կողմից թիվ 252 բանաձեւի ընդունումը եւ կոչ եմ անում գործընկերներիսՙ կանգ չառնել, մինչեւ ԱՄՆ ամբողջ կառավարությունը պատշաճ ձեւով չճանաչի այդ ոճիրը որպես Ցեղասպանություն»,: Պալատի դեմոկրատ մեծամասնության ղեկավար Սփեյնի Հոյերը նույնպես կոչ է արել իր գործընկերներին եւ բոլոր ամերիկացիներին` «երբեք չմնալ Ցեղասպանության սովորական վկաների դերում»: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բերմանն ընդգծել է, որ բոլոր ամերիկացիները պարտավորություն ունեն` ընդդիմանալու Ցեղասպանության ուրացմանը: Ադամն Շիֆն , իր հերթին, վստահեցրել է, որ ինքն անձամբ հետամուտ է լինելու Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունմանը Կոնգրեսի երկու պալատներում էլ. «Մենք կհասնենք այս հանցագործության լիակատար ճանաչմանը Միացյալ Նահանգների կառավարության կողմից», շեշտել է Շիֆը: Արարողությանը ներկա այլ օրենսդիրներ նույնպես նշել են, որ իրենք կողմնակից են պատմական արդարության վերականգնմանը:

Դժվար թե Թուրքիան այս «դրական ազդանշանների» մասին էր խոսում, երբ համաձայնեց դեսպան Թանին հետ ուղարկել ու վարչապետի մակարդակով մասնակցել վաշինգտոնյան միջուկային անվտանգության գագաթաժողովին:

Հ. ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4