«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2010-04-22 | #73, 2010-04-23 | #74, 2010-04-24


«ՆԱԽԱԳԱՀԸ ԺԱՄԱՆԱԿ ՏՎԵՑ ՈՉ ՄԻԱՅՆ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ, ԱՅԼԵՎ ԻՐԵՆ ՈՒ ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ»

Երեկ Երեւանի կենտրոնական փողոցներում կատարած մեր փոքրիկ հարցախույզից պարզ դարձավ, որ քաղաքացիների հիմնական հատվածին չի հետաքրքրում հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ արդեն մեկ տարի ընթացող գործընթացը: Պահանջվեց երկու ժամ գործընթացին տեղյակ 5-6 հոգու կարծիք լսելու համար: Տպավորությունն այն էր, որ այդ հարաբերությունները հետաքրքրում են միայն լրագրողներին, քաղաքական գործիչներին ու քաղաքագետներին: Ի տարբերություն նրանց, որ քնում-զարթնում ու կանխագուշակում են, թե սահմանը ե՞րբ կբացվի կամ ապրիլի 24-ին Օբաման ի՞նչ կասի, հասարակությունը բոլորովին այլ անհանգստություններ ունի, ու կարծես «ֆուտբոլային դիվանագիտությունից» նրանց հետաքրքրում էր միայն ֆուտբոլը, իսկ քանի որ հանդիպումները վաղուց ավարտվել են, Հայաստանի հավաքականն էլ երկու անգամ պարտվել է, քաղաքացիները կարծես մոռացել են հայ-թուրքականի, «ֆուտբոլային դիվանագիտության» մասին ու հետաքրքրվում են միայն կենցաղային առօրյա հոգսերով` գազի գնի բարձրացումից մինչեւ օրեցօր թանկացող ապրանքներ, ուսման, բնակարանի վարձ եւ այլն:

«Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ նախագահի ելույթը լսե՞լ եք» հարցին քչերը պատասխանեցին: «Ո՛չ, չեմ լսել» պատասխանողները, որ հսկայական թիվ էին կազմում, հավելում էին, որ նախապես տեղյակ էին, սակայն հարկ չեն համարել լսել, որովհետեւ դա իրենց չի հետաքրքրում:

«Ինձ ինչ, հայ-թուրքական հարաբերությունները կասեցվել են, չեն կասեցվել: Ամսվա վերջին գազի գնի հաշիվը կստանամ, դրա մասին հարցրե՛ք, դրա մասին եմ մտածում, թե չէ դրել եք հայ-թուրքական, Օբամա ու էլի եսիմ ինչ: Չեք ասում` ժողովուրդը սոված է, փող չունի, աշխատանք չունի: Դրել ու քննարկում եք` սահմանը կբացվի՞, թե՞ չի բացվի», բարկացավ մեկը:

Նախագահի ելույթը լսած ու հայ-թուրքական հարաբերություններով քիչ թե շատ հետաքրքրվող անձինք հիմնականում դրական գնահատեցին նախագահի դիրքորոշումը:

«Միեւնույնն է` արդյունք չկար: Որքա՞ն կարելի է կուլ գնալ թուրքերին, անհրաժեշտ էր կոշտ դիրքորոշում: Այս առումով նախագահի ելույթը շատ լավն էր», նկատեց ինժեներ Սպարտակ Իսպիրյանը :

«Ելույթը շատ լավն էր, ճիշտ արեց, որ հրաժարվեց: Թուրքերը ձգձգում էին, բացի այդ, հայ-թուրքական հարաբերություններում միշտ քննարկվում էր Ղարաբաղի հարցը, իսկ մենք համաձայն չենք Ղարաբաղի գնով սահման բացել», ասաց Գարիկ Արզումանյանը :

Հեղինե Հարությունյանն էլ նկատում է, որ նախագահի ելույթը ուշացած էր:

«Ի սկզբանե դեմ էի հայ-թուրքական այս գործընթացին: Նախագահն ու կոալիցիոն ուժերը, որ հայտարարությամբ հանդես եկան, պետք է ավելի շուտ հասկանային, որ Թուրքիան նախապայմանների լեզվով է խոսում եւ չարժեր այդ նախաձեռնությունն ընդհանրապես սկսել: Ընդհանուր առմամբ նախագահի ելույթից գոհ եմ, բայց չհասկացա, թե ինչու շնորհակալություն հայտնեց նախագահ Գյուլին: Նա պաշտպանում էր Դավութօղլուի եւ էրդողանի հայտարարությունները, չարժեր Գյուլին շնորհակալություն հայտնել», ասաց նա:

«Հո մուկ ու կատու չե՞նք խաղալու: Առկախվել է, որ թուրքերին ժամանակ տա: Մենք կորցնելու ոչինչ չունենք: Աշխարհը, գերտերությունները մեզ հետ են, սա մշակված միջոցառում է: Այլ կերպ հնարավոր չէր», ասաց Կամո Մարգարյանը :

«Նախագահի ուղերձը ուշացած էր, վաղուց պետք է այս գործընթացը կասեցնեին: Հուսով եմ` հաջորդ քայլով ստորագրությունները հետ կկանչեն: Հուսով եմ` գործընթացը կդադարեցվի ու Թուրքիան վերջ կտա իր թատերական ներկայացումներին: Չեմ կարծում, որ նախագահը հենց այնպես կասեցրեց այս գործընթացը: Միջազգային կառույցների ճնշում երեւի չի լինի, որովհետեւ նրանք տեսան, թե ով է թելադրում նախապայմանները», նկատեց Արմինե Գեւորգյանը :

«Միակ լուծումը դա էր: Նախագահը ժամանակ տվեց մտածելու ոչ միայն Թուրքիային, այլեւ իրեն եւ հայ հասարակությանը: Եթե ոչինչ չստացվեց, նշանակում է` պետք է լուրջ մտածենք` արդյոք արժե՞ գնալ այդ քայլին», ասաց տնային տնտեսուհի Սեդա Արեւշատյանը:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4