Նրա սանձարձակությունները չափ ու սահման չունեն
Ադրբեջանի կամակորություններն ու սանձարձակությունները չափ ու սահման չեն ճանաչում: Մերթ ռազմատենչ հայտարարություններ է անում, թե հայերից զենքի ուժով կվերցնի Լեռնային Ղարաբաղը, մերթ ադրբեջանական, այսպես կոչված, ժողովրդի «պատմական հայրենիքի» տարածք է համարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարակից շրջանները:
Ռազմատենչ հայտարարություններով Ադրբեջանը Հարավային Կովկասում պատերազմի վերսկսման վտանգի մասին է ակնարկում, որ շանտաժի ենթարկի ինչպես միջազգային հանրությանը, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարակից շրջանները համարելով պատմական ադրբեջանական տարածք, նա փորձում է իրավական հիմք հաղորդել սեփական շանտաժինՙ մոռանալով, որ Մինսկի խմբի համանախագահող ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Ռուսաստանը միջազգային ուժեր են, հետեւաբար շանտաժի չեն ենթարկվում, այլ... ենթարկում են:
Քանի որ նրանց է պատկանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման նախաձեռնությունը, իսկ դրա նշանակությունը խիստ կարեւոր է որեւէ տարածաշրջան ազդեցության տակ վերցնելու առումով, ուստի միջազգային այդ ուժերը չեն էլ թողնի, որ մեկ այլ պետություն, առավել եւս մեկ ազգի երկու պետություններից Թուրքիան, միջամտի կարգավորման գործընթացին:
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղն ու հարակից շրջանները «պատմականորեն ադրբեջանական տարածք» համարելու Ադրբեջանի նկրտումներին, ապա պետք է հիշեցնել, որ «պատմական հայրենիքը» յուրահատուկ է պատմություն ունեցող ժողովուրդներին: Ներկայումս ադրբեջանական կոչվող ժողովուրդը պատմություն չունի, եթե չկազմավորվեր Խորհրդային Միությունը, ապա ադրբեջանականի անուն էլ չէր ունենա, որովհետեւ դեռեւս 20-րդ դարի 20-ական թթ. բոլշեւիկյան հեղափոխության առաջնորդ Լենինն ու ԽՍՀՄ-ի հիմնադիրներն այդ ժողովրդին անվանում էին Կովկասի թաթարներ, ինչպես Եվրոպայում: Էլ չենք խոսում Սումգայիթում անպաշտպան կանանց ու երեխաներին սպանող մարդասպան տականքներին «սումգայիթյան հերոսներ», իսկ Ռամիլ Սաֆարով կոչված ստահակին «ազգային հերոս» հռչակելու ադրբեջանցիների առաքինության մասին:
Ի դեպ, ժողովուրդը մարդկանց պատմականորեն կազմավորված սոցիալ, էթնիկ ընդհանրությունն է: Նույնիսկ 20-րդ դարի 20-ական թթ. Կովկասի թաթարներ կոչվող ադրբեջանական ընդհանրությանը եթե ժողովուրդ էլ անվանենք, մարդասպան ստահակին «ազգային հերոս» հռչակելու առաքինությամբ նա սիրահոժար նույնանում է բորենիների ոհմակի հետ:
Համենայն դեպս երեկ Ադրբեջանը, «հայաստանամետ» դիրքորոշման պատճառաբանությամբ կասկածի տակ դնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից ԱՄՆ-ի անկողմնակալությունը Լեռնային Ղարաբաղի հարցում, հանդես է եկել Թուրքիային Մինսկի խմբում ընդգրկելու առաջարկով: Թուրքական էլեկտրոնային մամուլի վկայությամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի քաղաքական հարցերով խորհրդական Ալի Հասանովը հայտարարել է, որ Թուրքիայի ընդգրկման հարցը Մինսկի խմբի օրակարգում է, քննարկման կդրվի համանախագահող երկրների հայեցողությամբ:
Հ. ՉԱՔՐՅԱՆ