«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2010-04-22 | #73, 2010-04-23 | #74, 2010-04-24


«ԱՂԵՏ». ԱՆՑՅԱԼԻ ՎԱՎԵՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՙ ՆԵՐԿԱՅԻ ՁԱՅՆՈՎ

Ինչպես իրազեկել ենք մեր ընթերցողներին, գերմանական հեռուստատեսության առաջին ալիքըՙ ARD-ն, ապրիլի 9-ին հեռարձակեց Էրիկ Ֆրիիդլերի 90 րոպեանոց վավերագրական ֆիլմըՙ «Աղետՙ մի ցեղասպանություն» վերնագրով: Գերմանիայում եւ այլուր մեծ տպավորություն եւ արձագանքի ալիք առաջացրած ֆիլմը ապրիլի 13-ին վերահեռարձակվեց գերմանական «Phoenix» հեռուստաալիքով, որին հաջորդեց հրապարակային բանավեճ գերմանացի, հայ եւ թուրք ներկայացուցիչների միջեւ, որի ամփոփ շարադրանքը «Ազգ»-ը ներկայացրեց ապրիլի 21-ին, Գերմանիայում մեր թղթակից Անահիտ Հովսեփյանի անխոնջ գրիչով, արժանանալով մեր ընթերցողների գնահատանքին: Մեր խնդրանքով, Ա. Հովսեփյանը պատրաստել է նաեւ ֆիլմի հակիրճ նկարագրականը, որը ընթերցողների ուշադրությանն ենք հանձնում ստորեւ եւ հաջորդ էջում:


Մինչեւ այսօր էլ այս ցեղասպանությունն ուրանում են ոճրագործներն ու նրանց սերունդները: Թեմայի հրապարակային արծարծումը Թուրքիայում շատերի համար կյանք է արժենում. 2007-ի հունվարի 19-ին Հրանտ Դինքի սպանությունը փաստեց սա: Ի հեճուկս պատմագիտությամբ զբաղվող միջազգային ճանաչված հեղինակություններիՙ ցեղասպանություն եզրաբառով բնորոշմանը, Թուրքիայի քաղաքական ղեկավարությունն այսօր էլ անդրդվելի է իր ժխտողական դիրքերում: Հայոց ցեղասպանությունը ճանաչելու փոխարեն Էրդողանը դեռ նույնն է պնդումՙ փաստեր: Իսկ Թուրքիայում շատերն ուզում են իրենց երկրի նոր պատմությունը գրել: Դինքի թաղմանը 200 000 թուրքեր փողոց են ելել հանրահավաքի արդարության պահանջովՙ ցույց տալով իրենց համերաշխությունը հայերին: Կայզերական Գերմանիան հանդուրժում էր ոճիրըՙ Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության դաշնակիցն էրՙ գերմանացի 12000 զինվորական եւ մոտ 700 սպաներ Թուրքիայի տրամադրության տակ էին: Նրանցից ոմանք ակտիվ դերակատարում ունեին ցեղասպանությունը ծրագրելու եւ իրականացնելու մեջ: Կային նաեւ սպաներ եւ դիվանագետներ, ովքեր Բեռլինում ապարդյուն փորձում էին Ռայխի վարչախմբի աչքերը բացել:

Արեւելյան Անատոլիայից հայերին Ուրֆա էին ուղարկում, Կ.Պոլսի եւ արեւմտյան Թուրքիայի հայերինՙ Հալեպի ուղղությամբ: Այս երկու վայրերից էլ պիտի Դեր Զորի անապատները քշեին տեղահանվածներին: Ֆիլմում ներկայացված ծանր պատմությունը ծանոթ է բոլորիս, առաջին անգամ չէ, որ ունկնդիր ենք լինում մեր մեծ ողբերգության մասին ականատեսների վկայություններին, բայց առաջին անգամ է, որ գերմանացի հայտնի 23 դերասաններ վերակենդանացնում են անցյալիՙ գալիքին ուղղված ձայնը:

Մենք կշրջանցենք ֆիլմը պատմելու գայթակղությունը, ավելի լավ է տեսնել, բայց ստորեւ ներկայացվող մեր շարադրանքում կփորձենք անդրադառնալ հայ հանրությանը գրեթե անծանոթ ստեղծագործական խմբին, որին հաջողվել է գեղարվեստի անպաճույճ հանդերձով գծագրել վավերագրությունը:

«Աղետը» բացահայտում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության հանդեպ հանիրավի լռության քաղաքական ենթատեքստը: Արեւմտյան Եվրոպայում որեւէ մեկը չի կասկածում ցեղասպանության փաստացիությանը, բայց Թուրքիան ուրացման միջոց է դարձնում իր աշխարհագրական դիրքըՙ լռություն պահանջելով նաեւ աշխարհից, իսկ մեծ տերությունները խաղում են այդ դերըՙ ՆԱՏՕ-ին անդամակից Թուրքիայի հետ հարաբերությունները չվտանգելու պատճառաբանությամբ: Ելույթ են ունենում մեծ տերություններիՙ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի ղեկավարները, Հայաստանի, Թուրքիայի մտավորական վերնախավը, քաղաքական գործիչները, գիտնականները: Խոսք են ասում նաեւ Սփյուռքի ճանաչված հայեր, ինչպես Արթուր Աբրահամը, Ֆրանսիայում հայազգի նախարար Պատրիկ Դեվեջյանը, կամ Հայաստանի նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը: Ֆիլմի համար հիմք են ծառայել պատմական տարբեր աղբյուրներ: Ցեղասպանության ընթացքը վերագծվում է արխիվային ահռելի փաստերի օգնությամբ, ներկայացված են ինչպես Գերմանիայի արտգործնախարարության քաղաքական արխիվի նյութերը, այնպես էլ Յոհաննես Լեփսիուսի, Կոնգրեսի գրադարանի, Ազգային արխիվի... ցանկը կարելի է շատ երկար շարունակել:

«Ինչպես պատմել մի իրադարձության մասին, որ 100 տարի առաջ է պատահել: Ֆիլմի պրոդյուսեր Կատարինա Մ. Թրեբիթչն է մեկնաբանում: «Կարդացել էի Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպը: Ռեժիսոր Էրիկ Ֆրիիդլերը դրամատուրգիական անսովոր կոնցեպտ մշակեցՙ գրավոր վկայությունները, որ գտնվում են ԱՄՆ-ի, Հայաստանի, Դանիայի արխիվներում, Բեռլինի արտգործնախարարության քաղաքական արխիվում, Լեփսիուսի տանը, դնել ֆիլմի հիմքում: Բանալին ներկայացվող վավերագրությունը ձայնավորելը դարձավ: Դրանք դիվանագետների, զինվորականների, լրագրողների, բուժքույրերի եւ հայ զոհերի վկայություներն են, որ ժամանակին Թուրքիայում են ապրել: Մենք ժամանակակից հանդերձանք չենք գործածել, դրանք պարզապես այսօրվաՙ անցյալում կատարված հարցազրույցներ են»: Դերասանների հագուստն էլ այնպիսին է, որ արտաբերվող բառից, խոսքից, մտասեւեռումից չի շեղում: Սեւ, մոխրագույն եւ սպիտակ: Ֆիլմը սկսվում եւ ավարտվում է ոչ թե պատմական հեռվից, այլ ներկայից: 95-ամյա ցեղասպանության այս վավերագրությունը բացահայտում է չթմբկահարված հերոսների դժվար, դժբախտ ճակատագրեր:

Ավստրալիայում ծնված Էրիկ Ֆրիիդլերը 2002-ից NDR-ի (Հյուսիս-Գերմանական ռադիո) խմբագիրն է: Վավերագրական, հեռուստատեսային եւ խաղարկային ֆիլմերի հեղինակ: Ի՞նչն է առիթ հանդիսացել, որ Հայոց ցեղասպանությանն անդրադառնա: Ռաֆայել Լեմկինը այն համարել է 20-րդ դարի առաջին սիստեմատիկ ցեղասպանությունը, մեկնակետ հետագա բոլոր ցեղասպանությունների համար, որ ցնցեցին 20-րդ դարը: Այս ցեղասպանությունն ուրանում են ոչ միայն ոճրագործների սերունդները, այլեւ աշխարհի մեծ մասը պարզապես լռության է մատնել այն, պարզաբանում է ֆիլմի հեղինակը: Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը «Աղետ» ֆիլմում հարց է ուղղումՙ ինչո՞ւ աշխարհի եւ ոչ մի վարչակազմ խնդիր չունի, երբ խոսում է Ռուանդայի, Կամբոջայի կամ Հոլոքոսթի մասին, բայց Հայոց ցեղասպանության մասին դիվանագետները գրեթե 100 տարի ձեռնպահ են մնում արտահայտվելուց: Մեզ հետաքրքրում էՙ ի՞նչ է եղել ժամանակին եւ ինչո՞ւ մի իրադարձություն, որ պատմաբանների հարաճուն գնահատմամբ վաղուց ապացուցել է իր փաստացիությունը, մինչ օրս լուրջ չի ընկալվել: Ես մտածում էիՙ ինչպե՞ս պիտի վաղեմի իրադարձությունները պատկերավոր, կինոյի լեզվով ներկայացնեմ, երբ համարյա բոլոր ականատես վկաներն արդեն մահացել են: Բայց կան նրանց վկայությունները, որ գրվել են իրադարձութունների տպավորության տակ: Դերասանների միջոցով այս վկայությունները լսելի դարձնելու գաղափարը մեզ թվաց անցյալի վկայությունները ներկայի մեջ ընդգրկելու առումով տեսանելի, շոշափելի: Ակնդիրները պիտի կենտրոնանան նրա վրա, թե ժամանակին ինչ են պատմել ցեղասպանության ականատեսներն ու զոհերը :

Դերասանական աստղաբույլը

Ցեղասպանության վերապրող 1898-ին Սվազում ծնված Համբարձում Սահակյանի դերակատար, 2008-ին «Գոլդընը կամերա» եւ այլ մրցանակների արժանացած Լյուդվիգ Թրեպտեն պատմում է, թե հայոց ողբերգությանը ծանոթացել է Հիտլերի կենսագրության միջոցով: Բայց ֆիլմի նախագիծը ցնցել է իրեն, որ պատմության այսպիսի կարեւորագույն հատվածը գրեթե չի արժանացել քննության, ուշադրության: «Թուրքական կառավարությունը մինչեւ օրս էլ շատ զգայուն է այս թեմայի հանդեպ: Նա չի ուզում տեղահանությունն ու ցեղասպանությունը ճանաչել եւ ձեւացնում է, թե սա իր պատմությունը չէ: Ասում է, թե կատարվածը երկիրը պաշտպանելու անհրաժեշտ միջոցառումներ էին: Սոցիոլոգ Գուննար Հայնզոհնը ինձ ճշգրիտ հուշեց. «Ով ուրանում է ցեղասպանությունը, հայտնվում է արտասովոր բարոյական պարադոքսի մեջ: Ոչ մի բան այնպես չի թունավորում ոճրագործների եւ զոհերի մթնոլորտը, որքան ուրացումը: Մինչ առաջինները ողբում են իրենց մեռյալների համար, պատասխանատուներն ասում են, թե դրանք չեն եղել»:

Սիլվեստր Գրոթը մարմնավորում է Մարտին Նիիպագեինՙ 1915-17-ին նա Հալեպում գերմանական դպրոցի ուսուցիչ է եղել: Ի թիվս այլ հաղորդագրությունների նա Բեռլինի Ռայխսթագի պատգամավորներին է ուղարկել ականատեսի իր վկայությունները: Սիլվեստր Գրոթը Գերմանիայում արժանացել է մի շարք մրցանակների, նա նաեւ թատրոնի շատ ճանաչված ռեժիսոր է: Դերասանը վերլուծելով հայտնի մյուս վավերագրություններըՙ նկատել է տալիս, որ դրանց մեջ առկա ֆիկտիվ խաղարկային տեսարաններում սովորաբար գոյություն ունի պատմական մի կերպար: Այստեղ մեկը չէ, շատ են:

Սանդրա Հյուլլերը կարդում է ամերիկացի միսիոներուհի 1902-1917-ին Խարբերդում բնակված Թեյսի Աթկինսոնի փաստագրությունը: Նրա օրագրային վկայությունները հետագայում հրատարակվել են «Խարբերդի օրագրեր. 1908-1917» վերնագրով: Սանդրա Հյուլլերը շատ քիչ բան է իմացել Հայոց ցեղասպանության մասին, եղածն էլՙ իր հայ ընկերոջից, որը թեպետ անմիջական զոհ չլինելով, իր մեջ է կրել մեծ տառապանքը, նրան շատ է տանջել ցեղասպանության չճանաչված լինելու հանգամանքը: «Ինձ համար հայտնագործություն էր այդպիսի հերոսուհու բացահայտումը», խոստովանում է Հյուլլերը: Վերջինս 2003-ին ճանաչվել է «Տարվա լավագույն երիտասարդ դերասանուհի»:

Գոթթֆրիիդ Ջոնը մարմնավորում է գեներալ Ֆրիդրիխ Կրեսս ֆոն Կրեսսենշթայնին: Գեներալը կանոնավորապես հաղորդագրություններ է ուղարկել Գերմանիայի կառավարությանըՙ իրազեկելով նաեւ ցեղասպանության մասին: Գոթթֆրիիդ Ջոնը «Աստերիքսն ու Օբելիքսը Կեսարի դեմ» ֆիլմում Հուլիոս Կեսարի դերակատարման համար արժանացել է Բավարական մրցանակիՙ «Լավագույն երկրորդական դերակատարման» համար:

Մարթինա Գեդեքը մարմնավորում է 1913-1919-ին Մուշում իր առաքելությունը կատարած շվեդ միսիոներուհի Ալմա Յոհանսսոնին: Նա հայկական որբանոց է ղեկավարել եւ ցեղասպանության ականատեսներից է: Նամակներում ու գրառումներում հստակ պատմում է դրա մասին: Գետեքի խաղարկմամբ 2007-ին «Ուրիշների կյանքը» ֆիլմն արժանացել է «Օսկարի»: «Աղետ»-ից առաջ շատ բան չգիտեի Հայոց ցեղասպանության մասին: Բայց գրադարան գնացի: Պատմական հենքով ստեղծագործությունների ժամանակ միշտ այդպես եմ վարվում: Ալմա Յոհաննսոնը ուժեղ անհատականություն է: Նա մանրամասնորեն նկարագրում է այն ամենը, ինչ տեսել էՙ առանց սեփական մեկնաբանությունների, բայց նրա գրածներում միայն այսբերգի գագաթն է երեւում: Նա խուսափում է գրել այն, ինչ պարզապես բառերով չես հանդերձավորի: Խոսել, պատմել էր պետք այնպես, կարծես քեզ հետ հարցազրույց են անում, պիտի գտնեի համապատասխան ձայնը, որ ակնդիրներին խորհրդածելու առիթ կտար:

Հերմանն Բոյերը մարմնավորում է 1909-1917-ին գերմանական ռայխի կանցլեր Թեոբալդ ֆոն Բեթմանն-Հոլլվեգին: Նա մերժել է Կ.Պոլսում Գերմանիայի դեսպան Գրաֆ Մեթթերնիխիՙ հայոց կոտորածները կանխելու առաջարկը: Նրա գլխավոր նպատակը Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիային դաշնակից ունենալն էր:

Սամուել Ֆինցին մարմնավորել է Յոհաննես Լեփսիուսին:

Թոմաս Հայնցեն հանդես է գալիս Օսկար Հայնցեի դերում: Վերջինս 1915-1917-ին Տրապիզոնում ԱՄՆ հյուպատոսն է եղել: Նա Կ.Պոլսում ԱՄՆ դեսպանություն բազմաթիվ գրություններ է ուղարկել հայերի տեղահանություների վերաբերյալ:

Հաննա Հերցշպրունգը մարմնավորում է 1900-ին Բիթլիսում ծնված Թագուհի Անտոնյանին: «Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում արժանացել է Բավարական մրցանակի:

Էքի Հոֆֆմաննը հանդես է գալիս Էռնստ Քրիստոֆֆելի դերում: 1916-1919-ին Մալաթիայում եւ Սվազում հիմնադրել եւ ղեկավարել է կույր եւ հաշմանդամ հայ երեխաների որբանոց:

Բուրգհարդտ Կլաուսները մարմնավորել է Յակոբ Քյունցլերին: 1915-17-ին շվեյցարացի Քյունցլերը Ուրֆայում բժշկի օգնական էր: 1921-ին Պոդստամում հրատարակված իր «Արյան եւ արցունքի երկրում» գրքում պատմում է ականատեսի վկայությունները: Կլաուսները արժանացել է միջազգային մրցանակների, 2005-ինՙ Գերմանական կինոյի մրցանակին: Քյունցլերի դերակատար Բուրգհարդտ Կլաուսները ինտերնետի միջոցով է ճանաչել իր մարմնավորած կերպարը եւ հիացել նրանով: Հայկական հարցի մասին էլ իմացել է, բայց ոչ այսքան մանրամասն: Ինձ համար հետաքրքրական էր նաեւ տեղեկանալ, թե գերմանական ռայխը որքան իրազեկ է եղել իր դաշնակցի գործողություններին եւ ոչինչ չի ձեռնարկել: Նրա գնահատմամբ, «Աղետ»-ի նման ուրիշ նախագծեր էլ կան, բայց մինիմալիստական բեմադրությունը, որտեղ պատմությունը վերակենդանացնող բառերը, ուղղակիՙ առանց հագուստի ու ռեկվիզիտի օժանդակության, ակնդիրների հետ են խոսում, ուրիշ որակ է ձեռք բերում:

Յոախիմ Կրոլը հանդես է գալիս Վոլֆֆ Մեթթերնիխ ցուր Գրախտի դերում: 1915-16-ին եղել է Կ.Պոլսում կայզերական Գերմանիայի դեսպանը: Նա ճշգրիտ մանրամասնություներով գրառումներ է ուղարկել ռայխի կանցլերին եւ արտգործնախարարությանը: Խնդրել է կանցլերին գործածել Գերմանիայի ազդեցությունըՙ թուրքերին ճնշելու եւ կոտորածը կանգնեցնելու հարցում: 10 ամիս պաշտոնավարումից հետո նա թուրք գործընկերների ճնշումների պատճառով Բեռլին է կանչվել: Որպես լավագույն դերակատար Կրոլն արժանացել է Գերմանական կինոյի մրցանակին: «Աննա Ֆրանկ-իրական պատմություն» ֆիլմում գլխավոր դերակատարման համար 2001-ին ստացել է Emmy:

Շվեյցարացի դերասան, Ադոլֆ Գրիմմե մրցանակի արժանացած Շտեֆան Կուրտը մարմնավորել է ցեղասպանագետ Ռաֆայել Լեմկինին:

Պետեր Լոհմայերը Վիլհելմ Լիթթենի դերակատարն է: 1914-15-ին նա Թավրիզում կայզերական Գերմանիայի հյուպատոսության աշխատակից է եղել: Բաղդադից Հալեպ ուղեւորվելիս ականատես է եղել ցեղասպանությանը, գրառումներ է արել օրագրերում: Դերասան Լոհմայերը 1998-ին արժանացել է Գերմանական կինոմրցանակին, 2000-ինՙ Բավարական հեռուստատեսության, իսկ 2004-ինՙ Հանդիսատեսի մրցանակին է արժանացել: Կինոյի եւ հեռուստատեսության հանրածանոթ դերասան Աքսել Միլբերգը Հարրի Շթումերի դերում է հանդես գալիս: Շթումերը «Քյոլնիշե ցայթունգ»-ի թղթակիցն է եղել Թուրքիայում 1915-1917-ին: Իր թղթակցությունները, ինչպես նաեւ գերմանական կառավարությանը հասցեագրած հաղորդագրությունները հրատարակել է իբրեւ ականատեսի գիրքՙ «Պատերազմական երկու տարի Կ.Պոլսում: Գերմանա-երիտթուրքական բարոյականություն եւ քաղաքականություն» վերնագրով:

Ռալփ Միսսքեն հանդես է գալիս Յոհան Մորդթմաննի դերում: Յ. Մ. 1915-18-ին կայզերական Գերմանիայի գլխավոր հյուպատոսն էր Կ. Պոլսում: Նրա նշումներն ու հաղորդագրությունները պատմում են ցեղասպանության ընթացքի մասին: Միսսքեն խաղացել է ավելի քան 50 ֆիլմում, նաեւ ռեժիսոր է եւ հեղինակ:

2006-ին որպես լավագույն դերասան «Գոլդընը կամերայի» արժանացած Ուլրիխ Նոեթենը մարմնավորել է Արմին Թ. Վեգներին: Գրող, 1915-16-ին սպայական կոչումով սանիտար Վեգների հեղինակած լուսանկարները ցեղասպանության կարեւորագույն քրոնիկոնն են ամբողջացնում:

90-ից ավելի կինո եւ հեռուստատեսային ֆիլմերում խաղացած, բազմաթիվ մրցանակներ, դրանց թվում նաեւՙ 2009-ին Գերմանական կինոմրցանակը ստացած Անդրեաս Շմիդտը մարմնավորել է ամերիկացի հրատարակիչ եւ թղթակից Սամուել Ս. Մըքքլուրեին:

Կատարինա Շյութթլերը հանդես է գալիս շվեյցարացի բուժքույր, 1915-1917-ին Հալեպում փախստականների հարցերով օգնական Բեաթրիս Ռոհների դերում: Բուժքույրը այնտեղ ղեկավարել է մի որբանոց եւ ականատեսների վկայություններ է գրել իր նամակներում եւ հաղորդագրություններում: Դերասանուհի Շյութթլերը թատրոնի եւ կինոյի մի շարք մրցանակների դափնեկիր է, 2006-ին արժանացել է «Տարվա դերասանուհի» մրցանակին:

Շառլոտտե Շվաբը մարմնավորել է փախստականների հարցերով օգնական, 1903-1935-ին Ուրֆայում եւ Հալեպում դանիացի ուսուցչուհի Կարեն Եփփեի դերը: Դերասանուհին հարցազրույցներից մեկում պատմում է, որ ֆիլմի ամենադժվար մարտահրավերը աթոռի վրա նստած, Կարեն Եփփեինՙ Հայերի մայրիկին, ինչպես անվանում էին նրան, մարմնավորելն է եղելՙ ոչ խաղալ էր պետք, ոչ էլ սոսկ ընթերցանություն: «Մի սեւ սենյակ, մի սեւ աթոռ եւ ուրիշ ոչինչ: Դեմ հանդիման, մութի մեջ միայն Էրիկ Ֆրիիդլերն է նստած ու հարցեր է տալիս: Իսկ տեքստի հիշողություններն այնքան պատկերավոր են: Դժվարն այն էր, որ արտաքուստ ձեւականորեն խիստ էր, բայց բովանդակային տեսակետիցՙ անհավատալի զգացմունքային: Ես պիտի անէանայի Կարեն Եփփեի թիկունքում եւ չնայած դրանՙ նրա ձայնը պիտի լինեի», «Աղետ» ֆիլմի ստեղծագործական առանձնահատկությունների մասին է կարծիք հայտնում դերասանուհին Շվաբը:

Թոմաս Թիիմեն Վալտեր Ռյոսլերի դերում է հանդես գալիս: Ռյոսլերը 1914-1923-ին եղել է կայզերական Գերմանիայի հյուպատոսը Հալեպում: Բարձրաստիճան դիվանագետն իրազեկ էր ճշգրիտ տեղեկատվության: Նա գրել է բազմաթիվ հաղորդագրություններ, որոնք հաստատում են, թե հայերի սիստեմատիկ ոչնչացումը թուրք պաշտոնյաների ձեռամբ է եղել: Թոմաս Թիիմեն 2000-ին «Տարվա դերասան» մրցանակին է արժանացել: Խաղացել է հանրահայտ շատ ֆիլմերում, ինչպես օրինակՙ «Ուրիշների կյանքը», «Անկում»:

Հեռուստատեսային լեգենդար դեմքերից մեկը, հանդիսատեսին սիրելի Ֆրիդրիխ ֆոն Թհունը մարմնավորում է 1913-16-ին Կ. Պոլսում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուին: Նա վկան է եղել Հայոց ցեղասպանության եւ 1918-ին հեղինակել է «Դեսպան Մորգենթաուի պատմությունը» աշխատությունը: Մորգենթաուին մարմնավորած Ֆրիդրիխ ֆոն Թհունը ֆիլմի առթիվ կայացած հարցազրույցում պատմում է, թե ինքը Հայոց ցեղասպանության նյութին առնչվել է Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» կարդալով: Հիացած եմ, ասում է դերասանը: Խոսելով «Աղետի» մասինՙ նա նշում է այն, ինչ առանձնահատուկ է այս ֆիլմումՙ պատմական տեքստը հարցազրույցի միջոցով արդիական իրադրություն է դառնում: «Սա արվում էր այսօրվա ակնդիրներին պատմական իրադարձությունը հնարավորինս մերձեցնելու գիտակցությամբ: Ինձ համար սա արտակարգ հետաքրքրական փորձառություն էր»:

Հայ հանրությանը հայտնի Վիմ Վենդերսի, Ժան-Լյուկ Գոդարի ֆիլմերում խաղացած Հանց Ցիշլերը Լեսլի Ա. Դեվիսի դերակատարն է: Դեվիսը 1914-17-ին եղել է Խարբերդում ԱՄՆ հյուպատոսը: Հայոց ցեղասպանության մասին հաղորդագրությունները նա ընդգրկել է նաեւ իր«The Slaughterhouse Province.An American Diplomat՛s Report on the Armenian Genocide 1915 -17» գրքում: Ցիշլերը նաեւ կինոքննադատ է, գրական էսսեների հեղինակ: 2006-ին հիմնել է Alpheus հրատարակչատունը: 2009-ին արժանացել է Հայնրիխ Մանն մրցանակին:

Մամուլի գնահատականը, կարծիքներ

Ֆիլմի հեռարձակումից հետո գերմանական մամուլը դրական գնահատականներ հրապարակեցՙ «դիտարժան ֆիլմ է» («Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգ»), «արտասովոր հեռուստավավերագրություն» («Շպիգել»), «Ֆիլմն ինձ անքուն գիշեր է պարգեւել», հայտնել է «Շպիգելի» նախկին խմբագիրներից Շտեֆան Աուստը: «Ֆիլմերը քաղաքականություն են ստեղծում: Քաղաքական պայթուցիկ կա հայերի հանդեպՙ թուրքերի կատարած ցեղասպանությանՙ գերմանական վավերագրության մեջ» («Դի ցայթ»): «Աղետը» տպավորում է նաեւ նրանով, որ վերջում Թուրքիայի հնարավոր ԵՄ անդամակցության հարցը պայմանավորում է Հայոց ցեղասպանության ճանաչումով» («Դոյչլանդ կուլտուր»):

Գյունտեր Գրասն էլ է դիտել ֆիլմը: Թուրքիայումՙ մասնավորապես Ստամբուլում նա հայտարարել էՙ «Ամենալավն այն կլիներ, որ ֆիլմը ցույց տային թուրքական հեռուստատեսությամբ»:

Ֆիլմից հետո մեզ իրենց տպավորությունները փոխանցած մեր բոլոր զրուցակիցները նույն բանն էին ասումՙ հրաշալի ֆիլմ է: Համառոտ ներկայացնենք մասնագիտական երկու կարծիք: Բոխումի Սփյուռք եւ ցեղասպանություն ինստիտուտի հիմնադիր տնօրեն Միհրան Դաբաղի ասելով. «Ֆիլմը Գերմանիայի հասարակության վրա մեծ տպավորություն կթողու: Կատարվածը կարեւոր աշխատություն մըն է: Ռալֆ Ջորդանոյիՙ 1986-ին նկարահանած «Հայկական հարց այլեւս գոյություն չունի» ֆիլմից հետո վերահիշեցում մըն է: Երիտթուրքական գաղափարախոսությունն ալ ընդգրկող պատմական վերլուծական մոտեցումը հավանաբար ավելի լավ պիտի բացատրեր կատարվածը: Բայց դժվար է կարճ ժամանակի մեջ ամբողջը տեղավորել: Կուզեի ճշտելՙ այստեղ հայերը Օսմանյան կայսրության մեջ փոքրամասնություն նկատելը պերսպեկտիվի սխալ ընկալման պատճառ կդառնա: Կփափագեի, որ հուզումներեն անդին, Հայոց ցեղասպանությունը, ժողովուրդի մը պատմությունը ավելի վերլուծական, ինչպես Հոլոքոսթի պարագային կկատարվի, գիտական եւ մտավորական վերաիմաստավորման աղբյուր դարձնենք»:

«Հայ-գերմանական նամականի» գերմանալեզու ամսագրի խմբագիր Րաֆֆի Քանդյանն էլ «Աղետը» Ջորդանոյի ֆիլմի հետ է համեմատում: «Ֆիլմի կառուցվածքը շատ հաջող գտա, ասում է մեր զրուցակիցը: Առօրյայով սկսավ ու պատմությանն անցավՙ հեռուստադիտողի ուշադրությունը անոր վրա սեւեռելով»: Քանդյանը կարեւոր ձեռքբերում է համարում ֆիլմում 20-ից ավելի լավագույն դերասաններիՙ «ամեն օր տեսած դեմքերի» ընդգրկումը: Խմբագիրը նկատել է տալիս, որ ֆիլմում կային նաեւ պատմական դրվագներ, որ առաջին անգամ էին ցուցադրվում, օրինակՙ «Թալեաթի թաղումը ոչ մի տեղ ցույց չէին տվել: Կշիռ պիտի ունենա այս ֆիլմը, այն շահեկան ներդրում է»: Մեր այն դիտարկմանը, թե ֆիլմում բացակայում է մի հիմնարարՙ հայրենազրկման փաստը, միգուցե նաեւ այն պատճառով, որ Հայաստանը բավականաչափ երկար ժամանակ այն չի շրջանառել, պարոն Քանդյանը հարցրեց ՙ մի ֆիլմից 10 բան սպասելը որքա՞ն իրապաշտ է:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4