Հարցազրույց պրոֆ. Նիկոլայ Հովհաննիսյանի հետ
Հայտնի արեւելագետ, պատմաբան, ԳԱԱ թղթակից անդամ, մեր թերթի հեղինակներից Նիկոլայ Հովհաննիսյանը վերջերս ընդարձակ հարցազրույց է տվել «Արվեստ» ինտերնետային ամսագրի (arvest.am) խմբագիր Ռուզան Զաքարյանին, Ցեղասպանության 95-րդ տարելիցի առիթով: Իր շահեկանության համար վերոհիշյալ ամսագրի կայքէջից արտատպում ենք հարցազրույցի որոշ հատվածներ:
- Պրն Հովհաննիսյան, Հայոց ցեղասպանության գործում Դուք մեղադրում եք նաեւ քրդերին, չերքեզներին, մի՞թե քրդերը եւ չերքեզները թուրք իշխանավորների առաջադրանքը կատարողներ չէին ընդամենը...
- Ես հիմա կպարզաբանեմ իմ ասածները. ազգային այդ խմբավորումները ե՛ւ հրահրիչ էին ե՛ւ գործուն մասնակից: Ովքե՞ր էին իրականացնում ջարդերը թուրքերի գլխավորությամբՙ քրդերը եւ չերքեզները: Ո՞վ կարող էր 1915-ի դեպքերը կանխարգելելու դերը ստանձնել: Ուսումնասիրությունները բերում են հիմնական մի եզրահանգմանՙ որքան էլ մենք քննադատենք եվրոպական պետություններին, նրանց խոստումներ տալու եւ ստանձնած պարտավորություններից հրաժարվելու համար, այդուհանդերձ, այդ երկրները թե՛ 90-ականների, թե՛ 20-րդ դարի սկզբներին դրական դերակատարումով են հանդես եկել:
- Անհատների առումով, թերեւս, բայց պետական մակարդակով ի՞նչն եք դրական դերակատարում համարում:
- Այն առումով, որ թուրքերը հայերի դեմ անթույլատրելի գործողությունների դիմելիս, այդուհանդերձ, հաշվի են առել, թե եվրոպական կոնցերտը ի՞նչ դիրք կգրավի: Եվրոպական կոնցերտ ասելով, միջազգայնագետներս ի նկատի ունենք Անգլիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Գերմանիան եւ Ավստրո-Հունգարիան: Ուրեմն, այս երկրների միջեւ թեպետ տարաձայնություններ կային, այդուհանդերձ, չասենք ընդհանուր ճակատով, բայց հաճախ միասնաբար հանդես գալով, ճնշում էին գործադրում Աբդուլ Համիդի, նաեւ երիտթուրքերի վրա, կոտորածներ չկազմակերպելու համար: Հայոց ցեղասպանությունը վերջիններս իրականացրեցին այն ժամանակ, երբ սկսվել էր համաշխարհային առաջին պատերազմը, երբ Եվրոպական կոնցերտը դադարեց գոյություն ունենալ: Սկսված պատերազմն ընթանում էր հիմնականում ռազմական երկու խմբավորումների միջեւ. մի կողմից Անտանտն էր, որի հիմնական անդամ երկրներն էինՙ Անգլիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, (1917-ին սրանց միացավ նաեւ Միացյալ նահանգները), մյուս կողմից էլ գերմանական բլոկն էր, որի մեջ էին Գերմանիան, Ավստրո-Հունգարական կայսրությունը, Թուրքիան եւ Իտալիան, որը հետագայում դուրս եկավ այդ կազմից: Այս պարագայում ասել, թե այս երկու խմբերում ներառված երկրներն ի վիճակի էին կանխել արհավիրքը, ճիշտ չի լինի, որովհետեւ ամեն մեկն իր խնդիրը լուծելու դժվարին կացության մեջ էր գտնվում: Այն երկրները, որոնք կարող էին կանխարգելիչ դեր ստանձնել, Գերմանիան եւ Ավստրո-Հունգարիան էին, բայց նրանք էլ մատը-մատին չտվեցին:
- Ռուսաստանը նույնպես, որն ըստ էության, հայության հանդեպ որոշակի պարտավորություններ ուներ:
- 1915 թվականի մայիսի 24-ին ընդունված մի փաստաթուղթ կա. Անգլիայի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի հայտարարությունն է, որը նույն օրը միաժամանակ հրատարակվեց եւ Լոնդոնում, եւ Փարիզում եւ Սանկտ-Պետերբուրգում: Այդ փաստաթղթով ի լուր աշխարհի հայտարարվում էր, որ արդեն քանի ամիս է, ինչ Հայաստանում ջարդեր են կատարվում, որն իրականացնում են Օսմանյան իշխանություններըՙ քրդերի օգնությամբ: Ապա հստակ նշվում էր, թե ինչպիսի այլանդակ եղանակներով ու դաժանություններով են ընթանում հայոց կոտորածները: Գրավոր այդ հայտարարությունը պատմական նշանակություն ունի: Այն, փաստորեն տպագիր առաջին փաստաթուղթն է, որով մարդկային պատմության ընթացքում հայոց ջարդերի պատասխանատվությունը դրվեց Օսմանյան կառավարության վրա:
- Մնում է զարմանալ, որ երեք երկրների ընդունած եւ գրավոր հրապարակած թե նշված, թե տարբեր երկրների արխիվներում առկա բազում ու բազմաբովանդակ փաստերին հակառակՙ Թուրքիան համառ հետեւողականությամբ շարունակում է մերժել Հայոց ցեղասպանությունը, եւ նույնիսկ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու առաջարկությամբ է հանդես գալիս:
- Գիտե՞ք, թուրքերի հետ շատ դժվար է նույն հարթության վրա գործ ունենալ: Եւ պատճառը բոլորովին այն չէ, որ նրանք խելացի են, խորամանկ են կամ այնպիսի հզոր տրամաբանություն ունեն, որ կարող են դիմացինին խեղճացնել, ինչպես կարծում եւ բարձրաձայն արտահայտվում են մեզանից շատերը: Հատկապես հայ-թուրքական Արձանագրությունները մեջտեղ բերվելուց հետո հայերի մի մասը, մի տեսակ խուճապի մատնվեց ու սկսեց խոսել թուրքերի ճկուն միտք, դիվանագիտական մեծ փորձ ունենալու, հմտորեն խաբելու կարողությունների մասին: Չկա այդպիսի բան: Այդ ամենը միֆ է: Ես նրանց խելացի չեմ համարում: Եւ կարծում եմ, որ մենք սխալ պահվածք ենք որդեգրելՙ թուրքերին վերագրելով մտավոր այնպիսի ունակություններ, որոնցից նրանք զուրկ են:
- Բայց փաստերը հակառակն են ապացուցում, ինչպե՞ս կարող է մտավոր ունակություններ չունեցող մեկը ժամանակն իր օգտին ծառայեցնել եւ սեփական երկրի սահմանները մեծացնելու, ուրիշի հողերը գրավելու, տարբեր ժողովուրդների մշակութային արժեքները յուրացնելու հմտություն ցուցաբերելով խոշոր եւ հզոր երկիր կառուցել: Մինչդեռ մենք ժամանակի նույն այդ հատվածըՙ պատմական ողբերգություններով, մարդկային ու տարածքային կորուստներով ենք անցել: Մնացածը դետալներ ենՙ «եթե»-ների հիմքով: Մի՞թե արդյունքով չի որոշվում, թե ո՞վ է խելացի, ովՙ ոչ:
- Ես դեմ եմ այդ կարծիքին: Կորուստներ, այո՛, ունեցել ենք, բայց այլ կերպ լինել չէր կարող: Մենք չունեինք մեզ պաշտպանող արտաքին ուժ, իսկ ներքին ուժերով պատրաստ չէինք դիմադրության:
- Իսկ հիմա մենք պատրա՞ստ ենք դիմադրելու:
- Այո՛, ես ուզում եմ հավատալ, որ մենք պատրաստ ենք դիմադրելու:
- Դիվանագիտական ասպարեզու՞մ, սեփական ուժերո՞վ, առանց օտար երկրների օգնությա՞ն:
- Մենք հիմա ունենք ազգային բանակ, իհարկե այդ բանակը այն թվաքանակը չունի, որ հանենք այնպիսի մի երկրի զինված ուժերի դեմ, որն իր թվաքանակով ՆԱՏՕ-ի եվրոպական կազմում գտնվող ամենամեծ զորաբանակն է համարվում: Ճիշտ է, մենք բանակ ունենք, բայց չենք կարող ասել, որ եթե 77 միլիոնանոց Թուրքիան իր երեք միլիոնանոց բանակով հարձակվի մեզ վրա, մենք մեր ուժերով կարող ենք դիմակայել: Բայց մենք ունենք դաշնակիցներ: Հիմա աշխարհը, միջազգային, միջպետական հարաբերությունների առումով, այն չէ, ինչ եղել է 1915 կամ 1918-20 թվականներին: Յուրաքանչյուր երկիր ագրեսիա ձեռնարկելու փորձ անելուց առաջ հիմնական մի մտահոգություն է ունենումՙ ինչպես գործել, համաշխարհային հանրությանն ապացուցելու համար, որ իր գործողությունները արդարացի են ու պատճառաբանված: Հիշենք, թե համաշխարհային երկրորդ պատերազմի սկիզբը ինչպես եղավ. 1939-ին, սեպտեմբերի 1-ին, Լեհաստան մտնելուց առաջ, իր զինվորներին Հիտլերը լեհական բանակայինների համազգեստ հագցրեց եւ հայտարարեց, թե լեհական զորքն է հարձակվել իրենց վրա: Այսինքն, փորձեց իր հարձակումն արդարացնել եւ որպես անհրաժեշտ քայլ ներկայացնել: Հիմա ավելի հստակեցված են այս կանոնները: Միավորված ազգերի կազմակերպությունը կա, որ չի կարելի իդեալական համարել, բայց մի կառույց է, որի տանիքի տակ 193 երկրների ներկայացուցիչներ կարող են հավաքվել եւ առաջնային այս կամ այն հարցը քննարկել եւ հանգուցալուծման առաջարկներ ներկայացնել: Եւ հետո, ներկա ժամանակներում աշխարհի բաժանման խնդիրներ չկան, ինչպես ասենք այն տարիներին, երբ Անտանտը եւ Գերմանո-Ավստրիական բլոկը գաղտնի համաձայնագիր էին կնքել աշխարհը նվաճելու եւ վերաբաժանելու համար: Փառք Աստծո, հիմա նման միտումներ, նույնիսկ Ամերիկան եւ Ռուսաստանը չունեն: Երկուսին էլ ձեռնտու չէ թույլ տալ երրորդ մի պետության նվաճումը եւ դրանով իսկ վարկաբեկվել:
- Պարոն Հովհաննիսյան, կանոնները գուցեեւ փոխվել, բայց ութ օր տեւած պատերազմի հետեւանքով Վրաստանի սահմանները վերաձեւեցին... Ուզում եմ ասել, կանոնները փոխվելու հետ, անկանխատեսելի են դարձել նաեւ պատերազմական գործողությունների եղանակներն ու ձեւերը, նույնիսկ ժամկետները: Իսկ եթե նման մի սցենար էլ Ղարաբաղում իրականացվի՞:
- Բայց չի իրականացվել, չէ՞: Ինչու՞ չեն հարձակվում: «Եթե»-ով չէ: Ստեղծվել է որոշակի ստատուս, որը խախտելը դժվար է եւ՛ Հայաստանի եւ՛ Ադրբեջանի եւ՛ Թուրքիայի համար: Թույլ չեն տա: Տեսեք, ե՞րբ սկսվեց Հայաստանի շրջափակումը: 1993-ին, այսինքն այն ժամանակ, երբ Հայոց բանակը ազատագրեց Քելբաջարը: Այդ օրերին Ամերիկայում էր գտնվում Թուրքիայի նախագահ` Օզալը, որը խիստ մի հայտարարությամբ հանդես գալովՙ խուճապի ալիք բարձրացրեց Հայաստանում: Նա բառացիորեն ասաց. «Եկել է հայերին ատամներ ցույց տալու ժամանակը», եւ ավելացրեց. «Հայերը դասեր չքաղեցին անատոլիական դեպքերից»: Տեսեք, երբ մենք ենք այդ մասին խոսում, նրանք զայրույթից խեղդվում են, իսկ մեզ սպառնալու պահին, ցեղասպանություն տերմինը շրջանցում եւ օգտագործում են «անատոլիական դեպքեր» բառակապակցությունը: Այդ օրերին, իսկապես իրավիճակը բարդ ու անկախատեսելի էր: Թուրքական զորքերը կենտրոնացվել էին հայկական սահմանի վրա: Ահա այդ ժամանակ է, որ խաղի մեջ մտան երկու խոշոր պետություններՙ Ռուսաստանը եւ Միացյալ նահանգները: Մարշալ Շապոշնիկովը հայտարարեցՙ եթե Թուրքիան հարձակվի Հայաստանի վրա, ապա դա համաշխարհային երրորդ պատերազմի սկիզբը կդառնա: Եւ բոլորը հասկացան, որ ասվածը նշանակում էր միջուկային պատերազմ:
- Ասացիք, թե Միացյալ Նահանգներն էլ է այդ օրերին սաստել Թուրքիային:
- Լինելով Միացյալ Նահանգներում եւ աշխատելով նշանավոր այնպիսի գիտական հաստատությունում, ինչպիսին Ջորջ Վաշինգտոնի համալսարանն է, ես հնարավորություն ունեցա ուսումնասիրել ամերիկյան որոշ աղբյուրներ, որոնք «փակ է» գրիֆի տակ են պահվում: Այդ փաստաթղթերից տեղեկացա, որ Ամերիկան ժամանակի այդ շրջանում նույնպես սաստել է Թուրքիային: Եւ Թուրքիան չհամարձակվեց առաջանալ, չնայած հարմար առիթ էր: Քելբաջարը Լեռնային ինքնավար մարզի սահմաններից դուրս էր գտնվում: Եւ ներկա իրավիճակում էլ աշխարհի մեծ տերությունները ղարաբաղյան հարցի լուծման միակ ուղին բանակցային խաղաղ եղանակն է համարում:
- Նույն այդ երկրները գիտեն նաեւ, որ Արեւմտյան Հայաստանում թուրքերը Ցեղասպանություն են իրականացրել, բայց եւ հանդարտ հանդուրժողականությամբ են վերաբերվում իրենց իսկ երկրների բարձր ամբիոններիցՙ Հայաստանի ու հայերի հանդեպ հնչեցրած Թուրքիայի վարչապետի ու նախագահիՙ Հայոց սպանդը մերժող հայտարարություններին եւ հայերի հասցեին հնչեցրած մեղադրանքներին:
- Ես հիմա ավարտում եմ նոր մի աշխատություն, որ կոչվում է «Ցեղասպանությունը որպես հայկական «հարցի լուծման» օսմանայան մոդել. դահիճ եւ զոհ»: Այս գրքում առաջ եմ քաշում մի քանի հիմնադրույթներ: Նախ, որոշ հղումներով ու մեկնաբանություններով անդրադարձել եմ Ռաֆայել Լեմկինի աշխատություններին: Լեմկինը Լեհաստանում ծնված հրեա իրավաբան էր, որն իր գենոցիդ եզրը եւ «ցեղասպանություն» ձեւակերպումը, որպես երեւույթի սահմանում, տվել է 1920-30 թվականներինՙ Հայոց եղեռնի նյութերի ուսումնասիրությունների հիմքով: Լեմկինի ինքնակենսագրությունից հայտնի է, որ 1926-ին, Լվովի համալսարանում սովորելու ժամանակ մարդկային ոճրագործությունների շարքում հայոց ողբերգության վերաբերյալ նյութերին ծանոթանալով, նա ոչ միայն բարձրաձայնել է այդ մասին, այլեւ փորձել է հարցը մտցնել Ազգերի Լիգայի նիստերՙ հայկական ջարդերը որակելով որպես բարբարոսություն, որպես վանդալիզմ եւ մեծագույն հանցանք, առհասարակ մարդկության դեմ գործված: Եթե այս տեսադրույթը չսահմանվեր եւ շրջանառության մեջ չդրվեր, Հայոց դատն այսպիսի լայն շառավղով չէր քննարկվի: Եւ հիմա աշխարհը հենց այս շեշտադրման համար է մեզ թիկունք կանգնում: Սա է, որ գրքի առանցքն եմ դարձրել: Հայոց ցեղասպանությունը ճանաչված է, թե՞ ոչ,- հարցին ես գրավոր շարադրանքով պատասխանում եմ. Այո՛ ճանաչված է եւ դասվում է մարդկության դեմ գործած մեծագույն ոճրագործությունների շարքին: Ո՞րն է այն չափորոշիչը, որը մատնանշելով, կարելի է նշել, թե սա կասկածի ենթակա պատասխան չէ: Իսկ ես հակադարձելով, հարց եմ տալիս, արդյո՞ք դա պետք է հաստատվի ՄԱԿ-ի անդամ բոլորՙ 193 պետությունների ճանաչումից հետո: Անհնար է: Աշխարհում այդպիսի օրինակ չկա:
- Իսկ հրեաների Հոլոքո՞սթը:
- Հրեաները բացառություն են կազմում, քանի որ Հոլոքոսթի ճանաչման հարցը համընկավ ֆաշիստական Գերմանիայի լիդերների Նյուրենբերգյան դատավարության հետ եւ այն համահունչ ընթացք ունեցավ: Այսինքն, դատավարությունը գնում էր երկրորդ համաշխարհային պատերազմը հրահրողների եւ իրականացնողների դեմ, որոնց գործած չարագործությունների շարքում դասվեց նաեւ Հոլոքոսթը: Այդ պատճառով էլ Հոլոքոսթը մնաց միակը, որը ճանաչեց միջազգային տրիբունալը: Ես իմ գրքում գրում եմ նաեւ, որ բնավ էլ կարեւոր չէ, որ Ամերիկան ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Կարեւորն այն է, որ գործված ոճրագործության փաստն ընդունի հենց ինքըՙ Թուրքիան: Թեեւ Իսրայելի ցեղասպանագիտական ինստիտուտի տնօրեն Իսրայել Չարնին ինձ ասում էր. «Եթե Ամերիկան ճանաչի Հայոց եղեռնը, հաջորդ օրն իսկ ամբողջ աշխարհը նույնը կանի»: Բայց իրադարձությունների ներկա ընթացքը ցույց է տալիս, որ Թուրքիան կարեւորում, բայց չի ենթարկվում Ամերիկային:
- Բայց կարծես եւ բոլոր լծակներն օգտագործում է, որպեսզի Միացյալ նահանգներում սկսված գործընթացքը կասեցվի:
- Վախենում է, այո՛, բայց մյուս կողմից էլ չի հայտարարում, թե Ամերիկայի հաստատումից հետո ինքն էլ կընդունի 95 տարի առաջ իր նախնիների գործած մեղքը: Բայց մինչեւ երբ կարո՞ղ է հերքել այն բոլոր հայտարարություններն, ըստ որոնց էսքան պետություն, էսքան երկրի պառլամենտ, էսքան միջազգային կազմակերպություն համոզված հաստատում են, այո՛ 1915 թվականին հայերի հետ կատարվածը Ցեղասպանություն է, որի համար պատասխանատու է երիտթուրքերի կառավարությունը եւ Թուրքիան պետք է ընդունի իր մեղքը ու ներողություն խնդրի հայությունից:
- Իսկ եթե հանկարծ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, մեր հաջորդ քայլը ո՞րն է լինելու, մենք ունե՞նք հետագա գործողությունների մշակված ծրագիր:
- Մշակված ծրագիր չկա: Կան առանձին կուսակցությունների, ազգային գործիչների, գիտնականների տեսակետներ: Հիմա խոսում են հատուցման հարցի մասին: Պատմաբանների մի խումբ եւ հատկապես ՀՅԴ-ն, ակտիվորեն պնդում են, որ ճանաչման հետ նաեւ հատուցման հարցը պետք է դրվի: Թուրքիան դրանից է վախենում, վախենում է հայերի հետագա քայլերից, վախենում է, որ հայերը տարածքային պահանջներ կներկայացնեն: Հիմնականում դրա համար են դիմադրում, քանի որ չեն կարող ճանաչել եւ ասել, թե Ձեր հողերը ետ չենք տալիս: Բայց կրկին չմոռանանք քաղաքական շահերի գործոնը: Եթե Թուրքիան իրականացներ Դարֆուրի ցեղասպանությունը, ապա այն հազիվ թե ճանաչեին: Ի դեպ, ցեղասպանությունների ուսումնասիրման միջազգային ասոցիացիա կա, որի անդամ եմ նաեւ ես: Ասոցիացիան, 2005-ին, երեւանյան հայտնի գիտաժողովից հետո Ֆլորիդայում (ԱՄՆ) կազմակերպել էր համանման մի կոնֆերանս, որի խորագիրն էրՙ «Հայկական ցեղասպանությունից 90 տարի եւ Հոլոքոսթից 60 տարի անց»: Այնտեղ հավաքվել էր աշխարհի մասնագետների սերուցքը, որի ներկայությունն արդեն իսկ առաջին Ցեղասպանության փաստի հաստատում էր նշանակում: Ի դեպ, գիտաժողովում քննարկվող խնդիրներից մեկն էլ ժխտման հարցն էր: Նիստն ընթանում էր լեփ-լեցուն դահլիճում եւ այն շատ փայլուն վարում էր թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը: Թեման արծարծող տարբեր ելույթներից պարզվեց, որ ըստ էության, չկա մի ցեղասպանություն, այդ շարքում նույնիսկ Հոլոքոսթը, որը ժխտելու փորձեր չեն կատարվել: Գերմանիայի ներկայացուցիչներից մեկը, օրինակ, իր ելութում ասաց, թե Հոլոքոսթի զոհերի թիվն ուռճացված է, եւ ոչ թե միլիոնավոր, այլ 300-500 հազար հրեա է սպանվել: Նիստը ամփոփեց Աքչամը, որի խոսքը, պարզապես բանաձեւի ուժ ուներ: Նա ասաց. «Ժխտման ինդուստրիայի հիմնադիրը Թուրքիան է»: Ուրեմն, Հայոց եղեռնը մերժելով, թուրքերը շարունակում են ոճրագործություն կատարել:
- Եվ ոճրագործության շարունակությունը պահպանողը ժամանակակից Թուրքիայի իշխանավորներն են, որոնք փաստորեն հաստատում են, որ իրենց նախնիների արժանի ժառանգորդն են:
- Այո, ահա թե ինչու այս ու բազում հիմնավոր փաստերի հիմքով կարելի է ասել, որ Թուրքիայի վիճակը գնալով վատանում է: Թուրքիան մեկուսացվում է: Հիշենք` մարտի 4-ին կայացած ամերիկյան կոնգրեսականների նիստը, որտեղ քվեարկությունն անցավ կողմՙ 23 եւ դեմՙ 22 ձայների հարաբերությամբ: Ըստ էության, 45 կոնգրեսականներն էլ Հայոց ցեղասպանությանն «այո» են ասել: Քանի որ դեմ քվեարկածներից եւ ոչ մեկը չի կասկածել, չի ասել, թե նման բան չի եղել, հակառակը, դեմ քվեարկողներն էլ ընդունեցին, որ ողբերգությունը կատարվել է, շատերը նույնիսկ վշտակցեցին հայ ժողովրդին, ասացին, թե խոնարհվում են Ցեղասպանության զոհերի հիշատակի առաջ, բայց ելնելով քաղաքական ներկա իրավիճակից, գտնում էին, որ նման հայտարարությամբ հանդես գալու ժամանակը չէ: Այս է, որ հայերը պետք է կարեւորեն: Պետք չէ վիրավորվել կամ նեղացածի կեցվածք ընդունել:
- Մի ուրիշ փաստից էլ են նեղանում հայերը եւ հատկապես ամերիկաբնակ մեր հայրենակիցները, որոնք ամեն տարի անհամբերությամբ սպասում են, թե ապրիլի 24-ին Ամերիկայի նախագահը կարտաբերի «ցեղասպանություն» բառը, թե՞ ոչ: Հայերը ինչու՞ են այդչափ կարեւորում եւ հուսախաբության ծանր պահեր ապրում, երբ Միացյալ Նահանգների նախագահը (նախագահները), ոչ թե սպասված բառը, այլ դրա հոմանիշներն են հնչեցնում:
- Դրա կարիքը չկա, որովհետեւ միջազգային մասշտաբով Հայոց ցեղասպանությունը ճանաչված է եւ նույնիսկ Ամերիկան է ճանաչելՙ երեք նախագահների մակարդակով: Առաջինըՙ Վուդրո Վիլսոնն էր, որը ցեղասպանություն բառը չօգտագործեց, զուտ այն պատճառով, որ այդ տերմինը դեռեւս շրջանառության մեջ չկար: Դրա փոխարեն նա ծանոթ էր Հենրի Մորգենթաունի գաղտնի փաստաթղթերին, գիտեր հայերին որպես էթնոս բնաջնջելու թուրքերի ծրագրի մասին, եւ նա միակն էր, որին Հայաստանի իրական սահմանները ճանաչելու համար կոչել են «Մեծ Հայաստանի կնքահայր»: Երկրորդըՙ Ջիմի Քարտերն էր, որը 1978-ին հայտարարեց, թե հայերը չունեցան իրենց Նյուրենբերգը: Երրորդըՙ Ռոնալդ Ռեյգանն էր, որը 1981-ի մարտին ասաց. «Հոլոքոսթը չի կարելի մոռանալ, ինչպես չի կարելի մոռանալ դրանից առաջ իրականացված Հայոց ցեղասպանությունը...»: Չմոռանանք նաեւ, որ Ամերիկայի հիսուն նահանգներից 43-ը ճանաչել է Հայոց եղեռնը: Հիշեցնեմՙ 1954-ին, հիմնված աշխարհի ամենահեղինակավորՙ ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայիՙ 1997-ին եւ 2005-ին ընդունած բանաձեւերի համաձայն, գիտական առումով որեւէ կասկած չի հարուցվում, որ հայերի նկատմամբ իրագործվածը Ցեղասպանություն է: Փաստաթուղթ, որի տակ ստորագրել են 53 նոբելյան մրցանակակիրներ: Թվարկումը չշարունակելու համար միայն ասեմ, որ ես այս նյութը խորքով եւ մանրամասն ուսումնասիրել եւ շարադրել եմ իմ նոր գրքում, որտեղ բազմաթիվ վավերացված` հայտնի ու անհայտ օրինակներով հիմնավորում եմ` Օսմանյան Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանությունը միջազգայնորեն ճանաչված փաստ է: Եւ սա մաքուր ճշմարտություն է:
Հարցազրույցը վարեց ՌՈՒԶԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ, 15 ապրիլ, 2010
(հապավումներով)