Տասնհինգ տարի առաջ` 1995-ի ապրիլի 14-ին ռուսական Պետդուման միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության եղելությունը: Ընդունվեց հայտարարություն` «1915-1922-ին հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը դատապարտելու» մասին, եւ, ի տարբերություն Ցեղասպանությունն ընդունած այլ 19 երկրների, Ռուսաստանի ընդունած բանաձեւը ձեւակերպումների հարցում բավական դիպուկ է գտնվել. «Հիմնվելով 1915-22-ին Արեւմտյան Հայաստանի տարածքում հայերի կոտորածի, բռնի արտաքսման մասին բազմաթիվ, անբեկանելի փաստերի վրա` Ռուսաստանի Պետդուման ճանաչում է Հայոց ցեղասպանությունը` իրականացված նույն տարածքում»: Դիպուկն այստեղ «Արեւմտյան Հայաստանն» է, այլ երկրների` «Օսմանյան կայսրության» փոխարեն:
Սակայն ի՞նչ է կատարվում այսօր Ռուսաստանում Ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի հետ` ընդունումից 15 տարի անց: Պատասխանը ակնհայտ է` գրեթե ոչինչ: Ռուսաստանը ոչ մի քայլ չի ձեռնարկել եւ չի ձեռնարկում իր իսկ ընդունած բանաձեւին իրավական հիմնավորումներ տալու ուղղությամբ: Դաշնային ոչ մի ալիքով չես տեսնի որեւէ հաղորդում, ֆիլմ այս թեմայով, միայն երբեմն ապրիլի 24-ին, այն էլ ոչ հեռուստատեսային «պիկ ժամերին»: Ռուսական պատմության դասագրքերը նույնպես չեն բարձրաձայնում Ցեղասպանության թեման: Ապրիլի 24-ը Պետդուման այդպես էլ չի մտցրել «հիշարժան օրերի» ցանկում` որպես Ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Իսկ այլ երկրներում, օրինակ, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, հիշեցնենք` նույնիսկ քրեորեն հետապնդելի է Հայոց ցեղասպանոթւյան հրապարակավ ժխտումը: Այլ երկրներում գոնե ապրիլի 24-ին կազմակերպվում են սգո միտինգներ, երթեր, հիմնվում են հուշակոթողներ: Ռուսաստանում, սակայն, եթե հայերը (ավելի ճիշտՙ «կովկասցիները»- Հ. Ա.) փորձեն զանգվածային միջոցառում անել, թեկուզ ապրիլի 24-ին ... ոստիկանությունը «կարգին փող կաշխատի»: Ինչ վերաբերում է Ցեղասպանության հուշակոթողին, ապա միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանի հայերի միությունը հայտարարեց, որ պատրաստակամ է հոգա ստեղծվելիք հուշակոթողի բոլոր ֆինանսական ծախսերը, Մոսկվայի իշխանությունները որոշեցին քննարկել դրա կառուցման հավանականոթյունը: Ուրեմն ինչո՞ւ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը, որի հույժ կարեւոր շահերը կովկասյան տարածաշրջանում անվերապահորեն պաշտպանում է միայն մեր երկիրը, ավելի «համարձակ» չի գտնվում իր իսկ ընդունած հայանպաստ որոշումները իրագործելիս: Պատճառը դարերի խորքում է թաքնված: Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերը բոլոր ժամանակներում էլ թույլ չեն տվել նրան ավելի ջերմ խոսել «եղբայր հայերի» մասին: Երբ առաջացավ Կովկասի սովետականացման խնդիրը, առաջացավ նաեւ անհրաժեշտություն` ստեղծելու դաշինք Քեմալական Թուրքիայի եւ Սովետական Ռուսաստանի միջեւ, իսկ այս դաշինքն արդեն անվավեր ճանաչեց 1920-ի օգոստոսի 10-ին կնքված Սեւրի պայմանագիրը` սրանով իսկ դեպի Արեւմտյան Հայաստան Հայաստանի ձգտումները անիրականանալի դարձան, եւ սկսվեց Հայաստանի սովետականացման գործընթացը: Այս գործընթացն իր հերթին բերեց 1921-ի մարտի 16-ին Մոսկվայի եւ 1921-ի հոկտեմբերի 13-ին Կարսի պայմանագրերի ստորագրմանը. սրանցով Սովետական Ռուսաստանը եւ նրա դրածոները Սովետական Հայաստանում Թուրքիային հանձնեցին 20 հազար քառակուսի կիլոմետր հայկական տարածք` փաստորեն իրականացնելով Հայաստանի մասնատումը: Ավելին` հենց այս պայմանագրով Ադրբեջանի կազմ, դե յուրե, անցավ հայկական Նախիջեւանը: Ընդ որում, եթե սկզբում Սովետական Ռուսաստանը «աչք էր փակում» ցարական Ռուսաստանի Ելիզավետսպոլյան գավառի հայաբնակ շրջանների հանձնմանը նախկինում պետականություն չունեցած Ադրբեջանին, ապա հետագայում արդեն նույն Սովետական Ռուսաստանն ինքն իր ձեռքով Ադրբեջանին հանձնեց Լեռնային Ղարաբաղը: Հետեւաբար ամենեւին էլ տարօրինակ չէ, որ Սովետական Միության իրավահաջորդ հռչակված Ռուսաստանի Դաշնությունը դժվարությամբ կարող է անվերապահ, արդարացի վերաբերմունք ցուցաբերել ԼՂՀ-ի գոյությանը (սա հո Հարավային Օսիա կամ Աբխազիա չէ՞-Հ. Ա.): Դժվարությամբ կարող է բարձրաձայնել, որ այն բանից հետո, երբ 1988-ի հուլիսի 18-ին ԼՂԻՄ մարզային խորհուրդը որոշում կայացրեց Սովետական Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին, Հայոց ցեղասպանության շարունակությունը տեղի ունեցավ. 1988-ի նոյեմբերի 21-27-ինՙ Կիրովաբադում, 1990-ի հունվարի 13-19-ին` Բաքվում, իսկ ավելի վաղ` 1988-ի փետրվարի 26-29-ին` Սումգայիթում: Ռուսաստանն, առավել, քան որեւէ այլ երկիր, գիտի, որ այս ամենի պատճառով Ղարաբաղի ազգաբնակչության մեծամասնությունը` հայերը, բնաջնջման վտանգ զգալով, պայքարի ելան, եւ հենց այդ ժամանակ էր, որ Թուրքիան, օգտվելով առիթից, միակողմանի փակեց Հայաստանի հետ սահմանը` նաեւ ռազմական օգնություն ցուցաբերելով Ադրբեջանին: Ռուսաստանը նաեւ պետք է լավ իմանա, որ 1991-ի սեպտեմբերի 2-ին հռչակված ԼՂՀ անկախությունն ամենեւին էլ ինքնանպատակ կամ «նորաձեւությանը տուրք» չէ, այլ` արդարության վերականգնման փորձ: Նույնիսկ ԽՍՀՄ վերջին առաջնորդ Միխայիլ Գորբաչովը վերջերս հայտարարեց, որ ինքը ժամանակին առաջարկում էր ԼՂԻՄ-ին տալ հանրապետության կարգավիճակ: Իսկ եթե տար, ապա ո՞ւր կկորեին Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահանջները, երբ Ղարաբաղը միութենական մյուս` 15 հանրապետությունների հետ, համաձայն սովետական երկրի սահմանադրության, դուրս գար Միությունից` որպես անկախ պետություն:
Այսօրվա Ռուսաստանում այս ամենը շատերը գիտեն, կան նաեւ այնպիսիք, որ համարձակ, առանց հաշվի առնելու Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերը, բարձրաձայնում են: Ռուս գրող, հրապարակախոս Վիկտոր Կոնոպլեվը վերջերս հրապարակած հոդվածում նշում է, որ 1995-ին Պետդումայի ընդունած որոշումից դուրս են մնացել «Արեւմտյան Հայաստանուն` Սասունում, Տրապիզոնում, Էրզրումում, Կիլիկիայում, Ադանայում 1894-1909-ին իրականացված հայերի ջարդերը: Մենք չենք բարձրաձայնում նաեւ այն մասին, որ հայերը ենթարկվել են նաեւ մշակույթային, կրոնական ցեղասպանության ոչ միայն թուրքերի կողմից, այլ նաեւ, էստաֆետը վերցրած` Ադրբեջանի կողմից. միայն 1920-ին Շուշիում 10 հազար հայեր կոտորվեցին», նշում է Կոնոպլեւը: Ռուս գրողը շեշտում է, որ այսօր Ռուսաստանն, առավել քան երբեք, պետք է պաշտպանի իր «հայ եղբայրներին», «Մենք պետք է օգնենք հայերին` վերականգնելու պատմական արդարությունը, բայց ոչ թե «չգործող բանաձեւեր» ընդունելով, այլ աղմկոտ քայլերով, գործողություններով: Ես չեմ ուզում հավատալ, որ Ռուսաստանը Ցեղասպանությունը լոկ ձեւի համար է ընդունել` որպես վաղուց կատարված փաստ: Հայերենում այսպիսի խոսք կա` «ցավդ տանեմ», ժամանակին հայերն այն ուղղում էին մեզ` մեր գործերի, օգնությունների համար, այսօր ժամանակն է, որ վերականգնվի «ցավդ տանեմը» հայերի ու ռուսների միջեւ` փոխադարձության հիման վրա», եզրափակել է Վիկտոր Կոնոպլեւը:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ