Համաշխարհային մամուլը` Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի մասին
Հայոց ցեղասպանության փաստը եղել է համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում: Դեռեւս 1979-ին ամերիկյան The New York Times պարբերականն անդրադարձավ 1915 թ. Օսմանյան կայսրությունում հայերի ջարդերին ու տեղահանությանը եւ հոդվածում մի քանի անգամ կրկնեց «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը: Այդ արտահայտությունը հետագայում օգտագործեցին նաեւ այլ հեղինակավոր լրատվամիջոցներ, որոնք արդեն մի քանի տասնամյակ վերլուծական հոդվածներ են գրում Հայոց ցեղասպանության մասին: Միայն նախորդ տարի ամերիկյան մամուլում հրատարակվել է ավելի քան 100 հոդված 1915-ի վերաբերյալ:
Ապրիլ ամսին համաշխարհային վարկանիշ ունեցող պարբերականների հոդվածները` Հայոց ցեղասպանության վերաբերյալ, կրկին ստիպեցին Թուրքիային սարսափել ապրիլի 24-ից: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում 252-րդ բանաձեւի ընդունումը, Շվեդիայի խորհրդարանում Ցեղասպանության ճանաչումը եւ Թուրքիայի վարչապետ Էրդողանի` 100.000 հայերին վտարելու մասին հայտարարությունները ստիպեցին արեւմտյան լրատվամիջոներին առավել բուռն ու բովանդակալից անդրադառնալ Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին:
Ապրիլի սկզբներին The Guardian պարբերականում տպագրվեց ծավալուն հոդված` հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս փուլի վերաբերյալ: Ամփոփելով հարաբերությունները` հետաքրքրական հետեւություն է անում հոդվածագիրը: «Թուրքիան հայտնվել է ներկայիս իրավիճակում, քանի որ այդպես էլ չի ցանկացել իր համար պարզել, թե 1915-ին ինչ է տեղի ունեցել Օսմանյան Թուրքիայում բնակվող հայերի հետ: Գաղափարը, որ իրենց նախնիները Ցեղասպանություն են իրականացրել, ծայրաստիճան նյարդայնացնում է թուրքերին այն պատճառով, որ այդ երկրում պատմական ճշմարտությունը պարզելու հնարավորություն չկա: Դասագրքերը խեղաթյուրված են, իսկ քաղաքական գործիչները ձայներ կորզելու համար պատրաստ են գործի դնել ազգայնականներին», գրում է թերթն ու հավելում, որ թուրքերին անհրաժեշտ է վերլուծել անցյալի սխալները, անունը մաքրել արյունից:
«Ինչպես այս օրերին պնդում են Երեւանում, Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն անդառնալի բնույթ է ստացել: Նման հայտարարությունները չափազանց լավատեսական են, եթե հաշվի առնենք Թուրքիայում առկա լուրջ երեւույթները: Մի քանի տեղացի պատմաբաններ, փաստաբաններ եւ իրավաբաններ առաջատար թուրքական թերթերին տված հարցազրույցում իշխանություններին կոչ են արել դեմ չգնալ հոսանքին, ճանաչել 19-րդ դարի վերջին սկսված հայերի զանգվածային սպանությունների եւ տեղահանման փաստերը, որոնց գագաթնակետը դարձավ 1915-ը, եւ վերջակետ դնել թուրքական պետության այդ ողբերգական էջին», գրում է ռուսական «Նեզավիսիմայա գազետա» պարբերականը` հավելելով, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ թե հայ կամ թուրք ժողովրդի, այլ ողջ մարդկության խնդիրն է:
Ամերիկյան The Daily Reveille պարբերականը «Ճշմարտության ժամանակն է» խորագրով հոդվածում հիշեցնում է, որ նահանգապետի պաշտոնում Բարաք Օբաման նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացավ նախագահ ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
«Սակայն երբ բանաձեը Կոնգրեսում էր, Օբաման եւ Քլինթոնը ամեն ջանք գործադրում էին խափանելու քվեարկությունը: Խնդիրն այն է, որ բանաձեւը անդրադառնում է ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններին եւ վտանգում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններ հաստատելուն ուղղված ջանքերին»: Հոդվածագիրը գրում է, որ թեպետ Ցեղասպանությունը տեղի է ունեցել մեկ դար առաջ, սակայն պատմական հանցագործության ճանաչումը շատ կարեւոր է, որպեսզի դատապարտվեն ապագայում կատարվելիք նույնատիպ հանցագործությունները:
«Ճշմարտության ժամանակն է: Ժամանակն է ` հիմնվելով փաստերի վրա, դատապարտելու Հայոց ցեղասպանությունը: Ապագայում մենք կրկի՞ն թիկունքով կշրջվենք, երբ մեր երեխաները, մայրերն ու հայրերը դանակներով անդամահատվեն: Որքա՞ն ժամանակ պետք է անտեսենք դեպի մահ տարված, վաճառքի հանված կամ ծովում խեղդված երեխաների, հայրերի եւ մայրերի աղաղակները», գրում է թերթը:
Գերմանական Spigel Online պարբերականն էլ տիկին Տիգրանուհի Ավետիսյանի պատմությամբ է սկսում Հայոց ցեղասպանության 95-ամյա տարելիցին նվիրված «Անցյալի սատանաները» հոդվածը:
«Այս շաբաթ կլրանա Տիգրանուհի Ավետիսյանի 100-ամյակը: Երկու տարի առաջ նա դադարեց կրել ակնոցներ, երբ վերջնականապես կորցրեց տեսողությունը: Այժմ նա ապրում է Երեւանի բարձրահարկ շենքերից մեկի 7-րդ հարկում: 92 տարի առաջ նա թաքնվել էր գյուղի նկուղներից մեկում, փողոցի մի անկյունում ընկած էր փոքրիկ տղայի խոշտանգված դիակը: Հարեւան տանը կանանց էին բռնաբարում, եւ 8 տարեկան աղջիկը սարսափով էր լսում կանանց ճիչերը», գրում է թերթը:
«Կան լավ եւ վատ թուրքեր: Վատ թուրքերը սպանեցին այն տղային, իսկ լավ թուրքերը ինձ եւ մորս թաքցրին, հետո օգնեցին փախչել», մի կերպ արտաբերում է Տիգրանուհին»:
Այնուհետեւ հոդվածագիրն անդրադառնում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: «Ապրիլի 24-ին կլրանա Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցը: Մինչ այսօր Թուրքիան շարունակում է հերքել Օսմանյան կայսրությունում իրականացրած Ցեղասպանությունը: Գերմանիան էլ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: 2005թ. Բունդեսթագը Թուրքիային դիմեց` ճանաչելու պատմական արատավոր անցյալը, սակայն նրանք խուսափեցին «ցեղասպանություն» բառի օգտագործումից:
1915-1918թթ. հայ ժողովրդի մի մասը բնաջնջվեց, մյուս մասը դարձավ թափառական եւ տուն փնտրեց ողջ աշխարհում` այդպիսով ձեւավորելով հայկական սփյուռք հասկացությունը: Այս շաբաթ գերմանացի հասարակությունը հարգանքի տուրք կմատուցի հայ ժողովրդին, կրկին ցուցադրելով «Աղետ» ֆիլմը», գրում է գերմանական հանդեսը:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ