«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2010-04-22 | #73, 2010-04-23 | #74, 2010-04-24


ՎԵՐՋԱԿԵՏՎՈՂ ԵՂԵՌՆ

Այսօր էլ հիշողությանս մեջ դեռ արցունքի նման թաց տատիս աչքերն են մնացել, նրա խորշոմած ձեռքերը, անչափ մաշված մատի արծաթյա մատանին, որի հետ հաճախ էի խաղում, բայց երբ փորձում էի մատից հանել, արգելում էր. «Մշո նշանիս մատնին է, լաո՛, ձեռք մի տուր»: Եվ մեկ էլ ամենօրյա երգը, որ մենք էլ էինք անգիր արել. «Թաու դարդեր, թաու դարդեր...»: Տատս Մուշից էր փախել իր ընտանիքի հետ ու ճանապարհին քոչից հետ մնալովՙ կորցրել էր հղի քրոջը, որ ծանրացած լինելովՙ չէր կարողացել փախչել: Տատս խնդրել է, որ միանա իրենց, որ մի հասնեն քոչից, բայց քույրն անկարող լինելովՙ համոզել է տատիս, որ թողնի իրեն ու հասնի երեխաներին ու ամուսնուն, իսկ ինքը ոսկյա գոտի ունի, կտա ռուս զինվորներից մեկին եւ կխնդրի իրեն սայլով տեղափոխել: Տատս այդպես էլ չգտավ քրոջը: Հիմա եմ հասկանում տատիս ցավը, երբ ձեռքիցս բռնած գնում էինք շուկա եւ ամեն մի գնում կատարելիս հետաքրքրվում, թե որտեղից է, իսկ եթե մշեցի էին լինում, հարցուփորձ էր անում իր քրոջից: Եվ ամեն անգամ շուկայից վերադառնալիս անուշաբույր մրգերի ու թարմ կանաչու հոտը ծանրացած էր լինում տատիս հեռավոր թախիծով ու մոխրացած կարոտով: Հիմա եմ հասկանում, թե ինչու էր տատս մեզ ամեն օր պատմում իր տեսած գաղթի մասին ու թաքուն արտասվում: Մենք մի մաքուր էջ էինք իր համար, որի վրա նա ամեն օր իր վիշտն էր գրումՙ վերջակետ դնելով անցյալին, բայց մի՞թե Եղեռնը ենթարկվում է վերջակետերին: Շատ կուզենայի վերջակետել տատիս թախիծը, բայց այսօր էլ ստորակետել եմ եւ կանգնել: Ո՞ւր է այդ վերջակետը, այնպես եմ ուզում այն ավարտել «Սեր եւ խաղաղություն» բառերով, որ տատիս անհուն վիշտը չմնա որպես եղեռնի հուշակոթող: Փոքր էի եւ չէի հասկանում այդ վշտի մեծությունը, բայց ինձ էլ էր համակում նրա թախիծը, որը փարատելու համար գլուխս դնում էի տատիս գաղթական գոգնոցին եւ գրկում նրա վշտի մի մասը: Ժպտում էր տատսՙ փարատելով իր ծերացած թախիծը իմ պատանեկության մեջ, եւ տատ ու թոռ իրար գրկածՙ երգում էինք հեռու Մուշից բերած իր «Թաու դարդեր, թաու դարդեր» մահվան մեղեդին, որ տարիներ հետո, ամեն ապրիլի 24-ին ես կախում էի Ծիծեռնակաբերդի խոնարհված կամարներից եւ հավատում, որ մի օր կվերջակետվի տատիս հայկական թախիծը աշխարհի մարդկանց ձեռքով, այն մարդկանց, որոնց շուրթերից մեղրի նման կկաթի «Հայր մերը»:

ՍՈՒՍԱՆՆԱ ԳԱԼՍՏՅԱՆ, Ազգային գրադարան, մատենագետ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4