Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր չէ միայն, այլ վախի ու մեծագույն անհանգստության ու մտավախությունների օր բոլոր նրանց համար, որոնք չեն ընդունում տեղի ունեցածը որպես Ցեղասպանություն ու ամենուր անում են ձեռքից եկածը խոչընդոտելու այն գործընթացներին, որ կապված են ցեղասպանության ճանաչման հետ:
Բնավ էլ պատահական չէ, որ հենց այս օրերին են Բաքվում հիշել երկրում «առողջ մրցակցության» խնդիրներին անդրադառնալու կարեւորության մասին: Հակամենաշնորհային քաղաքականության եւ սպառողների իրավունքների պաշտպանության ադրբեջանական պետական ծառայությունը հենց ապրիլի 24-ին նախորդող ժամանակահատվածում, նաեւ ԱՄՆ կողմից միջուկային անվտանգության գագաթաժողովին մասնակցության հրավեր չստանալուց հետո է միայն փորձում կանոնակարգել հակամենաշնորհային օրենսդրության խախտումների հարցերը ամերիկյան «Կոկա-Կոլա» ընկերության կողմից:
Սրան զուգահեռ, հետաքրքրական է նույն համատեքստի մեջ տեղավորվող եւս մեկ հայտարարություն, որ արել է Ադրբեջանի նախագահի գրասենյակի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը: Ըստ ադրբեջանական կայքէջերի փոխանցման, Մամեդովն, ըստ էության, բարձրաձայնել է ԱՄՆ-ից իր երկրի նեղացած կեցվածքը: Մասնավորապես, նախագահական գրասենյակի արտաքին հարաբերությունների հարցերով ղեկավարը նշել է, թե ԱՄՆ-ը կարող է կորցնել «տարածաշրջանում ամենակարեւոր եւ հուսալի գործընկերոջը` Ադրբեջանին»:
Չնայած վերջին ձեւակերպման առնչությամբ Ադրբեջանն ու Վրաստանը միմյանցից առաջ ընկնելու հարցում հայտարարությունների տեքստերը խմբագրելու մեջ չեն թերանում, սակայն առանձնակի տարբերություն չկա, թե նրանցից ո՞րն է իրեն ԱՄՆ-ի «փեշերին» ավելի մոտ համարում: Առավել կարեւոր է, թե ԱՄՆ-ի վարչակազմն ու դրա ներկայացուցիչները մեր տարածաշրջանում քայլեր կատարելիս ինչ շահերից են ելնում, ըստ որի էլ գործընկեր ու կարեւորությամբ արտահայտված ջերմության են արժանանում մեկ այս, մեկ այն երկրի ներկայացուցիչները:
Ամեն դեպքում, սեփական երկրի գործընկերությունը ԱՄՆ-ի համար Մամեդովը կարեւորում է նեղացած կեցվածքի այն պարզաբանմամբ, որ իբր Ադրբեջանի շահերը պաշտպանելու մոտեցումը փոխելու համար Թուրքիայի վրա ճնշումներ գործադրելով ԱՄՆ-ը կարող է «գնալ իր գործընկերոջը կորցնելու ռիսկին»:
Այն, որ ադրբեջանցի չինովնիկը այսօրինակ հայտարարություն կարող է անել, նորությունների ցանկից չէ, սակայն թերեւս առանձնակի զարմանալի չպետք է համարել նաեւ այն, որ, ասենք, Թուրքիայի վրա ճնշումների դեմ «դժգոհող» Ադրբեջանում հպարտորեն են անդրադառնում Հայաստանի շրջափակմանը` որպես այլ հարցում ճնշման միջոց: Մամեդովի խոսքերով, հայ-թուրքական սահմանի փակ լինելը պետք է պահպանել, քանի որ «դա Հայաստանի վրա ազդեցության հիմնական միջոցն է ղարաբաղյան հարցում ավելի լուրջ մոտեցման համար»:
Ադրբեջանում, ըստ այդմ, պարզվում է, մինչեւ օրս չեն հասկացել, որ շրջափակումը չի կարող գործոն դառնալ ղարաբաղյան հարցում ու եթե Եվրոպայում կարող են համաձայնել ինչ-որ մոտեցումներին, միայն թե հայտնվեն Եվրոմիությունում, ապա Հայաստանում դժվար թե որեւէ կերպ շրջափակումից ազատվելը իրականացվի ղարաբաղյան հարցի հաշվին, հատկապես որ շրջափակումը չի կարող վատ ազդեցություն ունեցող գնահատվել Հայաստանում որոշում կայացնող օղակներին մոտ գտնվող գործարարության տեսանկյունից:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ