«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#71, 2010-04-21 | #72, 2010-04-22 | #73, 2010-04-23


ՀԱՅԻ ԳԵՆԸ ԱՆՊԱՐՏ Է

Հայոց մեծ եղեռնի 95-րդ տարելիցի նախօրեին Երեւանի քաղաքապետարանի «Երեւանի պատմության թանգարանում», ՀՀ սփյուռքի նախարարության, քաղաքապետարանի հետ համատեղ եւ Ռուսաստանի հայերի միության աջակցությամբ բացվեց «Ո՛չ Ցեղասպանությանը» խորագիրը կրող կերպարվեստի ցուցահանդեսը: Բացման խոսքով ելույթ ունեցավ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը : Համահայկական անդրանիկ ցուցահանդեսով բացվեց «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնը: Ցուցահանդեսին ներկայացված կերպարվեստի 60 գործերը ներկայացնում էին Հայաստանի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի, Լիբանանի, Սիրիայի, Վրաստանի եւ Արցախի նկարիչների ու քանդակագործների ստեղծագործությունները: Նախարարը շնորհակալություն հայտնեց այն երկրների ստեղծագործողներին, որոնք իրենց աշխատանքներով միացել էին «Ո՛չ Ցեղասպանությանը» խորագրով ցուցահանդեսին:

Երեւանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը ցուցահանդես այցելածներին պարզաբանումներ տվեց, որ առաջին անգամ թանգարանը այս ցուցահանդեսին ներկայացրել է հազվագյուտ 30 լուսանկարներ, որոնք արվել են Մեծ եղեռնից մեկ տարի հետո Երեւանում, Էջմիածնում եւ Դիլիջանում բացված մանկատներում:

Բազմամարդ այդ հուզիչ ցուցահանդեսում առանձնանում էր 4-ամյա Գագիկը , որը չհասկանալով, սակայն կլանված ու զարմանքով դիտում էր անգամ սահմռկեցուցիչ պահերով կտավները: Կգա նաեւ Գագիկի ժամանակը ու նա իր հասակակիցների հետ կշարունակի պահանջատիրական այն գործընթացը, որ սկսել են իրենից տարիքով մեծերը ու քաղաքական գործիչները:

Քաղաքապետարանը ամբողջ տարվա ընթացքում կանդրադառնա Հայոց մեծ եղեռնին

Ցուցահանդեսի ընթացքում քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը «Ազգի» հետ զրույցում դատապարտելով Ցեղասպանությունը ասաց. «Այս տարի մենք նշում ենք Հայոց մեծ եղեռնի 95-ամյա տարելիցը, որը մեր նորագույն պատմության ամենաճակատագրական դրվագը դարձավՙ դաժան կերպով խմբագրելով 20-րդ դար մտած հայ ժողովրդի ազգային զարգացման ծրագրերը:

Մեր ժողովրդի նկատմամբ իր սեփական հայրենիքում Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունը հետապնդում էր հաշվարկված քաղաքական նպատակներ:

Թուրքական այսօրվա պետությունը նաեւ Ցեղասպանության արդյունք է: Թուրքիային միայն այդ ճանապարհով հաջողվեց ընդամենը տարածքի վերածել հայերի բազմադարյան հայրենիքը եւ վերջնականորեն սեփականել այն: Արդյունքում ժամանակին իր մշակույթով եւ կրթությամբ նշանավոր կայսրության այդ հատվածը վերածվել է թույլ եւ հետամնաց ծայրամասի:

Ցեղասպանության ճանաչման պահանջատիրությունը ամենեւին էլ հակամարտության կոչ չէ, այլ ընդամենը պատմական ճշմարտության վերականգնման պահանջ:

Չդատապարտված հանցանքը, ինչպես պատմությունն է վկայում, նոր հանցանք է ծնում: Ցեղասպանության դատապարտումը պետք է ոչ միայն մեզՙ հայերիս, այլ առաջադեմ ողջ մարդկությանը»:

Պրն Բեգլարյանը նշեց, որ քաղաքապետարանի վարչությունները ամբողջ տարվա ընթացքում կիրականացնեն միջոցառումների լայն ծրագիր, որը նվիրվելու է Հայոց եղեռնի 95-ամյակին:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4