Վերջերս Մինսկում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում գերազանց ելույթներ ունեցան հայ ծանրորդներըՙ նվաճելով 7 ոսկե, 8 արծաթե, 4 բրոնզե մեդալ: Մեր ծանրորդների ելույթները խնդրեցինք գնահատել ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, միջազգային կարգի մրցավար Փաշիկ Ալավերդյանին:
- Մեր որոշ ծանրորդներ քաշային նոր կարգերում հանդես եկան: Ինչպե՞ս եք գնահատում նրանց ելույթները, նրանք իրենց լիովին դրսեւորեցի՞ն:
- Ընդհանուր առմամբ Հայաստանի հավաքականը գերազանց հանդես եկավ: Մեդալների նման առատությամբ աչքի էր ընկել 2006-ին Ստրասբուրգում կայացած Եվրոպայի առաջնությունը, որում հայ ծանրորդները 18 մեդալ էին նվաճել: Քաշային նոր կարգումՙ մինչեւ 69 կգ ծանրորդուհիների մրցավեճին մասնակցած Մելինե Դալուզյանը վերջապես լրիվ ապաքինվել է հիվանդությունից եւ բավական հաջող ելույթ ունեցավ: Տիգրան Մարտիրոսյանը դեռեւս անցյալ տարի էր տեղափոխվել մինչեւ 77 կգ քաշային կարգ եւ Մինսկում նա կրկին դրսեւորեց իր վարպետությունըՙ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն: Զգալի առաջընթաց է ապրել Գեւորգ Պողոսյանը, որը 85 կգ քաշային կարգում չեմպիոն հռչակվեցՙ բարելավելով նախորդ տարվա ցուցանիշը: Արա Խաչատրյանն էլ երկարատեւ ընդմիջումից հետո վերադառնալով մրցահարթակ, ուրախացրեց իր վստահ ելույթով: Հռիփսիմե Խուրշուդյանը չցանկացավ տեղափոխվել ավելի բարձր քաշային կարգ: Արդեն 4 տարուց ավելի է, նա նույն քաշային կարգում է հանդես գալիս եւ մենք զգում ենք, որ աստիճանաբար նա կարծես զիջում է իր դիրքերը: Հավանաբար աշխարհի առաջնությունում նա քաշային կարգը կփոխի: Թեեւ Արթուր Բաբայանը մեդալ չնվաճեց, սակայն նա էլ զգալիորեն բարելավեց ցուցանիշները:
- Մեզ բոլորիս ուրախացրեց հատկապես պատանի Սմբատ Մարգարյանի ելույթը: Մի պահ թվաց, թե Եվրոպայի չեմպիոն հռչակված բելառուսցի ծանրորդը չֆիքսեց քաշը ու Սմբատից կարծես թե «գողացան» ոսկե մեդալը: Դուք առաջնությունը սպասարկող մրցավարական կազմի մեջ էիք: Ի՞նչ կասեք այդ առնչությամբ:
- Սմբատն իրոք շատ տաղանդավոր ծանրորդ է, 17-ամյա հրաշամանուկ: Անցյալ տարի նա չորս անգամ մեկնարկի էր դուրս եկել եւ երեքում հաղթող էր ճանաչվել, իսկ աշխարհի պատանեկան առաջնությունում 2-րդ տեղն էր գրավել: Նա մշտապես առաջադիմում է, քրտնաջան աշխատում է եւ արդյունքն իրեն սպասեցնել չի տալիս: Որպես մրցավար կարող եմ ասել, որ բելառուսցի ծանրորդի ելույթի ժամանակ սխալ կար, ուստի կարելի էր մոտեցումը չհաշվել: Առաջին պահին ֆիքսացիա կար, հետո սկսեց քայլել: Հենց դա ոմանց մոտ տարաձայնության տեղիք տվեց: Նախկինում անհրաժեշտ էր ծանրաձողը գլխավերեւում անշարժ պահել նվազագույնը 3 վրկ, հիմա դա չի գործում, բավական է մեկ ակնթարթը, որպեսզի քաշը ֆիքսվի: Դրա համար մրցավարները պետք է արագ արձագանքեն: Ամեն դեպքում տան պատերն օգնեցին բելառուսցի ծանրորդին:
- Մեր մյուս երիտասարդ ծանրորդ Ռուբեն Ալեքսանյանն էլ ուրախացրեց:
- Ռուբենը 2-րդ անգամ էր մասնակցում մեծահասակների Եվրոպայի առաջնությանը: Անցյալ տարի Բուխարեստում նա պոկում վարժությունում 192 կգ-ը բարձրացնելիս վնասել էր ուսը, իսկ Մինսկում 195 կգ-անոց ծանրաձողը գլխավերեւում պահեց: Հրում վարժությունում էլ նա գերազանցեց իր ցուցանիշը եւ մինչեւ վերջ պայքարեց ռուսաստանցի Չիգիշեւին շրջանցելու համար: Սակայն այս անգամ դա նրան չհաջողվեց: Սակայն Ռուբենը դեռեւս երիտասարդ է ու ամեն ինչ առջեւում է: Սովորաբար գերծանր քաշային ծանրորդները 24-25 տարեկանից հետո են բարձր արդյունքներ ցույց տալիս:
- Նախնական տվյալներով Առաքել Միրզոյանն էլ պետք է մասնակցեր առաջնությանը:
- Նա մասնակցել էր հավաքականի առաջին հավաքին, հետո պատրաստվում էր անհատական ծրագրով: Սակայն վերջին պահին որոշեց չմասնակցել առաջնությանը: Պատճառն ինքն ու իր մարզիչը ստույգ կասեն:
- Նազիկ Ավդալյանի վիճակն ինչպիսի՞ն է:
- Նա ցավեցրել էր ձեռքը, ուստի նպատակահարմար գտան, որ բաց թողնի Եվրոպայի առաջնություննՙ աշխարհի առաջնությանն ավելի լավ նախապատրաստվելու նպատակով:
- Մրցումների մասնակցությունը շա՞տ է ծանրաբեռնում ծանրորդներին:
- Իհարկե, ծանրաբեռնվածությունը շատ մեծ է: Այդ պատճառով սովորաբար ծանրորդները տարեկան 2 մրցումից ավելի չեն մասնակցում: Օրինակ, Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը, Գեւորգ Դավթյանը բաց թողեցին Եվրոպայի առաջնությունը եւ պատրաստվում են աշխարհի առաջնությանը:
- Մինսկում Հայաստանի հավաքականը թերի կազմով հանդես եկավ: Աշխարհի առաջնությունում ինչպիսի՞ն կլինի մեր թիմի կազմը:
- Նախ ասեմ, որ սեպտեմբերին Անթալիայում կայանալիք աշխարհի առաջնությունը վարկանիշային է 2012-ի Լոնդոնի օլիմպիադայի ուղեգրերի համար, ուստի Թուրքիայում մասնակցելու ենք լրիվ կազմովՙ 8 ծանրորդ, 7 մարզուհի: Եթե հաջողվի այս եւ մյուս տարվա աշխարհի առաջնությունների ընդհանուր արդյունքով թիմային հաշվարկում տեղ զբաղեցնելու լավագույն վեցնյակում, ապա Լոնդոնում իրավունք կունենանք ներկայանալ առավելագույն քանակի ծանրորդներովՙ 6 տղա, 4 աղջիկ: Իհարկե, մենք քաշային բոլոր կարգերում չունենք մեդալի հավակնորդներ: Փոխարենը սուր մրցակցություն է ծավալվել մինչեւ 77 եւ 85 կգ քաշային ծանրորդների միջեւ: Ուստի քաշային այդ կարգերում երեւի 2-ական ծանրորդ հանդես գա: Գեւորգ Պողոսյանն էլ կտեղափոխվի մինչեւ 94 կգ քաշային կարգ: Ամեն դեպքում Եվրոպայի առաջնությունում գերազանց ելույթները հույս են ներշնչում, որ Անթալիայում էլ հայ ծանրորդներն իրենց երկրպագուներին ուրախանալու շատ առիթներ կտան:
- Մինչեւ աշխարհի առաջնության մեկնարկը մեր ծանրորդներին ի՞նչ նոր փորձություններ են սպասում:
- Մայիսի 16-23-ը Իսպանիայի Վալենսիա քաղաքում կկայանա Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Հաջորդ ամիս Սոֆիայում տեղի կունենա աշխարհի երիտասարդական առաջնությունը: Իսկ օգոստոսի 14-26-ը մեր երկու լավագույն պատանի ծանրորդները կմասնակցեն Սինգապուրում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերին: Այնպես որ այս մրցաշրջանն էլ մեր ծանրորդների համար բավական հագեցած է: Առաջին լուրջ մրցումը Հայաստանի պատվիրակների համար շատ հաջող էր: Հուսանք, որ առաջիկա մրցումներից էլ մեր ծանրորդները մեդալների հարուստ ավարով տուն կվերադառնան:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ