«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2010-04-22 | #73, 2010-04-23 | #74, 2010-04-24


ԱՍՈՐԻՆԵՐԸ ԱՇԽԱՐՀԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԸՆԴՈՒՆԵԼ ԱՍՈՐԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի ասորական համայնքում ավանդույթ կա` ապրիլի 24-ին բարձրանալ Ծիծեռնակաբերդի բարձունք` հարգելու 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ասորիները քիչ արցունք եւ արյուն չեն թափել: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունում եւ Հյուսիսային Պարսկաստանում թուրքերը սպանել են 750.000 ասորիների:

«Աշխարհը պետք է դատապարտի Թուրքիային` Հայոց ցեղասպանության համար, եւ ընդունի, որ ասորիները նույնպես ենթարկվել են ցեղասպանության: Եթե հայերը կորցրել են 1,5 մլն մարդ, ապա ասորիներըՙ բնակչության շուրջ կեսը` 750.000: Հայոց ցեղասպանությունն ավարտվեց 20-ական թթ., ասորիների ցեղասպանությունը շարունակվում է մինչ օրս», «Հայելի» ակումբում ասաց Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցիչ Ռազմիկ Խոսրոեւը :

Ասորիների ցեղասպանության մասին շատ չեն խոսում, սակայն ժամանակները փոխվել են: Պետականություն չունեցող, բայց աշխարհում արդեն երեք միլիոն կազմող ասորիները Թուրքիայից պահանջներ ունեն: «Ճանաչելով ՄԱԿ-ի ազգերի ու ժողովուրդների իրավահավասարության եւ ազատ ինքնորոշման սկզբունքը, Թուրքիան ոտնահարում է տեղի ասորիների իրավունքները եւ շարունակում իրականացնել ցեղասպանություն` արտաքսելով ասորիներին», նկատում է Խոսրոեւը: Ասորիներն իրենց նահատակներին հարգանքի տուրք են մատուցում օգոստոսի 7-ին: «1933 թ. Իրաքի Սիմել գյուղում տեղի ունեցավ կոտորած: Անգլիացիները մեկ օրում կոտորեցին եւ այրեցին 3000 ասորիների», պատմեց Խոսրոեւը:

Ասորական համայնքի ներկայացուցիչ Լինա Յակուբովան 8 վավերագրական ֆիլմերի հեղինակ է: Նրանցից 4-ը պատմում է ասորական ցեղասպանության մասին: «Մեկ ազգի մոռացված մի էջ» ֆիլմի նկարահանման ժամանակ ռեժիսորը հասկացավ, որ ասորիները մեղավոր են իրենց ազգի նկատմամբ Ցեղասպանության ճանաչման պահանջը խստորեն չառաջադրելու համար: «Մեր մեղավորությունն է, որ մարդիկ չգիտեն այդ մասին», ասաց նա:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4