«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#71, 2010-04-21 | #72, 2010-04-22 | #73, 2010-04-23


ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԱՌԱՋԻՆ ԷՋԵՐՈՒՄ

Արտասահմանյան առաջատար մամուլի 60 բնօրինակ եւ կրկնօրինակ հրապարակումներ, հարցազրույցներ ու վկայություններ ներկայացնում են հայ ժողովրդի 19-20-րդ դարերի պատմությունը` խաղաղ կենցաղային միջավայրից մինչեւ 1894-96թթ համիդյան կոտորածները, 1909թ. Կիլիկիայի արհավիրքն ու 1915-1923թթ. Հայոց ցեղասպանությունը:

Յուրատիպ ցուցադրության նախաձեռնողը Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտն է, խորագիրը` «Հայոց ցեղասպանությունն արտասահմանյան մամուլի առաջին էջերում»:

Ցուցադրությունը հերթական անգամ փաստեց, որ հայկական կոտորածները մշտապես եղել են արտասահմանյան մամուլի ուշադրության կենտրոնում: Անգլիական, ֆրանսիական, ամերիկյան, իտալական եւ ռուսական պարբերականներում ներկայացված են ոչ միայն Օսմանյան կայսրությունից բռնագաղթեցված հայերի եւ Հայոց ցեղասպանությունից փրկվածների վկայությունները, այլեւ օտարերկրյա դիվանագետների, միսիոներների, լրագրողների տեղեկություններն ու հարցազրույցները:

Մի շարք հրապարակումների ուղեկցում են 1893թ. հետո տեղի ունեցած կոտորածների լուսանկարները, որոնք բացառիկ արժեք ունեն եւ փաստում են Թուրքիայում հայերի կոտորածներն ու տեղահանությունը:

Թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը կարեւորեց, որ Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույցները ներկայացնում են ոչ միայն հայկական պարբերականները, այլեւ արտասահմանյան առաջատար լրատվամիջոցները:

«Լուսանկարներն էլ հնարավորություն են տալիս անաչառ հերքելու Ցեղասպանությունը ժխտողներին: Ներկայացված փաստերն անհերքելի ապացույց են», ասաց նա:

Ցուցանմուշների կրկնօրինակները հետագայում կներկայացվեն տարբեր երկրներում:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4