Հայոց ցեղասպանության թուրքական ժխտումները ոչ միայն չեն դիմանում թեկուզ մեկ երկրում եղած արխիվային փաստաթղթերի քննությանը, այլեւ չքանում են հետեւյալ երեւույթից. աշխարհի 20 երկրներ. միջազգային խոշոր կազմակերպություններ, առանձին երկրների նահանգներ, քաղաքներ ընդունել են այն, ինչ թուրքերը «սուտ» են անվանում, նկատենք` միայն թուրքերը, այն էլ միայն պաշտոնական մակարդակով: Ի դեպ, թուրքական պետության այս ժխտողականությունը նույնպես սկսել է «տարօրինակ» երանգներ ստանալ. «հայ-թուրքական արձանագրություններով նախատեսված պատմաբանների հանձնաժողովը պետք է քննարկի Ցեղասպանության հարցը», տարբեր առիթներով կրկնում են թուրք պաշտոնյաները: Իսկ եթե, ինչպես դուք եք պնդում, չի եղել Ցեղասպանություն, ապա ի՞նչ կարիք կա քննարկելու, միգուցե միջազգային հանրության «աչքերը փոշոտելու» համար: Ինչեւէ, «հայկական ստի» վերաբերյալ 95 տարի անց էլ ամբողջ աշխարհում կատարվում են ոգեկոչման երեկոներ, որոնք թեեւ կազմակերպվում են տեղի հայ համայնքների ջանքերով, սակայն անմասն չեն մնում տվյալ երկրի իշխանությունները, տարբեր պաշտոնյաներն ու հասարակական գործիչները:
Մոսկվա
«Ինչպես արդեն «Ազգը» տեղեկացրել է, Ռուսաստանի մայրաքաղաքում Ռուսաստանի հայերի միության ջանքերով կազմակերպվում են մի շարք միջոցառումներ. ապրիլի 22-ին Մոսկվայում թուրքական դեսպանատան առջեւ կազմակերպվեց բողոքի պիկետՙ պահանջելով Անկարայից վերջապես ուղիղ նայել սեփական պատմությանը: Ապրիլի 23-ին Մոսկվայում կառուցվող Հայ առաքելական եկեղեցու տարածքումՙ անմեղ զոհերի ոգեկոչման եկեղեցական միջոցառում: Այսօր մոսկովյան մետրոյի կայարաններից մեկի մերձակայքում նույնպես բողոքի ցույց կանցկացվի, բացի սրանից, ծաղկեպսակներ կդրվեն եկեղեցու բակում տեղադրված խաչքարի առջեւ, որից հետո Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի մասնակցությամբ կկազմակերպվի սգո պատարագ: Մոսկվայի Երաժշտության միջազգային տանը նույնպես կկազմակերպվի երեկույթ` նվիրված Հայոց ցեղասպանության 95-ամյակին:
Ռուսաստանը 1995-ին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
Բուենոս-Այրես
Արգենտինայի խորհրդարանի եւ «Արմենիա» մշակութային միության նախաձեռնությամբ ապրիլի 20-ին խորհրդարանի դահլիճում կազմակերպվել է երեկույթ` նվիրված Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին: Միջոցառմանը ներկա խորհրդարանի անդամներ Մարիա Խոսե Լուբերտինոն, Ֆաբիո Բաստերիոն, Արգենտինայի արդարադատության գերագույն դատարանի անդամ Էուխենիո Սաֆարոնին, այլ պաշտոնյաներ, հայկական համայնքի ներկայացուցիչներ, ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, Հայ առաքելական եկեղեցու Արգենտինայի թեմի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը կոչ են արել Թուրքիային` հաշտվել սեփական անցյալի հետ, ընդունել եւ դատապարտել հայ ժողովրդի դեմ իրականացրած ոճրագործությունը:
Արգենտինան 1993-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Լիբանան
Այս երկրում անցկացվում են բազմաթիվ միջոցառումներ, ոգեկոչման երեկոներ, քայլարշավներ եւ այլն: Ապրիլի 22-ին «Լյուսի Թութունջյան» պատկերասրահում Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հովանությամբ բացվել է հայ եւ լիբանանցի արվեստագետների հավաքական ցուցահանդես: Ելույթ ունեցողները կրկին իրենց բողոքն են հայտնել անարդարության դեմ: Ներկա են եղել ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, հայազգի պատգամավորներ, պաշտոնյաներ, Լիբանանի թեմի առաջնորդ Գեղամ եպիսկոպոս Խաչերյանը, լիբանանցի քաղաքական, հասարակական գործիչներ:
Լիբանանը 1997-ին ընդունեց Հայոց ցեղասպանությունը:
Իտալիա
Ապրիլի 19-ին իտալական Պադուայի քաղաքապետարանում տեղի է ունեցել անվանի նկարիչ Գրացիելա Վիգոյի «Հայաստանի սուրբ հողը» գրքի շնորհանդեսը, ինչպես նաեւ գրքի լուսանկարների ցուցահանդեսը` Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Միջոցառումը բացել է Պադուայի քաղաքապետ Ֆլավիո Ջանոտանոն, որն իր խոսքում ընդգծել է, որ Պադուան առաջին քաղաքն էր, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը` քաղաքապետարանի բակում անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշատախտակ փակցնելով. «Անհրաժեշտ է մշտապես հիշել եւ դատապարտել Հայոց ցեղասպանությունը», նշել է քաղաքապետը:
Միջոցառմանը ներկա են եղել Իտալիայի քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը:
Իտալիան 2000-ին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
Աշխարհի բոլոր մայր ցամաքներից բերված այս մեջբերումները եւս մեկ անգամ վկայում են, որ «հայկական սուտը» այդպիսին էՙ բացառապես Թուրքիայի համար: Ինչպե՞ս կարող են գրեթե 13 մլն հայեր` միահամուռ, եւ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ուրուգվայը, Կիպրոսը, Արգենտինան, Ռուսաստանը, Կանադան, Հունաստանը, Լիբանանը, Բելգիան, Իտալիան, Վատիկանը, Ֆրանսիան, Շվեյցարիան, Սլովակիան, Հոլանդիան, Լեհաստանը, Վենեսուելան, Լիտվան, Չիլին, Շվեդիան, ԱՄՆ-ի ճնշող մեծամասնությունը (42 նահանգ), Գերմանիան` իր ընդունած հայտարարությամբ, ինչպես նաեւ շատ այլ երկրների խորհրդարաններ ճանաչել «սուտը» եւ համաձայնվեն քննարկել այն:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ